26.04.2013 23:36

Լիզա Ճաղարյան. Վա՛յ քեզ, Երեւան, վա՛յ քեզ, «մեծ բան արվեստ», եթե քո արվեստագետները սրանք են

Լիզա Ճաղարյան. Վա՛յ քեզ, Երեւան, վա՛յ քեզ, «մեծ բան արվեստ», եթե քո արվեստագետները սրանք են

Վերեւն` Աստված, ներքեւը` հանիրավի մոռացության մատնված մեր էպոսագետը, է՞լ ինչով երդվեմ, որ հավատաք` ամեն բարի առավոտ ես արթնանում եմ շատ բարի ժպիտը դեմքիս դաջած եւ որոշում, որ այդ օրը միայն ներբողներ եմ հյուսելու ջինջ երկնքի, արեգակի կենարար ճառագայթների, խոխոջուն առվակի, պատուհանիս տակ ճռվողող թռչունների, կարճ ասած` կապուտաչյա հայրենիքիս մասին, բնականաբար` «մա~րդ… ինչ հպարտ է հնչում»-ի բարձր գիտակցությամբ:

Չե՞ք հավատում: Ճիշտ եք անում: Ես էլ չեմ հավատում, քանի որ ամեն գիշեր` քնելուց առաջ, զորավար Անդրանիկի պատգամը կատարում եմ (ակամա)` մտածում եմ երկրիս մասին ու մազերս գլխիս բիզ-բիզ կանգնած` մի կերպ քնում: Մազերս բիզ-բիզ կանգնած էլ արթնանում եմ: Որովհետեւ երբեք չեմ մոռանում` որն է իմ երկիրը, եւ ինչ ողբալի վիճակում է հիմա: Եւ իմ այս ողբալի վիճակում հայտնված երկրի քանիհազարամյա մայրաքաղաքում շուտով քաղաքապետ ու ավագանու անդամներ ենք ընտրելու: Եւ իմ այս ողբալի վիճակում հայտնված մայրաքաղաքի հեռուստաալիքները, թերթերը, կայքերը ողողված են նախընտրական քարոզով ու զանազան լուրերով, որոնց մեծ մասը նպաստում են միայն մի բանի` որ ազգիս մեծամասնությունն ամեն գիշեր մազերը բիզ-բիզ կանգնած քնի ու մազերը բիզ-բիզ կանգնած արթնանա:

Դրանցից մեկն էլ Ա1+ կայքում այսօր տեղադրված տեղեկությունն է այն մասին, թե ինչ են մտածում ներկա ավագանու երկու անդամներ` ilur.am կայքի երիտասարդ լրագրող Հակոբ Կարապետյանին վայրենաբար ծեծելու մասին: Հիշեցնեմ. ծեծողներից մեկը նույն ավագանու անդամ է, նույն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ինչպեսեւ` նշածս անդամները: Իսկ ամենակարեւորն ահա թե ինչ է. այս երկուսը Տարոն Մարգարյանի նախընտրած «քուչի տղեքից», կարծես, պետք է տարբերվեին. մեկը ճարտարապետ է, մյուսը` կինոռեժիսոր:

Եւ այսպես. «Արվեստագետ Լեւոն Իգիթյանը տեղյակ է, որ Տարոն Մարգարյանի կողմնակիցները լրագրողի են ծեծել»,- գրում է Ա1+կայքը: Եւ այս «տեղյակ» արվեստագետը, որը, որքան հասկանում եմ, մի բարի կամեցող չունի, որ խորհուրդ տա` հրապարակավ մտքեր չհայտնել, քանի որ նրա յուրաքանչյուր արտահայտած միտք ստիպում է ունկնդրին ոչ միայն հանրապետականներից ավելի ու ավելի զզվել, այլեւ հիասթափվել արար աշխարհի մարդկությունից, ասում է. «Դուք` ժուռնալիստներդ, անընդհատ կռիվ եք ման գալիս, քաշքշոց, բարդություններ»: Այսինքն, ըստ այս արվեստագետ կոչեցյալ պարոնի, ժուռնալիստները մազոխիստներ են, ամբողջ օրը փողոցներն ընկած մարդ են փնտրում, որ իրենց ծեծի: Սա դեռ` ոչինչ: Մա՛րդ են ծեծել, օրը ցերեկով, քարոզարշավի ընթացքում, ծեծողների «քավորը» եղել է Իգիթյանի նման ավագանու անդամ: Ծեծել են այն ժամանակ, երբ ապագա ընտրողներին փողոց են քշել, աղուհացն էլ պատրաստ բռնել են, փուչիկներն էլ նախապես փչել, որ բաժանեն երջանիկ ու անհոգ ժողովրդին, որ Տարոնին հենց տեսնեն,փուչիկներն ինքնամոռաց թափահարեն ու փառք տան Աստծուն, որ երկիրս բախտ է ունեցել նման հրաշատարոն ծնել: Եւ ահա այս ժողովրդի լափին տվող երջանկությունը նկարահանել եւ սերունդներին հանձնել ցանկացող լրագրողին ծեծում են, հագուստը պատառոտում, հեռուստախցիկը ձեռքից խլում, ժողովրդի երջանկության պատմական պահերը ջնջում, եւ այս ամենից արվեստագետ կոչեցյալ Իգիթյանն` իր հանրապետական տրամաբանությամբ, հետեւություն է արել, որ այդ «երջանկահիշատակ» պահն անմահացնել ցանկացող լրագրողը «կռիվ է ման գալիս»:

Սա դեռ բոլորը չէ: Հասանք մյուս արվեստագետին: Ա1+-ը գրում է. «Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանն անձամբ դատապարտում է լրագրողի հետ տեղի ունեցածը, բայց նկատում, որ Լեւոն Իգիթյանն ուզում էր բարձր արժեքներից խոսել, բռնության մասին կարելի էր ավելի ուշ հարցնել. «Ինքը արվեստից ա պատմում, մեծ բան արվեստի, մենք փրկում ենք, գիտեք, ինչ բան…»: Պատկերացնու՞մ եք, ահա այս երկու աշխարհահռչակ, կարկառուն, խոշորագույն արվեստագետները «մեծ բան արվեստ»-ից են ուզում խոսել, որքան հասկացա այս անհոդաբաշխ բառակույտից` նաեւ ուզում են փրկել այդ «մեծ բան արվեստ»-ը, իսկ ահա ոմն «բարձր արժեքներից բան չհասկացող» լրագրող խախտում է նրանց հովվերգությունը, կոպտորեն իջեցնում է Պառնասի գագաթից մեր էս «գաղջ մթնոլորտը», էն իմ վերեւում գրած ջինջ երկնքից, արեգակի կենարար ճառագայթներից, խոխոջուն առվակից, ճռվողող թռչուններից կտրում է այս «մեծ բան» արվեստագետներին ու  ինչ-որ «գետնաքարշ» հարցեր է տալիս` մա~րդ են ծեծել, էն էլ` «կռիվ ման եկող» լրագրող…

Սրանով էլ չպրծանք «մեծ բան արվեստից» չհասկացողներս: Ըստ Ա1+ կայքի` «մեծ բան», լրագրողի հետ տեղի ունեցածն անձամբ դատապարտող Դովլաթյանը պնդել է, որ ինքը լավ է ճանաչում լրագրողին ծեծող`Երեւանի ավագանու հանրապետական անդամ Աշոտ Պապայանին եւ «հաստատ կարող է ասել` տղամարդ է» (իսկապե՞ս, պարոն Դովլաթյան, դուք որտեղի՞ց գիտեք): Ավելին. «Երեւանի համար ցավացող տղամարդ է»:

Խեղճ իմ Երեւան, հազար անգամ խեղճ, որ քեզ համար ցավացողը էս երկու «մեծ բանն» են ու սրանց պատկերացրած «տղամարդ»-ը, որն իր ոհմակի հետ հարձակվում է լրագրողի վրա ու ծեծում հրաշատարոնի «գալստյանն» սպասող «երջանիկ» ժողովրդի աչքի առաջ:

Մեկնաբանության կարիք երեւի թե չկա: Ընդամենը հարկավոր է ամեն գիշեր քնելուց առաջ պատկերացնել` եթե Հանրապետական կուսակցության եւ Տարոն Մարգարյանի նախընտրած արվեստագետները սրանք են, ուրեմն` ինչ «բաղադրություն» կունենան մնացածները, որոնք «մեծ բան արվեստ»-ից այնքան են հեռու, որքան այս երկուսը` բարձր արժեքներից: Եւ հենց պատկերացնեք` քնելուց առաջ բիզ-բիզ մազերը պատրաստ են: Եւ եթե այսքանից հետո կգնաք ու կընտրեք հրաշատարոնին եւ իր նման մնացած հրաշամեծբաներին, ուրեմն`պատրաստ եղեք, որ մի օր էլ ձեզ կծեծեն «տղամարդավարի» ու Երեւանի համար «ցավալով»:

Բարի գիշեր ու քաղցր երազներ, բիզ-բիզ մազերով «երջանիկ» հայ ժողովուրդ:

Լիզա Ճաղարյան