01.05.2013 21:17

Տարոնը կանաչ տարածքները մկրատել է, բայց հակառակն է պնդում

Տարոնը կանաչ տարածքները մկրատել է, բայց հակառակն է պնդում

Օրերս Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր քարոզչության ընթացքում դժգոհում էր այն հանգամանքից, որ «20 տարվա ընթացքում մայրաքաղաքում կուտակված բոլոր խնդիրների համար, որոնք լուծելի չեն մեկ օրում, իրեն են մեղադրում»:
Չէ՛, Տարոն Մարգարյանն, իհարկե, ճշմարիտ է գոնե այն բանում, որ մայրաքաղաքի խնդիրները հատկապես իր պաշտոնավարման ընթացքում չստեղծվեցին: Ճշմարիտ է եւ այն, որ դրանք իսկապես էլ մեկ օրվա լուծման ենթակա խնդիրներ չեն: Բայց, ախր, ամբողջ հարցն այն է, որ Տարոն Մարգարյանին ոչ ոք չի մեղադրում հատկապես այն բանում, ինչում ինքը հիմա հրապարակավ արդարանում է:
Բանն այն է, որ մենք բոլորս գործող քաղաքապետին մեղադրում ենք միայն ու միայն նրանում, որ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքային տնտեսության հետ կապված եւ ոչ մի հարց ոչ միայն հիմնավոր լուծում չի ստացել, այլեւ մի բան էլ խորացել է: Որոշներն էլ հատկապես վերջին տարիներին են առաջ եկել:
Նույն կանաչ տարածքների խնդիրը վերցնենք, ինչի մասին այդքան խոսվում է, եւ որի բարձրաձայնումն այդքան վրդվեցնում է ոչ միայն գործող քաղաքապետին, այլեւ նրա ղեկավարած համակարգին: Ինչո՞ւ՝ որովհետեւ այստեղ համոզված են, թե չնայած «լավ աշխատելու տեղ միշտ էլ կա, բայց նաեւ իրենք բավական ջանք են թափել այդ ուղղությամբ»: Հնարավորինս կանաչապատել են Երեւանը` ասել կուզի: Դե, եթե կանաչապատել եք, նշանակում է` ինչ-որ չափով նաեւ բնապահպանական (եւ ոչ միայն) խնդիր եք լուծել: Այդ դեպքում ինչո՞ւ է բացարձակ հակառակ պատկեր ամրագրվել անգամ վերջին երկու տարիների կտրվածքով: Ո՞ւմ են հիմարացնում, եթե փաստերն այլ բան են վկայում`չես հասկանում:
Խնդրեմ` մայրաքաղաքի օդի մոնիտորինգի 2010 թ. ստացիոնար դիտարկումների տվյալների համաձայն` քաղաքի Կենտրոն եւ Շենգավիթ համայնքները ամենաղտոտվածներն են եղել: Այդ համայնքներում բարձր են եղել հատկապես փոշու եւ ազոտի երկօքսիդի պարունակությունները: Իսկ ընդհանրապես` մայրաքաղաքում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 2.4, գետնամերձ օզոնինը` 1.7 անգամ:
Ինչ է սա նշանակում` սոսկալի է պատկերացնել անգամ. նկարագրվող ողջ աղբն, այսինքն, կուտակվում է հատկապես երեխաների աճող օրգանզմներում, եւ թե վաղը մենք ինչ աղետի առաջ ենք կանգնելու` առայժմ տեսանելի չէ, բայց կարելի է կանխատեսել…
Շարունակելով փաստերի ներկայացումը՝ նկատենք, որ մայրաքաղաքում 2010-ին փոշու միանվագ առավելագույն կոնցենտրացիան թույլատրելի նորման գերազանցել է 3.5 անգամ, ազոտի երկօքսիդինը` 5: Մթնոլորտային աղտոտվածության ցուցանիշի միջոցով մթնոլորտային օդի աղտոտվածության համալիր գնահատմամբ` օդի միջին աղտոտվածության մակարդակ է նկատվել` աղտոտման աճի միտումով: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացվող տվյալների` այս ցուցանիշը երեք անգամ վատն է, քան արձանագրվել է դրանից երկու տարի առաջ:

Հիմա գանք անցած տարվա իրավիճակի ներկայացմանը: Նույն ԱՎԾ-ի տարեկան զեկույցի <<Սոցիալ-ժողովրդագրական>> հատվածում /http://www.armstat.am/file/article/sv_03_12a_5260.pdf / կարդում ենք, որ Երևան քաղաքի մշտական 5 դիտակայաններում, ակտիվ նմուշառման եղանակով, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 514 փորձանմուշ: Փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 2.9 անգամ, ազոտի երկօքսիդինը` 3.5 անգամ:

Հիմա, չնայած 16 դիտակետերի միջոցով վերցված` մթնոլորտային օդի 53 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները մեր բնապահպանության, (իսկ իրականում` բնաքանդման) նախարարության կողմից դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածությունն ավելացել է բոլոր ցուցանիշերով: Այսինքն` իրենից առաջ էլ առկա խնդիրը ոչ միայն չի լուծվել, կամ իրավիճակը չի բարելավվել, այլեւ մի բան էլ խորացել է:

Այնպես որ` մի քանի տեղ մեր վճարած հարկերով մի քանի թանկուկրակ նստարաններ տեղադրելը դեռ չի նշանակում, որ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է, իսկ եթե նրան, կամ էլի՛ որեւէ մեկին թվում է, թե մեր կողմից բարձրացված հարցը եղածերի մեջ ամենակարեւորը չի, ստիպված ենք հիշեցնել, որ ՄԱԿ-ի վերջին զեկույցը` «Գեո-4»-ը, որ վերաբերում է շրջակա միջավայրի աղտոտվածությանը աշխարհի մասշտաբով, շատերի աչքերից է արցունքներ քամել առանց չափազանցության: Դրանում կայուն աղտոտիչների` օրգանական նյութերի և ծանր մետաղների խնդիրը, օզոնային շերտին սպառնացող վտանգն ու հնարավոր կլիմայական փոփոխությունները ամբողջ աշխարհում դասվել են ամենահրատապ եւ ամենալուրջ խնդիրների առաջին եռյակի մեջ` գրավելով երկրորդ տեղը: Ընդ որում, նույն զեկույցը ծանր մետաղներով օդի աղտոտվածությունը ամենախոցելին է համարել բոլոր տեսանկյուններից եւ ինչպես ասացինք` հատկապես աճող սերնդի համար, քանի որ նախ նրանք ամենամոտիկն են կանգնած գետնին, եւ հետո` եթե օդն աղտոտված է, ուրեմն, հողն ու ջուրը նույնպես արդեն աղտոտված են: Օրինակ` համարվում է, որ ներկայումս Երեւանի բակերում դեռեւս պահպանված մի քանի մրգատու ծառերի պտուղն այլեւս չի կարելի ուտել այն պարզ պատճառով, որ դրանք տեղով թույն են: Եվ եթե այս իրավիճակն առաջիկայում չշտկվի, դժվար է ասել, թե մեզ հետ ինչ կպատահի: Արդե՛ն այս պահին բժիշկները նշում են, թե երեխաների մի զգալի հատված ծնվում է ամենատարբեր, դրանց թվում` սիրտ-անոթային արատներով, անհայտ ծագման ալերգիաներով, բրոնխիալ ասթմայով եւ էլի շատ ու շատ բարդություններով…
Այսքանից հետո, այնուամենայնիվ, գանք այն խնդրին, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանը խոցելի է հատկապես այն պատճառով, որ անկախության տարիներին մայրաքաղաքում առաջացած բոլոր խնդրների, տվյալ դեպքում` կոնկրետ այս խնդրի, պատասխանատվությունն իր ուսերին ենք դնում:

Գոնե այս հարցի կտրվածքով սա կատարյալ անհիմն պնդում է; Այլ խոսքերով` մեծ սուտ: Բացատրենք` ինչու: 

Բանն այն է, որ օրինակ` 1989 թվականին մենք ունեինք յոթ-ութ ակտիվ աղտոտիչներ: 90-ական թվականների կեսերին, սակայն, դրանց թիվը կտրուկ նվազեց այն պատճառով, որ հասկանալի պատճառներով արդյունաբերությունը գրեթե չէր գործում: Այդ տարիների հետազոտության համաձայն` արտանետումների 99%-ը կրկին ավտոտրանսպորտային էր, եւ հետաքրքիր է, որ իբրեւ ամենամեծ աղտոտիչ, մի քանի տարի շարունակ, գրանցվում էր կապարը:
Հիմա` ուշադրություն: Չնայած այն բանին, որ անկախության առաջին տարիները ոմանց կողմից համարվում են «ցրտի, մթի, ամենաթողության տարիներ», հենց առաջին նախագահի կողմից ստորագրվեց մի շատ կարևոր որոշում, որով արգելվեց էթիլացված բենզինի, այսինքն` կապար պարունակող վառելիքի ներկրումը, եւ միանգամից, արդեն հաջորդ տարի, գրանցվեց կապարի նահանջ եւ ընդհանրապես` բավականին լավ վիճակ մթնոլորտային աղտոտվածության տեսանկյունից: Կապարն աղտոտիչների շարքում դարձավ չորրորդը, հինգերորդը: Նույնը գրանցվեց ոչ միայն օդի, այլև բանջարանոցային մշակաբույսերի մեջ: Բայց տես, որ 2003 թվականի սկզբին ձյան մեջ կապարի պարունակության թռիչք արձանագրվեց, ինչը միանշանակ վկայում է, որ կապար պարունակող էթիլացված բենզինի ինչ-որ խմբաքանակ էր բերվել Հայաստան` իշխանությանը դիֆերամբներ երգող մի գործարարի կողմից: Ի դեպ, սրանից երկու տարի առաջ էլ մենք նույն պատկերն ունեցանք: Բայց նույնիսկ այդ դեպքում` ներկայումս մեր քաղաքի մթնոլորտային աղտոտվածության մոտ 80%-ն է առաջանում տրանսպորտային արտանետումներից (եւս մի պատճառ` գործող քաղաքապետին քննադատելու համար), ինչն արդյունաբերական բումի բացակայության պայմաններում միանշանակ մեկ բացատրություն ունի. վերջին տարիներին քաղաքային իշխանությունները ոչ թե ավելացրել, այլ համառորեն նվազեցրել են կանաչ տարածքները: Սա փաստ է, եւ թող Տարոն Մարգարյանն իր քարոզչության համար այլ կռվաններ ընտրի` մոռանալով «նախկինում կուտակված խնդիրներ» արտահայտությունը գոնե այս խնդրի մասով:

Ամբողջ հանրապետության մակարդակով, այդ թվում` Երեւանում, մենք երկրաքիմիական աղտոտման ինտենսիվության աճ ենք արձանագրել, ինչը նույնիսկ երկու-երեք անգամ գերազանցում է 1989-ի արդյունքը; Եվ դա այն դեպքում, երբ, կրկնում ենք, 1989-ին արդյունաբերությունն աշխատում էր իր ողջ հզորությամբ…

Գոհար Սիմոնյան