08.05.2013 16:43

Տարոնը կրկին հանրապետական է. դարձ ի շրջանս յուր (լուսանկարներ)

Տարոնը կրկին հանրապետական է. դարձ ի շրջանս յուր (լուսանկարներ)

Այսօր կառավարության նիստին, որը վարում էր Սերժ Սարգսյանը, ներկա էր նաև Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի կրծքանշանով: Այս հանգամանքն ուշագրավ է նրանով, որ ավագանու ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում Մարգարյանը ցուցադրաբար չէր կրում այդ կրծքանշանը՝ թերևս հասկանալով, որ իր ցածր հեղինակությունը է՛լ ավելի է իջնում այն բանից, որ իրեն նույնականացնում են ՀՀԿ-ի հետ: Իհարկե, արդյունքում դա էլ Տարոն Մարգարյանին չօգնեց, քանի որ հասարակությունը շատ լավ էր ընկալել, որ Տարոն Մարգարյանը նույն ՀՀԿ-ն է, նույն Սերժ Սարգսյանը, նույն Լֆիկ Սամոն, նույն Թոխմախի Մհերը, նույն Նեմեց Ռուբոն և Միշիկ Մինասյանը: Եւ այն, որ Տարոնին վերընտրվեցրին հենց այդ նույն անձինք, հենց այդ նույն և նրան նմանների վերահսկողության տակ գտնվող թաղային խուժանը, այդ փաստի հերթական վկայությունն է: ՀՀԿ-ից զատվելու, տարանջատվելու, «լավ հրաշամանուկ», «կարգին տղա», «համեստ տղա» երևալու՝ Մարգարյանի բոլոր փորձերն ապարդյուն անցան, երբ հասարակությունը ծանոթացավ վերջինիս պաշտոնական հայտարարագրին և տեղեկացավ, որ միայն պաշտոնական թվերով Տարոն Մարգարյանը մյուս ՀՀԿ-ականներից չտարբերվող մի «6 միլիոնանոց տղա է», որը խուսափում է շփվել լրագրողների հետ և փակ հավաքներում ելույթ ունենալիս չի կարողանում անգամ գեթ մեկ բարդ ստորադասական նախադասություն կազմել: Մայիսի 5-ին հենց այդ պատճառով էլ ՀՀԿ-ն և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ Տարոն Մարգարյանն ուղղակի վերընտրվելու շանս չունի, գործի դրեցին բոլոր թաղային խուժաններին, «մենթային» վարքով ոստիկաններին, նույնիսկ կասկածելի վարքի տեր կանանց բանակը՝ թերևս ձեռի հետ էլ հիշեցնելով Տարոն Մարգարյանին, որ առանց իրենց՝ ինքը ոչինչ է եղել և ոչինչ էլ կմնա, որ առանց իրենց՝ նա ընտրվելու որևէ շանս ուղղակի չունի: Եւ հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, Տարոն Մարգարյանը նորից ՀՀԿ-ի կրծքանշանով է, այլևս բեմադրությունների կարիքը չկա:

Հ.Գ. Մյուս կողմից էլ, քարոզարշավի շրջանում ՀՀԿ կրծքանշան չկրելու՝ Տարոն Մարգարյանի քայլն ուղղակի սովորական երախտամոռություն է իրեն քաղաքապետ դարձրած ուժի և այդ ուժի պախանների հանդեպ: Ամեն գնով  քաղաքապետ դառնալու մոլուցքն այնքան մեծ էր, որ Տարոն Մարգարյանը մի ամիս չկրեց այն կուսակցության կրծքանշանը, որի հիմնադիրներից մեկը իր հայրն է համարվում՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը: 

Հ.Հ.Գ. Որպեսզի ավելի ակներև դառնա, թե ինչի մասին է խոսքը, մեր ընթերցողները կարող են այցելել Տարոն Մարգարյանի նախընտրական avelilav.am կայքի լուսանկարների բաժինը և դիտեն ցանկացած լուսանկար. այնտեղ ՀՀԿ կրծքանշանով Տարոն Մարգարյան գոյություն չունի:

Լուսանկարն արված է այսօրվա կառավարության նիստում: