21.04.2013 18:02

«ԲԿՄԱ»-«Սպարտակ». Մովսիսյանի թիմը բաց թողեց հաղթանակը. Տեսանյութ

«ԲԿՄԱ»-«Սպարտակ». Մովսիսյանի թիմը բաց թողեց հաղթանակը. Տեսանյութ

Իրադարձություներով հարուստ ստացվեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը եւ մոսկովյան դերբիներից ամենաանհաշտը՝ ԲԿՄԱ-«Սպարտակ»:

Երկու թիմերի համար հանդիպումը՝ բացի սկզբունքային լինելուց, կարեւոր էր նաեւ մրցաշարային առումով. բանակայինները մրցաշարի առաջատարն են եւ պետք է պահպանեին իրենց դիրքերը, իսկ «Սպարտակը» հաղթանակի դեպքում կարող էր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ստանար: Նշենք, որ խաղն ընթացավ լեփ-լեցուն տրիբունաների ներքո:

Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ «Սպարտակը» դասեր է քաղել նախորդ տուրերի անհաջողություններից եւ գործում էր բավական կազմակերպված, վստահ եւ ոչնչով չէր զիջում մրցակցին:

Առաջին խաղակեսի վերջում «Սպարտակի» կիսապաշտպան Մակգիդին գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսի հենց սկզբում Արին եզրափակեց գրոհը, որը սկսել էր Յուրա Մովսիսյանը՝ 2:0: Այս գոլից անմիջապես հետո Մովսիսյանը խնդրեց իրեն փոխարինել, քանի որ վնասվածք էր ստացել: Դա «Սպարտակի» երկրորդ կորուստն էր խաղում. առաջին խաղակեսից հետո փոխարինվել էր Մակեեւը:

Միայն 2-րդ գոլը բաց թողնելուց հետո բանակայինները մեծացրին իրենց գրոհների թափը: 51-րդ րոպեին ԲԿՄԱ-ի հարձակվող Վագներ Լավը չիրացնել 11 մետրանոց հարվածը: 74-րդ րոպեին Մուսան Լավի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը:  Իսկ արդեն լրացուցիչ ժամանում բանակայիննները եւս մեկ 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն այս անգամ անվրեպ իրացրեց Ալան Ձագոեւը եւ խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:0:  

Հանդիպման լարվածությունն այնքան մեծ էր, որ խաղից հետո երկար ժամանակ կրքերը դեռ չէին հանդարտվում: «Սպարտակի» ֆուտբոլիստները եւ գլխավոր մարզիչ Կարպինը պարզապես աքցանի մեջ էին առել մրցավարին՝ վերջինիս մեղադրելով ԲԿՄԱ-ի օգտին գործելու մեջ: Ի վերջո, մրցավարը միայն ոստիկանների աջակցությամբ կարողացավ հեռանալ խաղադաշտից:  

Այս խաղից հետո «Սպարտակը» վաստակեց 41 միավոր եւ «Ռուբինի» հետ կիսում է 4-5-րդ տեղերը: ԲԿՄԱ-ն ունի 57 միավոր: Երկրորդ տեղում է «Զենիթը»՝ 50 միավոր, սակայն մեկ խաղ պակաս:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր 

ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 2:2

Ահմեդ Մուսա, 74, Ալան Ձագոեւ, 90+3 – Էյդեն Մակգիդի, 42, Արի, 46

Հեռացում՝ Ռաֆայել Կարիոկա, 90+4 («Սպարտակ»)