01.05.2013 20:32

Սեւակ Արամազդ. Սեւ ուժի գաղտնիքը

Սեւակ Արամազդ. Սեւ ուժի գաղտնիքը

Հայաստանի ներկա իշխանությունը մի վարչախումբ է, որ երկիրը մինչեւ կոկորդ թաղել է ստի, կեղծիքի, բարոյազրկության, ստրկամտության, բռնության, հանցագործության, ամոթալի սպառողականության, կենդանական ստորագույն բնազդների թանձրատիղմ ճահճի մեջ: Նա անմիջականորեն կրողն է այն ուժի, որ սառնասրտորեն ծրագրեց եւ, առանց աչք թարթելու, իրականացրեց Հոկտեմբերի 27-ի պետականակործան արյունահեղությունը, իսկ այնուհետեւ նույն դիվական վստահությամբ նաեւ՝ Մարտի 1-ի նախճիրը: Նա իր գործունեությունն սկսեց «սրբազան մեռելներ»՝ Անդրանիկ ու Դրո կեղծավորաբար Հայրենիք ներկրելով եւ արտահանելով մի ամբողջ կենդանի ժողովուրդ՝ միաժամանակ անարգելով թե՛ մեռածներին, թե՛ ողջերին: Այդ ուժի հետագա իշխանավարումը ոչ միայն մեր պետության անվտանգության, այլեւ մեր ազգի գոյության վրա կախված միակ իրական սպառնալիքն է:
Որեւէ ազգ դեռեւս չի կործանվել դրսեկ հարվածներից, եթե նույնիսկ փորձել են նրան ծրագրված ձեւով բնաջնջել: Ազգը կործանվում է միայն այն դեպքում, երբ քայքայվում է նրա հոգեւոր-բարոյական միջուկը: Սա մարդկային ենթակայական ընկալում չէ, այլ բնական անխախտ օրինաչափություն: Ինչպես որ ներքին հավասարակշռության խախտման հետեւանքով տրոհվում է նյութի միջուկը, եւ նյութը սկսում է քայքայվել, այնպես էլ երբ մարդկային համակարգում խաթարվում է այն ներքին կազմակերպիչ սկզբունքը, որ կոչվում է պետականություն, ծայր է առնում ազգի կործանումը: Հայ մարդատեսակը չի կարող բացառություն կազմել այդ օրենքից: 
Այդ ուժն ինչ-որ նորահայտ գիշատիչ չէ, այլ ուղեկցում է լուսավորյալ մարդկությանը արդեն հազարավոր տարիներ: Եթե ի մտի առնենք մեր պատմությունը, ապա դա այն նույն ուժն է, որ Պապ թագավորին չներեց Հայաստանը կարճ միջոցում հզոր տերություն դարձնելու համար եւ նրան դավադրաբար սպանել տվեց՝ ստորագույն հնարներով վարկաբեկելով նրան. այդ ուժն է, որ չներեց մեր պատմության ամենաողբերգական եւ լուսավոր կերպարներից մեկին՝ Վասակ Սյունուն, Հայաստանի պետական անկախությունը մի վերջին ճիգով վերականգնելու հուսահատ փորձի համար եւ նրա անուրաց ճակատին խարանեց դավաճանի պիտակը. այդ նույն ուժն է, որ չներեց Գարեգին Նժդեհին, հակառակ ամենայն «առողջ» տրամաբանության, Հայաստանը փրկելու համար եւ հորջորջեց նրան դավաճան. այդ նույն ուժն է, վերջապես, որ չներեց եւ մինչեւ հիմա էլ չի ներում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի անկախության, Արցախի ազատագրման, Հայոց լեզվի գերակայության եւ Հայաստան պետությունն իբրեւ ինքնուրույն՝ ազատ ու անկախ գործոն մարդկության քաղաքական քարտեզում հաստատելու համար՝ անվանելով նրան նույնպես դավաճան: 
Եթե գանք մարդկային գործունեության այլ բնագավառներին, ապա այդ նույն ուժն է, որ հետապնդեց Խորենացուն մինչեւ խոր ծերություն, իսկ Անանիա Շիրակացուն դարձրեց վտարանդի ու հալածական. այդ նույն ուժն է, որ Նարեկացուն ստիպեց Փոքր Մհերի պես եղերորեն փակվել քարանձավում. այդ նույն ուժն է, որ Թալեաթի հրամանով սպանեց Վարուժանին, Զոհրապին, Յարճանյանին, իսկ Ստալինի ու Ֆրանկոյի ձեռքով՝ Բակունցին, Չարենցին ու Լորկային. այդ նույն ուժն է, որ 20-րդ դարի սկզբին եվրոպական ակադեմիաներում ու համալսարաններում ուսանողների շուրթերով ծաղրում էր Զիգմունդ Ֆրոյդի հոգեախտաբանական ուսմունքը եւ կամ Այնշթայնի հարաբերականության տեսությունը՝ կյանքի լայն ճանապարհ բացելով ծաղրողների առջեւ. եւ դարձյալ նույն այդ ուժն է, որ գերմանացի հանճարեղ գիտնական Վերներ Հայզենբերգին՝ քվանտային մեխանիկայի ստեղծողին, ֆաշիստների բերանով անվանում էր «հրեական համաշխարհային դավադրության գործակալ», իսկ հետագայում՝ ժողովրդավարների բերանով՝ մեղադրում նրան «ֆաշիստների հետ համագործակցելու մեջ», այնինչ՝ հենց Վերներ Հայզենբերգն էր, որ միտումնավոր ձգձգելով միջուկային զենքի ստեղծումը՝ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, փրկեց մարդկությունը անդառնալի կործանումից: 
Ո՞րն է, ուրեմն, այդ «խորհրդավոր սեւ ուժը», որ այսքան ավերածություններ է գործում մարդկության դեմ՝ ընդհանրապես, եւ մեր ազգի դեմ՝ մասնավորապես: Իմացական առնչություններում ինձ համար խնդիրը վաղուց պարզ է, սակայն ամեն անգամ, երբ կյանքում հանդիպում ես այդ ուժի թողած ավերիչ ազդեցությանը, մարդկայնորեն միշտ անակնկալի ես գալիս: Այդ ուժի անունը Հոգու Տգիտություն է, որն օժտված չէ որեւէ խորհրդով, սակայն ունի անթափանց սեւություն, որի թունավոր ճառագայթները երբեմն ախտահարում են նաեւ լուսավորյալ ուղեղները՝ մարդկային փոփոխական բնությունը վարակելով սնափառությամբ, անարդարամտությամբ, չափազանցված ինքնարժեքավորմամբ կամ դյուրագրգիռ անձնասիրությամբ: Դա գիտակցաբար թե անգիտակցաբար իշխանության ձգտող մարդկային ես-ն է, որը երբ օժտվում է իշխանությամբ, փքվում է մինչեւ անսահմանություն՝ նենգափոխելով կենսական բոլոր հիմնարար ընկալումներն ու բարոյական արժեքները. երբ մի աննշան ու անանուն ավազահատիկ հանկարծ դուրս է ցատկում մակերեսից եւ փորձում իր կամքը թելադրել ամբողջ ազգին, մարդկությանը, կյանքին ու աշխարհին: Նա չի գիտակցում եւ չի էլ կարող գիտակցել, որ ինքը դրանով իսկ առաջ է բերում սեփական բացասումը, ինչպես բնագիտական սեւ մարմինը, որ որքան էլ կուռ ու կատարյալ՝ այնուամենայնիվ, ստիպված է ենթարկվելու բնության օրենքներին. գոնե չնչին չափով ճառագայթել: 
Այդպես էլ մարդկային ես-ի իշխանությունից առաջ եւ նրանից վեր գործում է Հոգին՝ իր օրենքների անխախտ ու ճշգրիտ «տիեզերական հաստատունով», առանց որի «նվազագույն ներգործության քվանտի»՝ այս երկրագնդի վրա ընդհանրապես հնարավոր չէր լինի կյանքի գոյությունը, իսկ մարդու մասին խոսելն իսկ ավելորդ է: 
«Համբերություն եւ ժամանակ»,- ասում էր Տոլստոյը: Համբերություն եւ ժամանակ՝ կրկնում եմ ես:

Սեւակ Արամազդ