03.10.2012 19:43

Վարչապետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց գազի հնարավոր թանկացումը

Վարչապետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց գազի հնարավոր թանկացումը

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետին ուղղված հարցը վերաբերում էր այն խնդրին, որ 2011 թվականի բյուջեի կատարողականով հանդես գալիս վարչապետն ասել է, թե բյուջեի ծախսերը կատարվում են թափանցիկ, արդյունավետ:
«Պարոն Սարգսյան, դուք հեռուստատեսություն չե՞ք նայում, կամ Youtube չե՞ք դիտում: Եթե ուշադիր դիտեիք, կտեսնեիք, որ սեպտեմբերի 15-ին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ Սերժ Սարգսյանը, մասնավորապես դիմելով ձեզ, ասել է. «Տիգրան, ես շատ դժգոհ եմ կառավարության գործունեությունից». խոսքը վերաբերում էր ատկատներին, բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը: Այստեղ արդեն հակասություն է առաջանում. կան ատկատնե՞ր, թե՞ արդյունավետ էր ծախսվում: Թե ասում եք՝ արդյունավետ՝ նկատի ունեք նաև ատկատների՞ արդյունավետությունը», - հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց.
«Իմ ելույթում, երբ ես ներկայացնում էի 2011 թվականի բյուջեի հաշվետվությունը, ես նաև նշեցի, որ մեր բյուջետային ծախսերն իրականցվում են թափանցիկ: Աշխարհում շատ քիչ պետությունների շարքում ենք, որ օնլայն ռեժիմով մեր բյուջետային ծախսերը հասանելի ենք դարձնում մեր քաղաքացիների համար, և այդ գործառույթի տեսակետից իսկապես ապրում ենք առաջընթաց, և այդ տեսակետից մենք ունենք շատ լավ ներդրված համակարգ: Դա ամենևին չի նշանակում, որ մենք չունենք թերություններ, բացթողումներ հենց գնումների ոլորտում, և ես ուրախ եմ, որ դուք ուշադրությամբ հետևում եք այն բացահայտումներին, որ մենք իրականացնում եք, ինքներս բացահայտում ենք մեր բացթողումերը, թերությունները: Մենք ինքներս ենք այդ մասին խոսում, և դա է երաշխիքը, որ մենք այդ բոլոր բացթողումներն ու թերությունները կկարողանանք ժամանակին լուծել»:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցին, թե հանրությանը հետաքրքրում է՝ որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այն տեղեկությունը, որ առաջիկայում գազի գնի թանկացումն անխուսափելի է, ուղղակի կառավարությունը սպասում է, որ այդ իրադարձությունը գլուխ կբերվի կամ տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո: Կարո՞ղ եք երաշխավորել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գազի գինը չի փոխվի, վարչապետը պատասխանեց. «Այսօր էներգետիկայի նախարարությունը բանակցային գործընթացում է գտնվում իր ռուս գործընկերների հետ, որովհետև բացի գազի գնից՝ նաև այլ խնդիրներ կան, որոնք վերաբերում են օրենսդրությանը, և երբ այդ բանակցությունները կավարտվեն, դրա մասին տեղեկատվությունը ձեզ կտրամադրվի: Գազի գնի որոշումը տեղի է ունենում համապատասխան կանոնների ներքո, գոյություն ունեն ՌԴ-ի կողմից սահմանված խաղի կանոններ, և, բնականաբար, ամեն տարի սկսվում է բանակցային գործընթաց»:
Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց, որ վարչապետը իրականում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց գազի գնի հնարավոր թանկացումը: