24.04.2013 10:52

«Հայի բախտ» գոյություն չունի. «Առավոտի» խմբագրական

«Հայի բախտ» գոյություն չունի. «Առավոտի» խմբագրական

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է. «Ով, ինչի համար և ինչպես է իրականացրել հայերի ցեղասպանությունը` հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Ով է թույլ տվել և ով է նպաստել, որ այդ աղետը տեղի ունենա` նույնպես գաղտնիք չէ: Այստեղ մեր պետության, մեր ազգային կառույցների, մեր պատմաբանների խնդիրն է`գտնել փաստեր և փաստարկներ` ամբողջ աշխարհին դա բացատրելու համար: Մեզ` հայերիս համար կարևոր է պարզել այլ հարցեր` մասնավորապես, հասկանալ, թե ինչու որոշ տեղերում մեզ հաջողվեց դիմադրություն ցույց տալ թուրք զինվորականներին և հրոսակներին և ինչու շատ դեպքերում այդպիսի դիմադրություն չի ցուցաբերվել: Պարզ է, որ հայերին բնաջնջելու թուրքական պետության ծրագիրը, միևնույն է, իրականացվելու էր, բայց արդյոք չպիտի լինեին ավելի շատ դրվագներ, որոնցով մենք այսօր հպարտանում ենք, ինչպես հպարտանում ենք, օրինակ. մուսալեռցիների հերոսությամբ: Ի դեպ, հայտնի է, որ Սումգայիթում էլ է այդպիսի դեպք եղել, երբ հայ տղամարդը սատկացրեց (ուրիշ բառ չեմ գտնում) իր ընտանիքի վրա հարձակված հրոսակներից մեկին: Զուտ տեխնիկական խնդիրներից` կոնկրետ գյուղի կամ քաղաքի աշխարհագրական դիրքից, ինչ-որ տեղ պահած զենքի առկայությունից կամ բացակայությունից և այլ նմանատիպ հանգամանքներից զատ`կարո՞ղ են լինել նաև հասարակական, քաղաքական, հոգեբանական պատճառներ` չդիմադրելու համար: Մենք խուսափում ենք խոսել այդ թեմաներով` չցանկանալով, հավանաբար, թուրքերի ջրաղացին ջուր լցնել: Բայց գուցե մենք ավելի շատ ենք այդ ջրաղացին ջուր լցնում, երբ 1915 թվականի հետ կապված ինքներս մեզ պատկերում ենք որպես խեղճուկրակ, զարկված-զրկված, բազմաչարչար ժողովուրդ` կարծես թե չարչարվել ենք միայն մենք իսկ մնացած ժողովուրդների պատմությունը հաղթանակների և հաճույքների անընդմեջ շղթա էր: Եվ որպես այդ «դասագրքային» ինքնախղճահարության ամփոփում, վերջում լսվում է` «է՜, հայի բախտ է» տնքոցը: Իրականում ոչ մի «հայի բախտ» էլ գոյություն չունի: Հայի բախտ չէ, որ մենք բաժանված ենք Հայրենիքի և Սփյուռքի: Դա իրողություն է, որից պետք է օգտվել, և որը պետք է հոգեբանորեն հաղթահարել: Մենք պետք է քայլեր անենք` իրար հասկանալու համար, որոնք առայժմ չենք անում: Հայի բախտ չէ, որ Հայաստանի կեսը այս 22 տարում փախել է երկրից` որքան ես ուզում եմ «թասիբի քցեմ» իմ եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան և մեզ հետ միասին չարչարվեն, նրանք «թասիբի չեն ընկնում», նեղվում են, բերում են քաղաքական և այլ պատճառաբանություններ: Եթե Հայաստանում ինչ-որ հրաշալի բարելավումների են սպասում, որ հետո գան, ուրեմն` երբեք չեն վերադառնա: Պետք է չարչարվենք, որպեսզի բազմաչարչար չլինենք: Ասածս, թվում է, կապ չունի ապրիլի 24-ի հետ, բայց մենք խոսում էինք դիմադրություն չցուցաբերելու հոգեբանական արմատների մասին, այդպես չէ՞: Իսկ որոշակի բարդույթներ մենք կհաղթահարենք այն ժամանակ, երբ վերջ կտանք Երևանի Ազատության հրապարակում թուրքական դրոշ այրելու թուլակամ, անզոր հոխորտանքին»: