03.10.2012 19:35

Կառավարությունը մտահոգված է ՌԴ-ում վերաբնակեցման ծրագրո՞վ

Կառավարությունը մտահոգված է ՌԴ-ում վերաբնակեցման ծրագրո՞վ

Հոկտեմբերի 3-ին՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի օրը, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձավ ՌԴ-ի կողմից վերաբնակեցման «Համեկրացիներ» ծրագրին, ըստ որի՝ ցանկացողները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ընդունեն ՌԴ քաղաքացիություն ու վերաբնակեցվեն ՌԴ-ում:
«Այդ ծրագրին արդեն միացել է 26 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից ՌԴ արդեն մեկնել է մոտ 1500-ը: Գյումրիում ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցները տարեսկզբից բոլոր ցանկացողների համար ամիսը երկու օր կազմակերպում են ընդունելության օրեր: Մենք պայքարում ենք հոգեորսության դեմ, սակայն իրականում ականատես ենք լինում ՌԴ-ի կողմից մարդաորսության: Պարոն վարչապետ, դուք մտահոգություն եք հայտնել այս հարցի վերաբերյալ, սակայն Կառավարությունից մենք ակնկալում ենք ոչ միայն մտահոգություն, այլ նաև հստակ գործողություններ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Ի պատասխան ՝ Տիգրան Սարգսյանը ասաց, որ Կառավարությունը միայն հայտարարություններով չի բավարարվում:
«Այս հարցը քննարկվել է ռուս մեր գործընկերների հետ վերին ատյաններում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Մեր պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. ՌԴ-ի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այս պետական ծրագիրը ՀՀ-ում այս ձևով և այս ֆորմատով մեզ համար ընդունելի չէ, և մենք համաձայնությոուն չենք տվել, որ այս ծառայությունը ծավալվի հանրապետությունում»,- ասաց վարչապետը՝ այդպես էլ չնշելով հստակ գործողություններ Հայաստանում այդ ծրագիրը կանխելու համար: