19.04.2013 20:19

Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ տեսաֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին

Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ տեսաֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին

Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը բացառիկ տեսաֆիլմ է ցուցադրելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ: Հեռուստաընկերության ներկայացուցիչները Հենրիխ Մխիթարյանին նկարահանել են Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել են Ֆրանսիայում Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում: 

Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ: Եվ այսպես. Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում լինելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: