01.05.2013 13:23

«Ռեալին» մեկ գոլ չհերիքեց եզրափակիչ դուրս գալու համար

«Ռեալին» մեկ գոլ չհերիքեց եզրափակիչ դուրս գալու համար

Ժոզե Մոուրինյոյի օրոք Մադրիդի «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը երրորդ տարին անընդմեջ շարունակում է ահաղթահարելի արգելք լիներ: 2011-ին` «Բարսելոնան», 2012-ին` «Բավարիան», իսկ այժմ էլ «Բորուսիան» թույլ չտվեց մադրիդցիներին շարունակել պայքարը իրենց ամենաբաղձալի երազանքի համար` Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթի:

«Ռեալը» Դորտմուդում 1:4 հաշվով պարտվելուց հետո կորցնելու ոչինչ չուներ: Պատասխան խաղում մադրիդցիները հենց խաղասկզբից պաշարեցին մրցակցի տուգանային հրապարակը եւ երեք հիանալի պահ ստեղծեցին: Կարելի է ասել` 100 տոկոսանոց, սակայն չիրացրեցին:

Դրանից հետո մինչեւ հանդիպման 82-րդ րոպեն միայն «Բորուսիան» գոլ խփելու հնարավորություն ուներ: Սակայն դորտմունդցիները նույնպես չիրացրեցին իրենց պահերը:

Խաղի վերջին 8-րոպեն իր մեջ ավելի շատ դրամատիկ իրադարձություններ պարունակեց, քան հանդիպման մնացած հատվածը: «Ռեալը» Բենզեմայի շնորհիվ վերջապես բացեց հաշիվը, «Բորուսիան» ընկրկեց, ծնկները դողացին, Ռամոսը կրկնապատկեց հաշիվը, ամեն ինչ մազից էր կախված… ընդամենը մեկ գոլ էր պահանջվում «Ռեալից»` պատմական հրաշքի հեղինակ դառնալու համար, սակայն ժամանակը չբավականացրեց:

«Ռեալը» հաղթեց 2:0 հաշվով, սակայն ստիպված էր Մոուրինյոյի հետ լքել Չեմպիոնների լիգան, իսկ «Բորուսիան» երկրորդ անգամ պատմության մեջ Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալու հնարավորություն ստացավ:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Ռեալ» - «Բորուսիա»` 2:0 (առաջին հանդիպում՝ 1:4) 

Բենզեմա, 83, Ռամոս, 88