03.05.2013 18:14

Լիզա Ճաղարյան. Կոնգրեսը միակ ուժն է, որ հանցագործ իշխանություններից պահանջել է մեկ բան` հեռացեք

Լիզա Ճաղարյան. Կոնգրեսը միակ ուժն է, որ հանցագործ իշխանություններից պահանջել է մեկ բան` հեռացեք

Վերջին նախագահական քարոզարշավը Հայաստանի նորագույն պատմության ամենաանհետաքրքիր, ամենաանատամ եւ անդեմ քարոզարշավն էր: Ինչու՞: Բոլորն էլ գիտեն` ինչու: Պարզապես մեկը բարձրաձայնել կամ բարձրաձայնում է դրա մասին, մնացածները լռում կամ հակառակն են պնդում, որովհետեւ նախընտրած նախագահի թեկնածու ունեին: Ես չունեի, «դիտորդ» էի, եւ ըստ իս՝ պատճառը մեկն էր. բոլոր թեկնածուները, անթաքույց կամ թաքուն, սիլի-բիլի էին անում իշխանությունների հետ եւ այդ սիլի-բիլիի անունը դրել էին քաղաքակիրթ պայքար: Ում որ համոզեցին, թե դա քաղաքակիրթ պայքար է` իրենց եւ համոզվողների գործն է, ինձ չհամոզեցին բոլորովին: Ողջ քարոզարշավի ընթացքում ես մի բան տեսա` այդ մարդիկ նախապես գիտեին, որ պարտվելու են (ընտրակեղծիքների միջոցով, թե առանց դրա` էական չէ), եւ քանի որ գիտեին` «քաղաքակիրթ պայքար» էին մղում, որ գլխավոր ընտրակեղծարարը շատ չբարկանա եւ իրենց սպասելիքներն արդարացնի:

Հայ ազգային կոնգրեսը չէր մասնակցում այդ քարոզարշավին: Թե որքան «կաշխուժանար» այդ քարոզարշավը, եթե մասնակցեր Կոնգրեսը, թե ոնց կմոռանային նախագահության թեկնածուները «քաղաքակիրթ պայքարի» անհրաժեշտության մասին, թե քարոզարշավի ընթացքում թաղի խուժանը քանի անգամ կհարձակվեր կոնգրեսականների վրա, կարելի է պատկերացնել` հիշելով, որ նույնիսկ այն դեպքում, երբ Կոնգրեսը թեկնածու չուներ, որքան հաճախ էին նախագահի մնացած թեկնածուներն ու նրանց համակիրները «մոռանում» իրենց հիմնական հակառակորդին` իշխանությունը մեկ անգամ զավթած եւ երկրորդ անգամ զավթելու իր մտադրությունը չթաքցնող Սերժիկ Սարգսյանին, բայց իր թեկնածությունը չառաջադրած Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսին չէին մոռանում ոչ մի գնով: Որքան էլ այդ մարդկանց կողքից հուշողներ եղան, որ Կոնգրեսը թեկնածու չունի, ձեր դարդով տապակվեք, միեւնույն է` պարոնայք նախագահի թեկնածուները եւ նրանց համակիրները նույն ոգով շարունակեցին Կոնգրեսին եւ Կոնգրեսի առաջնորդին «դիմակազերծելու» ազգանվեր ու սուրբ գործը:

Էլի լավ էր, որ «դիմակազերծեցին», գոնե մի քիչ կենդանության նշաններ ցույց տվեցին: Եթե մոռանային Կոնգրեսին, քարոզարշավի ընթացքում ազգս կննջեր երջանիկ եւ «քաղաքակիրթ» մանկան նման ու մեկ էլ կարթնանար` կտեսներ, որ սկսվել է Երեւանի ավագանու քարոզարշավը:

Սկսվեց եւ այսօր ավարտվում է: Վաղը լռում ենք, մյուս օրը գնում ենք որոշելու Հայաստանի մայրաքաղաքի ճակատագիրը: Եւ քանի դեռ չենք լռել, ասեմ` ինչ տեսա եւ հասկացա: Ավելի ճիշտ` վաղուց հասկացածս վերահաստատվեց: Եթե այս անգամ էլ Հայ ազգային կոնգրեսը չմասնակցեր քարոզարշավին, ազգիս երջանիկ եւ «քաղաքակիրթ» մանկան նինջը լեթարգյան երկարատեւ ու ծանր քնի էր վերածվելու:

Փոխադարձ բաժակաճառեր էին հնչելու Հայոց ջինջ երկնակամարում, թեթեւակի քննադատություն էր հնչելու աղբի հոտի եւ ասֆալտի անորակության մասին, միջակայքերում հիշվելու էր, որ, այնուհանդերձ, Տարոնը լավ տղա է` Ավանում մեկումեջ ծաղիկ է ցանել, համ էլ` Անդրանիկ Մարգարյանի տղան է, համ էլ՝ լավ պապա է` իր էրեխեքին բողկի պես պահում է, ոչ թե մեզ նման` մի օր կուշտ, մի օր էլ սոված է թողնում…

Կոնգրեսը հովվերգությունը խախտեց: Կոնգրեսը միշտ էլ իշխանությունների եւ նրանց կատարածուների ու պնակալեզների խաղաթղթերը խառնել է: Կոնգրեսը միակ ուժն է, որ հանցագործ իշխանություններից պահանջել է ընդամենը մեկ բան` հեռացեք, ազատեք այս երկիրը ձեր կործանարար ներկայությունից: Եւ հենց դա է պատճառը, որ ողջ քարոզարշավի ընթացքում իշխանական եւ իրենց ընդդիմադիր հորջորջող գրեթե բոլոր ուժերն ու լրատվամիջոցներն զբաղված էին Կոնգրեսի դեմ զրպարտանքներ «թխելով»: Դրա անունը, իհարկե, դրել էին «անաչառություն», բայց, չգիտես ինչու, այս անաչառների տեսողությունը վատանում էր` հենց բանը հասնում էր իշխանություններին եւ մնացած «ընդդիմադիրներին»:

Գիտեմ, որ Կոնգրեսը, որի համակիրն եմ ես, փորձում է մնացած «ընդդիմադիրներին» հասկացնել, որ իրենց միակ հակառակորդը Սերժիկ Սարգսյանն է` իր Տարոնով ու մնացած թալանչիներով ու հանցագործներով: Տա՛ Աստված, որ գոնե ընտրության օրը հասկանան, եւ ես ասեմ` սխալվել եմ:

Սա համարեք անհավատի հատուկ կարծիք, եւ եթե ուզում եք Հայաստանը թոթափի ավազակապետության լուծը, մայիսի 5-ին ընտրեք միմիայն Հայ ազգային կոնգրեսին:

Սկսեք Երեւանից: