01.05.2013 18:12

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ Մեսսին ընդդեմ գերմանական եզրափակչի

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ Մեսսին ընդդեմ գերմանական եզրափակչի

Կարելի է երկար խոսել այն մասին, թեարդյո՞ք առաջին խաղում գրանցված արդյունքը՝ 4-0-ն,այսօր արտացոլում է թիմերի միջև տարբերությունը, արդյո՞ք կգրանցվեր նույն հաշիվը, եթե Մեսսին ամբողջովին ապաքիված լիներ, իսկ մրցավարը չհաշվեր մյունխենցիների՝ խախտումով երեք գոլերը: Հավանաբար՝ ոչ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Գերմանացիները կիսաեզրափակչի առաջին խաղում խաղային բոլոր առումներով գերազանցեցին կատալոնցիներին և ուղղակի ներկայացան որպես ավելի կատարյալ մեխանիզմ: Բարսայի մասին բազմաթիվ հանճարեղֆուտբոլիստներ, մարզիչներ և ընդհանրապես՝ ֆուտբոլի հետ առնչություն ունեցող բազմաթիվ հեղինակավոր անձինք մեկ անգամ չէ, որ պնդել են՝ «Այս «Բարսելոնան»  ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն թիմն է», և որպեսզի հաստատվի այս վարկածը, Բարսան պետք է փորձի Չեմպիոնների լիգայի պատմության մեծագույն «շրջադարձը» անել:

«Բարսելոնայի» համար, ինչպես և կարելի էր կանխատեսել, այս մրցաշրջանը ոչ թե առաջինն էր Տիտո Վիլանովայի հետ, այլ առաջինն էր՝ առանց Պեպ Գվարդիոլայի: Եվ նորից այստեղ ևս կարելի է անդադար անդրադառնալ թիմի ներսում Պեպի հեղինակությանը, այդ ֆոնին՝ Վիլանովայի անձին, նրա հիվանդությանը մրցաշրջանի ընթացքում: Եվ այն փաստին, որ ինքը Գվարդիոլան, զարգացման այլ ուղիներ չգտնելով, ուղղակի որոշեց մեկ տարով հանգստանալ ֆուտբոլից: Բայց փաստը մնում է փաստ՝ Բարսան այլևս ամենավառ թիմը չէ աշխարհում և այս պահին ընդամենը համարվում է այն եվրոպական գրանդ ակումբներից մեկը, որը ամեն տարի կարող է հավակնել և, ինչու չէ, հաղթել ՉԼ-ում:

Մրցաշրջանի առաջին հատվածում, իհարկե, եղան այնպիսի պահեր, օրինակ «Ռայո Վալյեկանոյի» կամ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղերում, երբ Տիտոյի թիմի խաղում որոշակիորեն ուրվագծվում էր «տիկի-տակայից» հեռանալու միտումը: Բայց ամեն ինչ,միևնույն է, չափազանց շատ էր կախված Լեո Մեսսիից, իսկ կենտրոնում միակ խաղացողը, որը հարմարվում էր նման ֆուտբոլին, ՍեսկՖաբրեգասն էր, ով դրանսովոր էր «Պրեմիեր լիգայում» խաղալու շնորհիվ: Հնարավոր է՝ և մրցաշրջանի վճռական փուլում, եթե Վիլանովան լիներ իր սաների կողքին, «տիկի-տակայի» նման վերաձևակերպումը հաջողությունների կարողանար հասնել, բայց չափից շատ էին սխալներն ու վնասվածքները, հատկապես՝ պաշտպանությունում:

«Բավարիայի» համար տարին ամբողջովին այլ պետք է լիներ: Անցյալ մրցաշրջանում նրանք, Հայնկեսի գլխավորությամբ,մինչև վերջ պայքարեցին բոլոր երեք մրցանակների համար, բայց երեքում էլ պարտվեցին, և թիմի մի քանի առաջատար խաղացողներ է՛լ ավելի ամրագրեցին իրենց «անհաջողակի» պիտակը: Եվ իսկապես,Ռիբերիի, Ռոբենի, Շվայնշտայգերի, Նոյերի, Լամի կարգի խաղացողներից և ոչ ոք որևէ մրցանակ չի նվաճել միջազգային մրցաշարերում:

Մրցաշրջանի սկզբում թիմում հայտնվեցին՝ «Բունդեսլիգայի» լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը՝ Մանջուկիչը, լավագույն կենտրոնական պաշտպան Դանթեն և «Ատլետիկ Բիլբաոյից» 40 մլն € արժողությամբ հենակետային՝ Խավի Մարտինեսը, ով կիսապաշտպանությունում պետք է գերմանիայի լավագույն կառուցող հենակետայինների զույգը կազմեր Շվայնշտայգերի հետ:

Արդեն սեպտեմբերին պարզ դարձավ, որ «Բունդեսլիգայում» «Բորուսիան» չի կարող հավասար պայքար մղել մյունխենցիների հետ, իսկ ՉԼ-ում թիմը ոչ ամենաբարդ խմբում գրավեց առաջին հորիզոնականը: 2013-ի սկզբին, երբ պաշտոնապես հայտարարվեց հաջորդ մրցաշրջանում ակումբի գլխավոր մարզչի անունը, ով իրակունում ոչ միայն անուն ազգանուն էր, այլև ֆուտբոլային բոլորովին այլ փիլիսոփայություն, կարծիք կար, որ դա կխանգարի թիմի խաղացողներին՝ կենտրոնանալու միայն ֆուտբոլի վրա և վերջապես հաղթանակներ տանելու:

Յուվեին Հայնկեսի սաները շրջանցեցին ոչ այնքան լարվելով, իսկ Բարսային՝ սեփական կիսադաշտումփայլուն թիմային տեղաշարժման, եզրային հակագրոհների և ստանդարտների շնորհիվ:

Վերջաբան

Որպեսզի իրոք հավանական դառնա Բարսայի պատմական «շրջադարձը», նախ՝ Վիլանովան պետք է հանդերձարանում ազդեցիկ խոսքեր գտնի և իրեն դրսևորի ինչպես Ալ Պաչինոն «Յուրաքանչյուր կիրակի» ֆիլմում:

Խաղային խնդիրների մասին: Նախ՝ պետք է փորձել հանդիպումը սկսել ահռելի ճնշումով, ինչպես, օրինակ, երեկ՝ «Ռեալ Մադրիդը»: Պետք է չմոռանալ, որ «Բավարիան» դեռևս համարվում է «անհաջողակների» թիմ, և նրանք կարող են ամբողջովին կորցնել ինքնատիրապետումը, եթե խաղն իրենց սպասված սցենարով չզարգանա: Բացի դա՝ որքան էլ որ տարօրինակ է, մյունխենցիները թույլ են ստանդարտ դիրքերից՝ Նոյերը շատ թույլ պատ կառուցող է տուգանայինների ժամանակ, իսկ անկյունայիններից` առաջին խաղում նույնիսկ Բարտրան կարող էր աչքի ընկնել: Եվ իհարկե՝ամենակարևորը՝ պետք է աղոթել Մեսսիի համար. «կուլեները»՝ որպեսզի այս երեկոն նրանը լինի, իսկ Նոյերը և նրա խաղընկերները՝ հակառակը: