01.05.2013 17:03

Հովհաննես Շահինյանի քաղաքական արկածները. Սերժ Սարգսյան-Սիմբա-ՕԵԿ տրանզիտ

Հովհաննես Շահինյանի քաղաքական արկածները. Սերժ Սարգսյան-Սիմբա-ՕԵԿ տրանզիտ


Նախկին ՀՀԿ-ական, այժմ՝ ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը քաղաքական բուռն գործունեություն է ծավալում: Հանդիպումներ է ունենում, ասուլիսներ է տալիս: Մտել է դերի մեջ, դարձել իսկական գերազանց տղա: Ասում են՝ խոսք են տվել փոխքաղաքապետի պաշտոնը: Ու Շահինյան Հովիկն այնքան է ոգևորվել, որ սկսում է ծաղրել Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքային «ցենզը» կամ ԲՀԿ-ի ղեկավարի որոշումները: Տարիքի մասով. հինգ տարի առաջ Հովիկ Շահինյանը հինգ տարով ավելի երիտասարդ էր: Հայտնի դարձավ նրանով, որ 2008-ի նախագահական ընտրությունների օրը, անձնապես գլխավորելով հրոսակախումբը, հարձակվեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա և իր հաստավիզներով ծեծի ենթարկեց նրանցից մի քանիսին՝ ոստիկանության աչքի առաջ: Դրա համար նա չկրեց պատասխանատվություն: Առայժմ չկրեց: Ծեծի ենթարկվածներից մեկի առողջական վիճակն առ այսօր բավականին ծանր է:
Այնուհետև Շահինյան Հովիկը հայտնվեց այլ պատմության մեջ: Որպես Արաբկիրի պատասխանատու՝ նրան էր վստահված Սերժ Սարգսյանի համար ընտրակաշառքի բաժանումը, և ներիշխանական ռազբորկաների արդյունքում պարզվել էր, որ գողացվել է մոտ 400 միլիոն դրամ: Դրանից հետո Շահինյան Հովիկը պարբերաբար փախուստի էր դիմում արտերկիր՝ իր կիսագողական միջավայրերում բողոքելով, թե սրանց հետ աշխատել հնարավոր չէ: Որոշ ժամանակ անց «լավ տղա», «գողական» խաղացող Հովիկն իր ազգականին քրեական հետապնդումից ազատելու համար սկսեց մատնություններ անել այլոց վրա, ինչով հեղինակազրկվեց նաև իր նախընտրած «գողական» միջավայրում: Այնպես որ՝ հինգ տարվա ընթացքում Հովիկի մոտ, բացի բիոլոգիական աճից, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: «Տարիքային ցենզը» նրա դեպքում անձի կայացման տեսանկյունից առանձնապես էական նշանակություն չունի:
Ասում են՝ երբ 2008-ից սկսած՝ հալածյալի դերում էր, Շահինյան Հովիկը հաճախակի վազում էր Սիմբայի տիրոջ մոտ՝ նրան հավատարմության երդումներ տալու և անվտանգության երաշխիքներ խնդրելու: Հետո, երբ Բաղրամյան 26-ից հասկացրին, որ տեղյակ են հանդիպումների մասին, Սիմբայի հասցեն Հովիկը սկսեց մոռանալ: Փոխարենը՝ մինչև 2012-ի խորհրդարանական ընտրությունները ամիսը մեկ անգամ փորձում էր ԲՀԿ ազդեցիկ դեմքերի միջոցով հայտնվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Սակայն դա էլ չստացվեց: Ինչպես ցույց տվեց կյանքը՝ տականքի վերջին հանգրվանն ՕԵԿ-ն է, որտեղ գործում են բարոյականության և տղամարդկության մասին յուրօրինակ պատկերացումներ և չափորոշիչներ: Իհարկե, ավելացնելու շատ բան կա, Հայաստանը փոքր երկիր է, ու բոլորն ամեն ինչ գիտեն, սակայն այս երիտ-օեկականն այն կերպարը չէ, որին կարելի է երկար անդրադառնալ: Պայմանով, իհարկե, որ իր օեկությունն անի սսկված, խուսափի տարբեր մարդկանց կամ ուժերի մասին հրապարակային դատողություններ անելուց: Սա՝ որպես բարի խորհուրդ ու գուցե նաև որպես զգուշացում:

Արմեն Բեգլարյան