22.04.2013 14:09

Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել իր սկանդալային արարքի համար. Տեսանյութ

Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել իր սկանդալային արարքի համար. Տեսանյութ

Հերթական անգամ սկանդալային արարքով է աչքի ընկել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Անգլիայի Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպման (2:2) 68-րդ րոպեին Սուարեսը մրցակցի տուգանային հրապարակում կծեց «Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը: Այդ դրվագը դուրս էր մնացել մրցավարներ տեսադաշտից, փոխարենը այն նկատել էին հեռուստախցիկները:

Սուարեսի այս արարքը քննադատության ալիք առաջացրեց ամբողջ աշխարհում: Մանավանդ, որ արդեն մեկ անգամ ուրուգվայցին, երբ խաղում էր «Այաքսի» կազմում, կծել էր իր մրցակցի խաղացողին:

Այժմ Սուարեսին որակազրկում է սպասվում, թեպետ նա արդեն հրապարակավ ներողություն է խնդրել միջադեպի համար. «Խիստ ցավում են միջադեպի համար: Ցանկանում եմ ներողություն խնդրել Իվանովիչից եւ ֆուտբոլային աշխարհից իմ անթույլատրելի արարքի համար: Խնդրում եմ ներել»,- գրել է Սուարեսն իր տվիտերում:

Նշենք, որ Սուարեսը բոլոր առումներով դարձավ հանդիպման հերոսը: Հենց նա հանդիպման վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվը եւ «Լիվերպուլը» խուսափեց պարտությունից: