02.05.2013 14:59

Գերմանական դասեր Բարսելոնայում

Գերմանական դասեր Բարսելոնայում

Մյունխենի «Բավարիան» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, երրորդ անգամ` վերջին չորս տարվա ընթացքում:

«Բարսելոնա»-«Բավարիա» դիմակայությունը չստացվեց. մյունխենցիները նաեւ պատասխան խաղում էին մի կարգ ուժեղ մրցակցից եւ նորից հաղթեցին ջախջախիչ հաշվով` 3:0: Այս դիմակայության ընդհանուր հաշիվը 7:0 եղավ` հօգուտ «Բավարիայի» եւ սրանով ամեն ինչ ասված է:

Կապ չունի, որ կատալոնացիների կազմում չխաղացին Մեսին, Պույոլը, Մասկերանոն, Բուսկետսը, Ալբան: Պարզապես մյունխենցիները այսօր ուժեղ են եւ եթե կատալոնացիները նույնիսկ ամենաուժեղ կազմով խաղային, դժվար թե հաղթահարեին «Բավարիայի» արգելքը, հաշվի առնելով կատալոնացիների խաղային, ֆունկցիոնալ ընդհանուր ճգնաժամը, որը Մեսիի հետ կապ չունի:

Այսպիսով, առաջին անգամ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ եզրափակիչը կլինի զուտ գերմանական. մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կհանդիպեն Գերմանիայի, իսկ միգուցե արդեն նաեւ աշխարհի երկու ուժեղագույն ակումբները` «Բավարիան» եւ «Բորուսիան»:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 0:3 (առաջին հանդիպում՝ 0:4)

Արյեն Ռոբեն, 49, Խերարդ Պիկե, 72 (ինքնագոլ), Տոմաս Մյուլեր, 76