19.04.2013 16:20

ԱՄՆ դեսպան. Ավիացիայի ոլորտում մրցակցության բացակայությունը խոչընդոտում է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

ԱՄՆ դեսպան. Ավիացիայի ոլորտում մրցակցության բացակայությունը խոչընդոտում է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

Դեպի Հայաստան կատարվող օդային ուղեւորափոխադրումների գները բարձր են, իսկ ուղիղ չվերթների փոքր թիվը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում՝ խոչընդոտելով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ըստ ARKA գործակալության, խնդրին նվիրված ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշել է, որ, թեեւ տուրիստական փաթեթի առանձին բաղադրիչներ թանկ են, փոխարենը՝ այլ բաղադրիչներ, օրինակ հյուրանոցների գները, էժան են:

«Բայց եթե Հայաստան ուղեւորվող զբոսաշրջիկը պետք է, ասենք, Վիեննայում 15 ժամ սպասի իր օդանավին, նա այլեւս այստեղ չի գա», - նախարարին հակադարձել է դեսպան Հեֆերնը:

2012-ին երեք խոշոր եվրոպական ավիաընկերություններ՝ «British Airways»-ը, «LOT-Polish Airlines»-ը եւ լատվիական «Air Baltik»-ը, դադարեցրել են չվերթները դեպի Հայաստան:

«Բարձր գները, ավիացիայի ոլորտում մրցակցության բացակայությունը խոչընդոտ են հանդիսանում՝ Հայաստանի զբոսաշրջության համար», - ասել է դեսպան Հեֆերնը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին օդային սահմաններն ազատականացնելու հարցում, քանի որ ԱՄՆ-ը եւ USAID-ը կարեւորում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը, ինչը կհանգեցնի աշխատատեղերի ավելացմանը հատկապես Հայաստանի մարզերում:  

«ԱՄՆ շահն այն չէ, որ Հայաստանի շուկայում հայտնվեն ամերիկյան ավիափոխադրողները, այլ այն, որ Հայաստանում տուրիզմը զարգանա՝ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի», - ասել է դեսպանը: