20.04.2013 21:10

Հյուսիսային պողոտայի ստորգետնյա կայանատեղերում «Տաշիրի Սամոն» առեւտրի կենտրո՞ն կկառուցի

Հյուսիսային պողոտայի ստորգետնյա կայանատեղերում «Տաշիրի Սամոն» առեւտրի կենտրո՞ն կկառուցի

Հյուսիսային պողոտայի կառուցման շրջանում հայտարարվում էր, որ պողոտայի տակ կառուցվող երկհարկանի կայանատեղին ծառայելու է շրջակա շենքերի բնակիչներին, ինչպես նաեւ՝ թեթեւացնելու է հարակից փողոցների երթեւեկությունը: Սակայն, այսօր Պողոտային երթեւեկելի հատվածը կայանված ավտոմեքենաների քանակով չի տարբերվում Կենտրոնի մյուս փողոցներից: Սա այն դեպքում, երբ ստորգետնյա երկհարկանի կայանատեղիի վերին հարկը սովորաբար կիսադատարկ է, իսկ ստորին հարկում մեքենա գրեթե չի կայանում: Մարդիկ նախընտրում են կայանել նեղ ու մարդաշատ փողոցի մայթերին (մանավանդ, որ ոչ ոք նրանց չի արգելում, ինչպես, օրինակ, արգելում են կայանել Օպերայի շրջակայքում), քան իջնել չլուսավորվող ու գարշահոտ ստորգետնյա կայանատեղի: 

Քաղաքային իշխանությունները, վերգետնյա հատվածում կայանված ավտոմեքենաների հարցը լուծելու փոխարեն, որոշել են իրենց հարմար ձեւով օգտագործել ստորգետնյա կայանատեղիները: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ փակված են ստորգենտյա կայանատեղիների ելքերը: Դեպի պողոտա բարձրացող աստիճանահարթակները թիթեղով ծածկել են, իսկ ներքեւում շինարարություն է ընթանում: iLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանը որոշել է ստորգետնյա կայանատեղին վերածել առեւտրի կենտրոնի: Ներդրումը կատարում  է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը՝ «Տաշիրի Սամոն»:

Տեսակետ կա նաեւ, որ Հուսիսային պողոտայի կայանատեղիները կրճատելով՝ իշխանությունները փորձում են ավտոմեքենաների հոսքն ուղղել Ազատության հրապարակի տակ գործող կայանատեղի, որը, չնայած բոլոր ջանքերին (հարակից փողոցներում ավտոտեսուչները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝փողոցներին կայանելը թոյլ չտալու համար) նույնպես կիսադատարկ է մնում շատ պարզ պատճառով՝ թանկ է (1 ժամը՝ 200 դրամ):

Այն, ինչ կատարվում է Հյուսիսային պողոտային ստորգետնյա կայանատեղիների պարագայում, լիովին մտնում է քաղաքային իշխանությունների նախընթաց գործելակերպի «տրամաբանության» մեջ. Նախ՝ տարիներով անտերության է մատնվում տվյալ հանրային տարածքը՝ այգին, շենքը, կայանատեղին, գետնանցումը, ապա՝ փոխում են տարածքի նշանակությունը՝ հիմնականում դարձնելով առեւտրի օբյեկտ՝ պատճառաբանելով, թե՝ «ինչ է եղե՞լ որ, աղբանոցը քաղաքակիրթ վայր ենք դարձնում»: Նույն կերպ անցյալ տարի բացատրում էին Մաշտոցի պուրակում կրպակներ տեղադրելու, Ծածկած շուկան քանդելու թույլտվությունը եւ շատ ու շատ այլ դեպքեր:   

Կարելի է պատկերացնել, թե ինչ պատկեր կլինի Պողոտայում եւ հարակից փողոցներում, եթե ստորգետնյա առեւտրի կենտրոն կառուցելու ծրագիրն իրականանա: Բացի նրանից, որ «գետնի տակ» կայանող փոքրաթիվ ավտոմեքենաները ստիպված կլինեն կայանել վերեւում, դրանց կգումարվեն նաեւ կառուցվելիք առեւտրի կենտրոնի աշխատակիցների եւ հաճախորդների ավտոմեքենաները:

Փաստորեն, քաղաքային իշխանությունները, Կենտրոնը բեռնաթափելու մասին հայտարարություններ անելով, իրականում տրամագծորեն հակառակ գործողություններ են կատարում: