22.04.2013 16:26

Լիզա Ճաղարյան. Շատ բարի հեքիաթ կանաչեղեն սիրող չոռիկների մասին

Լիզա Ճաղարյան. Շատ բարի հեքիաթ կանաչեղեն սիրող չոռիկների մասին
Կոլաժը՝ «Ավելի լավ Երևան ԱՌԱՆՑ Տարոն Մարգարյանի» ֆեյսբուքյան էջից

Կար-չկար, մի կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղա կար: Տղա էր էլի` բռնում էր թիթեռ, սիրում ծաղիկներ, սահնակով սղղալ, երգել ու խաղալ: Բայց խաղուպարից, սահնակ-թիթեռից, ծաղկից առավել` էս տղան կանաչ գույն էր սիրում: Էդպես, էս մեր թաղի տղան անկախ իրենից մեծացավ, ու մի օր էլ անկախ իրենից պարզեց, որ ինքը պապայի տղա է: Ու քանի որ ինքը պապայի տղա էր, հետն էլ` թաղի տղա էր, անկախ իրենից թաղի տղայից դարձավ թաղապետ:

Ու քանի որ էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղան թաղի տղա էր, համ էլ պապայի տղա էր, համ էլ թաղապետ էր, ինչը նշանակում է, որ կանաչ գույն շատ էր սիրում, սկսեց կանաչեղեն ցանել իրենց թաղում:

Էս տղայի մասին լուրը հասավ մինչեւ Չինումաչին` բա չեք ասիլ, սենց ու սենց, մի հատ Հայաստան կա էս աշխարհքումը, էս Հայաստանը մի հատ մայրաքաղաք ունի, էս մայրաքաղաքը մի թաղ ունի, էս թաղը մի թաղապետ ունի, որը կանաչեղեն է ցանում: Էս Չինումաչինում ուրախացան, աշխարհքով մեկ եղան, բայց ձեռներին ճար չկար. Էդ կարմիր էրեսով ու կլոր գանգատուփով տղան, անկախ իրենից, Հայաստանում էր ծնվել: Էս Չինումաչինում նստեցին ծունկ ծնկի, մի քիչ բրինձ կերան ու մի լա~ց դրեցին, մի լա~ց դրեցին: էնքա~ն լաց եղան, էնքա~ն լաց եղան, էնքա~ն լաց եղան, որ մեկ էլ տեսան` իրենց արցունքներից մի լիճ է գոյացել, անունն էլ` Փարվանա: …Չէ, սա ուրիշ հեքիաթից էր:

Վերջը, Չինումաչինին թողնենք` իրենց դարդերով տապակվեն իրենց բրնձաստաններում, վերադառնանք մեր թաղերը: Ուրեմն, էս մեր թաղերին չոռն էր պատել անգյուման, ու գլխավոր Չոռը մտածեց` չբերե՞նք էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղային նշանակենք քաղաքապետ, ու հենց ժողովուրդն ասի` նենց չոռ կպչի ձեզ, որ վերանաք էս երկրի էրեսից, իրենք էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղային գցեն առաջները, որ իրենց չոռոտ էրեսներին ժողովուրդը չթքի:

Էդպես էլ արեցին:

Բայց էս գլխավոր Չոռը մի բան հաշվի չէր առել: Ինքը չգիտեր, որ էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղան մի անգամ, երբ դեռ մանուկ էր, բռնում էր թիթեռ, սիրում ծաղիկներ եւ այլն, մի անգամ նայել էր հայելու մեջ ու ասել. «Ասա դու ինձ, հայելի, ո՞վ կա ինձնից ավելի արմաղ-շարմաղ սիրելի»: …Չէ, սա էլ էր ուրիշ հեքիաթից:

Էս գլխավոր Չոռը գիտե’ր, որ էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղան խաղուպարից, սահնակ-թիթեռից, ծաղկից առավել` շատ փող է սիրում, էն էլ` կանաչ գույնի: Գլխավոր Չոռի ու մնացած չոռիկների նման: Բայց հաշվի չէր առել գլխավոր Չոռը, որ դրա մասին գիտեր նաեւ ժողովուրդը: Գլխավոր Չոռը նաեւ հաշվի չէր առել, որ էդ փողը, որ ինքն ու իր չոռիկներն էդքան շատ սիրում ու կուտակում էին իրենց սնդուկներում, ժողովուրդը գիտեր, որ իր փողն է, ոչ թե գլխավոր Չոռինն ու չոռիկներինը: Էն կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղայի փողերն էլ հետը:

Եւ երբ գլխավոր Չոռն ու մնացած չոռիկները էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղային առաջները գցած իրենց պալատներից դուրս եկան, ժողովուրդը գոռաց` սիրուն չի, չէէէէէէ, սիրուն չի, սի’-րու’ն չի’, սի’-րու’ն չի’, սի’-րու’ն չի’, սի’-րու’ն չի’, սի’-րու’ն չի’…

Էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղան էդտեղից քոռուփոշման փախավ իրենց թաղը, իրենց թաղի տղերքից մեկին ասաց` մի հատ թռիր, հայելի ճարիր էս սհաթին: Թաղի տղերքից մեկը թռավ, էդ սհաթին մի հայելի ճարեց, բերեց-տվեց… Էդ տալն էր որ տվեց, էդ նայելն էր որ նայեց էս կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղան: Նայեց հայելու մեջ ու ուշքը գնաց: Գնաց ու գնաց: Ինչ ճամփով գնաց, ոնց գնաց, ինչու գնաց, ոչ մեկը չգիտի: Նույնիսկ էն թաղի տղերքից մեկը չգիտի:

Ասողներ կան, որ գնացել է Չինումաչին, բայց դե` արի ու էդ Չինումաչինում հարցրու` տեսե՞լ եք, արդյոք, թե ուր գնաց էն մեր կարմիր էրեսով, կլոր գանգատուփով տղայի ուշքը: Չլինելիք բան է` մի անծայրածիր Չինումաչին ու անհաշիվ չինումաչինցիներ: Դրա համար էլ այն օրվանից սրա համար կղզին կոչվեց Ախթամար: …Չէ, էս էլ էր ուրիշ հեքիաթից:

Երկնքից երեք խնձոր ընկավ: Մեկը գլխավոր Չոռի գլխին, մյուսը` մնացած չոռիկների գլխին, սրանց ուշքը տեղնուտեղը գնաց էն նույն ճամփով, որով գնացել էր էն կարմիր էրեսով ու կլոր գանգատուփով տղայի ուշքը: Երրորդն էլ ընկավ ժողովրդի գլխին: Ժողովուրդը վերցրեց խնձորն ու շատ ախորժակով-հավեսով կերավ:

Դու մի ասիլ, էս երկու խնձորի մեջ քար կար: Ով էր դրել էդ քարերը խնձորների մեջ, իմ ինչ գործն է: Ես ընդամենը հեքիաթասաց եմ, երկնային գործերին չեմ խառնվում:

Լիզա Ճաղարյան