04.10.2012 15:08

ԼՂ-ում սուր աղիքային վարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է «Արցախկաթ»-ի աշխատանքը

ԼՂ-ում սուր աղիքային վարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է «Արցախկաթ»-ի աշխատանքը

Համարյա մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտի համար 1, 3, «Սոսե» եւ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկապարտեզներում գրանցված սուր աղիքային վարակի բռնկման պատճառը հայտնի դարձավ միայն հոկտեմբերի 1-ին։ 

Պարզվում է, որ նշված մանկապարտեզների շուրջ 90 սաներ վարակվել են օգտագործելով «Արցախկաթ» ընկերության կաթնամթերքը։

Նշված ինֆեկցիայի հետեւանքով հոսպիտալացված երեխաների մի մասն արդեն ապաքինվել է. ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրեցին Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումում 40 երեխաներից 18-ն արդեն դուրս են գրվել։ 22 հիվանդների վիճակը, բուժմիավորման գլխավոր բժշկի հավաստմամբ, կայուն է։

Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցում էլ 52 հիվանդներից 26-ն այսօրվա դրությամբ դուրս են գրվել։ Ներկայումս բուժում ստացող 26 երեխաներից որոշների վիճակը, հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքերով, միջին ծանրության է։

Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի եւ Այգեստանի բոլոր մանկապարտեղները շարունակում են փակ մնալ։

Ժամանակավոր դադարեցվել է «Արցախկաթ» ընկերության աշխատանքը, առաքված արտադրանքը՝ ետ վերադարձվել առեւտրի կետերից։ Այժմ արգելված է նաեւ դրանց վաճառքը։ Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ ընկերությունում այժմ շարունակվում են աշխատանքները՝ վարակի պատճառը պարզելու ուղղությամբ։ Իսկ թե ի՞նչ է սպասվում նշված ընկերությանը՝ դեռեւս պարզ չէ։