04.10.2012 16:55

Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը չի կայացել

Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը չի կայացել

Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը, որը պետք կայանար Արգենտինայի Ռեսիստենսիա քաղաքի «Սենտենարիո դել Չակո» մարզադաշտում, հետաձգվել է լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով:

Հանդիպումը պետք է մեկնարկեր տեղի ժամանակով 22:00-ին, սակայն երբ ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել, հանդիպման մրցավարները չեն սկսել խաղը՝ դաշտի անբավարար լուսավորության պատճառով: 50 րոպե անց խաղացողները հեռացել են հանդերձարան, եւս 40 րոպե անց Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ երկու երկրների ֆեդերացիաների փոխհամաձայնությամբ որոշում է կայացվել հանդիպումը հետաձգել:

Արդյունքում Բրազիլիայի հավաքականը չարտերային չվերթով վերադարձել է Սան-Պաուլու:

Այս հանդիպումը Ամերիկայի Սուպերկլասիկոյի պատասխան խաղն էր: Առաջին խաղում բրազիլացիները հաղթել էին 2:1 հաշվով: Պատասխան խաղի նոր ժամկետի մասին դեռեւս տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ այս միջադեպը քննարկվելու է Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: