05.10.2012 00:20

Գլոբալ Գոլդ Մայնինգի երրորդ պարզաբանումը. «Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է»

Գլոբալ Գոլդ Մայնինգի երրորդ պարզաբանումը. «Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է»

 

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին եւ 26-ին Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի («Այվազյան») կողմից մամուլում շարունակաբար տարածած անհիմն եւ կեղծ հայտարարարությունների հետ։

Մասնավորապես, Այվազյանը անհիմն, հակասական եւ պարզապես կեղծ հայտարարություններ էր տարածել Ընկերության վերաբերյալ՝ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի («Դատարան») կողմից իր դեմ Ընկերությանը ավելի քան 37.5 ԱՄՆ դոլար գումարի պատճառած վնասի համար վճարելու մասին վճիռը եւ կատարողական թերթը հրապարակելուց հետո։ Այվազյանը շարունակում է պնդել, թե իբր չի ծանուցվել Դատարանում ընթացող գործի մասին եւ այդ մասին իբր տեղեկացել է համացանցից՝ չնայած Ընկերության կողմից Այվազյանի հասցեներով ուղարկված բազմաթիվ ծանուցումների առկայությանը։ Փորձելով հակադարձել ծանուցումների վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես, Այվազյանը պատասխանել է թե ծանուցումները ոչ թե ինքն է ստացել, այլ իր ընտանիքի անդամները, իսկ մեկ այլ դեպքում՝ թե իբր այդ ծանուցումները ստացել է, բայց դրանք իբր ծանուցում չեն, ուղարկվել են Ընկերության կողմից, դրանք ինչ որ անգլերեն գրված բաներ են, եւ այլն։

Այվազյանը շարունակում է պնդել, թե Դատարանն իբր իր դեմ վճիռ է կայացրել որպես նախարարի՝ իր կողմից օրենքի համաձայն որոշումներ կայացնելու պատճառով (մասնավորապես, Այվազյանը հայտարարել է, թե իբր պաշտպանել է Հայաստանի Հանրապետության շահերը, եւ իբր փրկել է երկիրը թալանից)։

Այվազյանը շարունակում է նաեւ պնդել թե Ընկերությունն իբր Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չի կատարել, չնայած որ այլ նյութերի եւ ապացույցների հետ միաժամանակ առկա է Ընկերության կողմից հրապարակված միանշանակ փաստաթուղթ, որի համաձայն Այվազյանն ինքն էր վերացրել Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չկատարելու պնդումով անհիմն ակտը (Այվազյանի համարատասխան գրությունը հրապարակվել էր Ընկերության նախորդ բացահայտումներում)։

Ընկերության բացահայտումներին ի պատասխան Այվազյանը՝ 2012թ-ի սեպտեմբերի 28-ին, Ազատության ռադիոկայանի Ֆեյսբուկյան ասուլիսի, այնուհետեւ Հանրային Հեռուստատեսությանը (Հ1) տված հարցազրույցի ընթացքում, ինչպես նաեւ 2012թ-ի հոկտեմբերի 3-ին տարածած գրավոր հայտարարության միջոցով Ընկերության կողմից ներկայացված անհերքելի, ակնհայտ, առարկայական, եւ անվիճելի փաստերն ընդունելու փոխարեն շարունակել է տարածել է կեղծ, գոյություն չունեցող, եւ պարզապես ստահոդ հայտարարություններ, իր հայտարարությունները համեմելով պետական պաշտոնյային անվայել մակարդակի արտահայտություններով, ակնհայտորեն անցնելով իրականության ընկալման եւ պարկեշտության սահմանները։

Ավյազյանի կողմից վերոնշյալ առիթներով արված հայտարարությունների վերաբերյալ Ընկերությունը, դարձյալ, ստիպված է հանդես գալ բացահայտումներով.

1. Ազատության ռադիոկայանին եւ Հ1-ին տված հարցազրույցների ժամանակ Այվազյանը հայտարարել է, թե իբր վարձել է իրավաբան(ներ) Նյու Յորքի Դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով, եւ որ արդեն ստանում է փաստաթղթեր Նյու Յորքից (Այվազյանը ցույց է տվել փաստաթղթերից մեկը տեսախցիկների առաջ)։ Այս հայտարարությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, եւ կեղծ է։ Դատարանի ընթացակարգի համաձայն, դատավարական կողմերի ներկայացուցիչները պետք է նախ ընդունվեն որպես այդպիսին Դատարանի կողմից, ինչպես նաեւ՝ ցանկացած գործողություն իրականացնելու համար (ներառյալ որեւէ փաստաթուղթ ստանալու համար) պետք է դիմեն Դատարանին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ցանկացած նման գործողության դեպքում Ընկերության իրավաբաններին ուղարկվում է ծանուցում նույն էլեկտրոնային համակարգի միջոցով, ինքնաբերաբար։ Նման որեւէ ծանուցում չի եղել, ինչը նշանակում է, որ Այվազյանը Դատարանի հետ որեւէ գործողություն մինչ այժմ չի իրականացրել։ Ենթադրվում է, որ Այվազյանը տեսախցիկների առաջ ցույց է տալիս Ընկերության կողմից Այվազյանին ծանուցումների միջոցով ուղարկված փաստաթղթեր, որոնք, սակայն, Այվազյանը ներկայացնում է իբր Նյու Յորքից ստացված։ Սա ընդամենը պարզ ու հասարակ հնարք է։

2. Տեղեկացնում ենք, որ Այվազյանի դեմ Դատարանի վճռի վերաբերյալ 2012թ-ի օգոստոս ամսին Այվազյանին ուղարկված ծանուցման մեջ ներառվել է հատուկ ձեւ, որն Այվազյանը պետք է ընդամենը լրացներ, եւ ուղարկեր Դատարանին՝ եթե ցանկանար բողոքարկել վճիռը։ Հայտնի է, որ Այվազյանը ստացել, սակայն չի լրացրել այդ պարզ ձեւը, չի բողոքարկել Դատարանի վճիռը։ Այժմ Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, Դատարանը ԱՄՆ կատարողների ազգային ծառայությանը տվել է կատարողական թերթ, ինչ նշանակում է, որ վճիռն արդեն գտնվում է կատարման փուլում (վճիռը եւ կատարողական թերթը հրապարակվել են)։ Փաստում ենք, ուստի, որ Այվազյանն ընդամենը զբաղվում է տեսախցիկների առաջ ակնհայտ կեղծ հայտարարություններ տարածելով։

3. Ավելին, Այվազյանն ակնհայտորեն փորձում է վարկաբեկել իր դեմ վճիռ կայացրած ԱՄՆ դատարանին։ Այսպես, 2012թ-ի հոկտեմբերի 3-ին իր անունից տարածած գրավոր հայտարարության մեջ Այվազյանը պնդել է, թե իբր (մեջբերում) «… ըստ ինձ հայտնի ընթացակարգի, ԱՄՆ դատական այս ատյանը հայցվոր կողմի ներկայացրած տվյալները հավաստի է համարում եւ դրանց վրա հիմնվող որոշումներ է կայացնում, եթե այդ տվյալները ոչ ոք չի հերքում», եւ ապա, «այս առումով հիմնավոր կասկածներ ունեմ, որ դատավարության մասին տեղեկացված չեմ եղել միտումնավոր, որպեսզի ԳԳՄ-ի ներկայացրած տվյալները հերքող չլինի»։ Այս, ինչպես նաեւ Դատարանի եւ Ընկերության վերաբերյալ Այվազյանի նմանատիպ՝ Ընկերությանը եւ ԱՄՆ դատական համակարգն ինքնանպատակ վարկաբեկելուն ուղղված հայտարարություններն ընդամենը զավեշտ են, եւ ընդամենը ներկայացնում են Այվազյան անձի մտավոր մակարդակը։ Մենք ցավում ենք նաեւ, որ ԱՄՆ դատական համակարգի վերաբերյալ այս պարզունակ, կատակերգային հորինվածք հիշեցնող հայտարարությունները տարածել է Հայաստանի Հանրապետության պաշտոնյան։ Ոչ միայն ԱՄՆ դատական ատյաններում, այլ նաեւ Հայաստանի եւ այլ երկրների դատական համակարգում չի գործում Այվազյանի մտքի արգասիք հանդիսացող նման մի ատյան, որն իբր վճիռներ է կայացնում տվյալները չհերքելու պատճառով, եւ ավելին, որեւէ կողմին դիտավոր չծանուցելու պայմաններում։ Նման մտացածին ատյանը գոյություն ունի միայն Այվազյանի երեւակայության մեջ։ Այն հիշեցնում է Լյուիս Կէրոլի հայտնի “Ալիսան հրաշքների աշխարհում” հեքիաթից, սակայն ստիպված ենք տեղեկացնել, որ հայտնի գրողի այդ ստեղծագործությունը համարվում է աբսուրդի ժանրի դասական օրինակ, եւ գոնե այդ պատճառով չի կարող տեղ գտնել իրականության մեջ, ներառյալ Հայաստանում կամ ԱՄՆ-ում։ Գիտակից մարդու համար պարզ է, որ դատարանը, հատկապես ԱՄՆ դատարանը ստուգել, քննել, եւ ապացուցված է համարել Այվազյանի՝ գործում որպես անձ եւ ծպտյալ պրինցիպալ հանդիսանալու բոլոր փաստերը (ի դեպ, այդ փաստերը ներկայացրել են ոչ միայն Ընկերության, այլեւ Հայաստանի Հանրապետության այլ մարմինների կողմից)։

4. Ավելին. Դատարանը ստուգել, քննել եւ ապացուցված է համարել նաեւ Այվազյանի կողմից գործի վերաբերյալ ծանուցված լինելու ակնհայտ եւ անվիճելի հանգամանքը՝ միաժամանակ Այվազյանի կողմից ծանուցումներին չպատասխանելու, ներառյալ՝ Դատրանի վճիռը ստանալով այն չբողոքարկելու փաստերը։ Ի դեպ, նույն Այվազյանի պնդմամբ (Ազատության ռադիոյի Ֆեյսբուքյան ասուլիս, Հ1-ի հարցազրույց), բաժնետերերից առնվազն մեկը (ով ընդամենը զբաղվում է կոշիկի մանրածախ առեւտրով) ոչ միայն ստացել, այլ նաեւ պատասխանել է դատական ծանուցումներին. այն նույն ծանուցումներին, որոնք ուղարկվել են նաեւ Այվազյանին եւ ստացվել են նրա հասցեներում։ Ուստի փաստ է, որ ծանուցումները ոչ միայն ստացվել են, այլ նաեւ դրանց պատասխանել են Այվազյանի հետ համապատասխանող անձինք, մինչդեռ բոլոր բաժնետերերին ծանուցումներն ուղարկվել են միաժամանակ, նույն բովանդակությամբ։ Համոզված ենք, որ գիտակից մարդու եւ պաշտոնյայի համար գոնե պետք է անվիճելի լինի, որ եթե ծանուցումներն ուղարկվել են անձի հասցեով (բնակության, գրանցման, եւ այլն), ապա ՀՀ օրենքի պարզ դրույթի համաձայն դրանք համարվում են ստացված, եւ այդ մասին վիճելն ավելորդ է եւ անիմաստ։ Միաժամանակ ստիպված ենք փաստել, որ Այվազյան անձի դեպքում գործ ունենք աբսուրդի թատրոնի ոճով իր դեմ վճիռ կայացրած հեղինակավոր դատարանին անիմաստ վարկաբեկելու, օրենքով բոլորի համար անվիճելի համարվող ճշմարտությունները մինչեւ վերջ, հիրավի միայն փողոցային հարաբերություններին հատուկ անիմաստ համառությամբ ժխտելու փորձերի հետ։

5. Ընկերությունը բազմիցս՝ փաստական եւ առարկայական, անհերքելի վերարտադրությամբ (փաստաթղթերի, թվերի, լուսանկարների, եւ այլնի ձեւով) ներկայացրել է պարզ ճշմարտությունն առ այն, որ Ընկերության կողմից Հանքավանում, Մարջանում, ինչպես նաեւ Ընկերության լիցենզային այլ տարածքներում ոչ միայն կատարվել, այլեւ գերակատարվել են ուսումնասիրության աշխատաքների պարտավորություն հանդիսացող բոլոր ծավալները։ Այս պարզ փաստը հաստատել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ առնչություն ունեցող բոլոր միջազգային մարմինները։ Այս պարզ եւ անհերքելի փաստը, սակայն, համառորեն եւ ինքնանպատակ ժխտում է միայն Այվազյանը։ Ընկերությունն այդ աշխատանքների մեջ ներդրել է միլիոնավոր դոլարներ (Հանքավանում՝ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարից ավել, իսկ Մարջանում՝ 4 միլիոն ԱՄՆ դոլարից ավել, եւ այլն)։ Ընկերությունը նաեւ պարզորոշ բացահայտել է, որ Մարջանում աշխատանքներ չկատարելու վերաբերյալ Այվազյանի կողմից հանձնարարված (Այվազյանի դեպքում՝ պատվիրված) անհիմն ակտը հերքվել եւ վերացվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Այվազյանի պաշտոնավարումից հետո, երբ վերականգնվեցին Ընկերությանը տրված՝ սակայն Այվազյանի ապօրինի գործողություններով ապօրինի վերացված Մարջանի, Թուխմանուկի եւ Գետիկի հանքավայրերի լիցենզիաները։ Դատելով Այվազյանի արձագանքից, այս իրողությունը նրան կարծես զայրացրել է այն աստիճան, որ նա փաստորեն մեղադրում է կառավարությանը, լրագրողներին, Դատարանին, Ընկերությանը, եւ բոլորին ովքեր ընդունում են պարզ եւ բացահայտ ճշմարտությունները։

6. Այվազյանից հարցազրույց վերցնող լրագրողներից մեկը դիպուկ է նկատել. միլիոնները չոփ չեն որ կարողանաս թաքցնել։ Սակայն պարզվում է, այս այս համընդհանուր ճշմարտությունը Այվազյանը չի ընդունում։ Իրոք, առկա են բոլոր աշխատանքների արդյունքները՝ տասնյակ կիլոմետրերի հասնող հորատահանուկ, հազարավոր նմուշներ՝ տվյալներն ամբողջը համակարգված, մի տեղում (ֆիզիկապես պահեստում առկա եւ թվայնացված), տեքստի եւ քարտեզների հարյուրավոր թերթ աշխատություններ, երկրաբանական եւ երկրաինժեներական վերլուծություններ, լայնածավալ հաշվետվություններ (ներկայացված Հայաստանի բոլոր իրավասու մարմիններին՝ ներառյալ Այվազյան նախարարի կողմից ստացված), ամբողջ աշխատանքների եւ ներդրված գումարների վերաբերյալ միջազգային անկախ աուդիտորական եւ երկրաբանական կազմակերպությունների հաշվետվություններ (ամբողջը տեղադրված նաեւ համացանցում), ամբողջը բազմաթիվ անգամներ ստուգված եւ հաստատված Հայաստանի Հանրապետության տարբեր մարմինների կողմից՝ բազմաթիվ նպատակներով, եւ այլ անհերքելի ապացույցներ։ Սակայն փաստ է, որ Այվազյանը հնարավոր է գտնում արտաբերել այս ամենը կտրականապես ժխտող բառակապակցություններ՝ տեսախցիկների առջեւ, ինչպես նաեւ գրավոր։

7. Այվազյանն, օրինակ, պնդում է, թե Ընկերությունն իբր ոչ մի գումար չի ներդրել, քանզի՝ եթե ներդներ, ապա իբր պետք է հարկեր վճարեր, որոնք չի վճարել, եւ տեսախցիկին է դեմ տալիս հարկային մարմնի կողմից ներկայացված մի պարզ փաստաթուղթ, որն իբր միայն Այվազյանն է հասկանում։ Այդյոք՞ հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաղոժովի նախագահը պնդի, որ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մեջ ներդրումներ կատարելու (օրինակ՝ կապալառուի հետ պայմանագիր կնքելու միջոցով հորատման աշխատանքներ պատվիրելու եւ դրանց համար վճարելու) արդյունքում Ընկերությունը պետք է հարկ վճարի։ Սկսնակ հաշվապահն անգամ նման բան ասել չի կարող. նրան ոչ մի տեղ գործի չեն ընդունի։ Պարզվում է սակայն, որ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը կարող է նման պնդում անել, առանց կարմրելու, թե իբր ներդրումներ (վճարումներ) կատարելու դեպքում ներդրողը (վճարողը) նաեւ պետք է հարկ վճարի։ Սա առնվազն անհեթեթություն է։

8. Այվազյանը շարունակում է պնդել, թե իբր Հանքավանի լիցենզիան ոչ թե վերացրել, այլ ընդամենը չի շարունակել, այն էլ Ընկերության կողմից հանքավայրում աշխատանքներ իբր չիրականացնելու արդյունքում։ 2012թ-ի հոկտեմբերի 3-ի գրավոր հայտարարության մեջ Այվազյանը պնդել է (մեջբերում) «… որ ԳԳՄ-ն լիցենզիայով նախատեսված ներդրումային պարտավորությունները չի կատարել եւ ես, որպես նախարար, չէի կարող թույլատրել, որ նոր լիցենզիա տրամադրվի՝ Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չիրականացնելու պատճառով»։ Այս հայտարարությունը ոչ միայն կեղծ է՝ որովհետեւ հակասում է Ընկերության կողմից հրապարակված եւ հանրորեն հայտնի նյութերին, այլ նաեւ Այվազյանի կողմից իրականացրած գործողություններին, որոնց փաստաթղթային ապացույցները ներկայացվում են ստորեւ։ Այսպես, Ընկերությունն արդեն բացահայտել է, որ 2003թ-ին ՍՀԱ ՍՊԸ (Հանքավանի հանքավայրի լիցենզառու ընկերության) բաժնեմասը ձեռք բերելու ժամանակ ուսումնասիրության աշխատանքների վրա պետք է ծախսվեր ընդամենը 500.000 ՀՀ դրամ՝ համաձայն Այվազյանի նախարար եղած ժամանակ Հանքավանի ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցամատյանի տվյալների (աշխատանքների գրանցման փաստաթուղթերը հրապարակվել են Ընկերության նախկին բացահայտումների ժամանակ)։ Սա նշանակում է, որ Հանքավանի ուսումնասիրության աշխատանքները նախկինում պետք է սահմանափակվեին ընդամենը հանքավայրի երկրաբանա-տնտեսագիտական հիմնավորման (գիտահետազոտական փաստաթղթի) ներկայացմամբ, որի վրա պետք է ծախսվեր ընդամենը 500.000 ՀՀ դրամ՝ ըստ պետական գրանցման։ Այս փաստը հասկանալի է նաեւ այն առումով, քանի որ Այվազյանն այն ժամանակ հանդես էր գալիս որպես ՍՀԱ-ի ծպտյալ բաժնետեր եւ պրինցիպալ, եւ ուստի՝ ինքն իր վրա մեծ դրամական պարտավորություններ չէր վերցնի։ Այնուհետեւ՝ Ընկերության բացահայտումներով ցույց է տրվել, որ Ընկերության կողմից ՍՀԱ-ն ձեռք բերելուց հետո աշխատանքների ծավալը եւ գումարները բարձրացվել մինչեւ 15 միլիոն ՀՀ դրամ (այն ժամանակ՝ 50.000 ԱՄՆ դոլարի համարժեքը), ինչը նույնպես ստացել է պետական գրանցում։ Իրականում, սակայն, Հանքավանի աշխատանքների վրա ներդվել է 2.8 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն, կատարվել են 50 անգամից ավել ծավալի աշխատանքներ, քան պետք է կատարվեին։ Բոլոր ներդրումները ոչ միայն ստուգվել եւ ընդունվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, այլ նաեւ հաստատվել են միջազգային անկախ աուդիտի (երկու մակարդակից բաղկացած) հաշվետվություններով, ինչպես նաեւ միջազգային անկախ երկրաբանական հաշվետվություններով։

9. Ավելին, Այվազյանը նույնիսկ այս պարզորոշ հանգամանքներում ժխտելով իրողությունը, եւ պնդելով, թե իբր չէր կարող թույլ տալ Ընկերությանը Հանքավանի շահագործման լիցենզիա ստանալ, քանզի Ընկերությունն իբր աշխատանքներ չի իրականացրել, իրականում, սակայն, գործել է իր իսկ պնդումներին հակառակ։ Այսպես, Հանքավանի ուսումնասիրության լիցենզիան Ընկերությանը պատկանելու ընթացքում, 2006թ-ին, Այվազյանը՝ որպես նախարար, Գոլդեն Օրե ՍՊԸ (Գոլդեն Օրե) կոչվող ընկերությանը տվել է տեղեկանք Հանքավանի հանքավայրի պաշարների վերաբերյալ, որպեսզի այդ ընկերությունը ստանա Հանքավանի շահագործման լիցենզիա՝ առանց որեւէ աշխատանքներ իրականացնելու (Այվազյանի տեղեկանքը կցվում է)։ Այս տեղեկանքի համաձայն, Գոլդեն Օրեն Այվազյանին դիմել է 2006թ-ի օգոստոսի 2-ին։ Այվազյանի տված տեղեկանքի հիման վրա Գոլդեն Օրեին տվել է Հանքավանի հանքավայրի շահագործման լիցենզիան՝ 2012թ-ի սեպտեմբերի 15-ին (համապատասխան հրամանը կցվում է)՝ Այվազյանի տեղեկանքը ստանալու դիմումի ամսաթվից ընդամենը մեկ եւ կես ամիս անց։ Բնականաբար, այդ ժամանակաընթացքում Գոլդեն Օրեի կողմից Հանքավանի հանքավայրում որեւէ աշխատանք չի կատարվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության տված տեղեկանքի համաձայն Գոլդեն Օրեն գրանցվել է ընդամենը 2006թ-ի ապրիլի 10-ին, այսինքն, Այվազյանին Հանքավանի հանքավայրի պաշարների մասին տեղեկանքի համար դիմելուց ընդամենը երեք ամիս առաջ, իսկ Հանքավանի շահագործման լիցենզիան այդ ընկերությանը տրամադրելուց՝ ընդամենը հինգ ամիս առաջ։ Ավելին, Գոլդեն Օրե ընկերության բաժնետերերը հանքարդյունահանման մեջ ներդրումներ իրականացնող կազմակերպություններ չեն եղել, այլ եղել են երկու հայ կանայք։ Պետռեգիստրի նույն տեղեկանքից պարզ է երեւում է, 2007թ-ի ապրիլի 23-ին (Գոլդեն Օրեի հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց) այդ ընկերության բաժնեմասը՝ Հանքավանի շահագործման լիցենզիայի հետ միասին, վաճառվել է երրորդ կազմակերպության (Պետռեգիստրի տեղեկանքը կցվում է)։ Միայն Այվազյանին պարզ լինելու համար մանրամասնում ենք. Հանքավանի հանքավայրի շահագործման լիցենզիան տրամադրվել է հանքարդյունահանման հետ որեւէ կապ չունեցող մի ընկերության, որը նոր է հիմնադրվել, եւ անցյալում ոչ մի գործունեություն չի ծավալել։ Այդ ընկերությունը Հանքավանի հանքավայրում ոչ մի աշխատանք չի կատարել, սակայն երկրի փրկիչ Ազվազյանը ոչ միայն ստուգում չի ուղարկել եւ ակտ չի գրել այս աղաղակող փաստի առթիվ, այլ գործուն աջակցել եւ հոգացել է, որպեսզի Գոլդեն Օրեին տրամադրվի Հանքավանի շահագործման լիցենզիան։ Այնուհետեւ, ընդամենը ամիսներ անց այդ ընկերության բաժնեմասը վաճառվել է այլ ընկերության, առանց աղմուկի, ստուգումների, ակտերի եւ այլ՝ Այվազյանի համար խիստ կարեւոր հանգամանքների, ինչի մասին նա չի դադարել խոսել մինչ օրս։ Բնականաբար, այդ ընթացքում Այվազյանը հասցրել է մերժել Ընկերությանը նույն տեղեկանքը տրամադրելու վերաբերյալ Ընկերության դիմումը։ Ակնհայտ է, ուստի, որ մի դեպքում պաշտոնատար այրն անդադար պնդում է, թե աշխատանքներ պետք է կատարվեին որոնք իբր չեն կատարվել եւ ուստի լիցենզիան չի կարող «շարունակվել», իսկ անմիջապես հետո նույն պաշտոնատար այրը ոչ միայն չի պնդում որ աշխատանքներ պետք է կատավեն, այլ նաեւ գործուն աջակցում է որպեսզի աշխատանքներ չկատարելու հանգամանքներում տրամադրվի հանքավայրի շահագործման լիցենզիա։ Սա կոռուպցիայի դասագրքային սահմանումն է։ Համոզված ենք նաեւ, որ բոլորի, ներառյալ Այվազյանի համար ակնհայտ է, որ դատարանների նույնիսկ ամենահամեստ խորաթափանցության պայմաններում Այվազյանի դեմ վճռի հիմքում առկա են եղել ծանրակշիռ ապացույցներ։

10. Այվազյանը շարունակ պնդում է, թե իբր ոչ թե ինքը, այլ գիտնականներից բաղկացած Օգտակար Հանածոների Պաշարների Գործակալությունն է մերժել Ընկերության հայտը՝ Հանքավանի պաշարների հաշվարկի եւ գրանցման վերաբերյալ, մեջբերելով նամակից մի նախադասություն, որի համաձայն իբր Ընկերությունն օգտագործել է ԽՍՀՄ տարիների տվյալները։ Այվազյանն, այնուհետեւ, պնդում է, թե քանի որ հանձնաժողովը չի ընդունել Ընկերության հայտը, ուրեմն «պետությունն» իբր որոշել է հետ վերցնել իր «ապրանքը»։ Ընկերությունը փաստում է, որ իրոք, օգտագործվել են նաեւ ԽՍՀՄ տարիների տվյալները, ինչը՝ երկրաբանական ուսումնասիրությունների դեպքում անհրաժեշտ պայման է. երկրաբանության մեջ հաշվի են առնվում բոլոր տվյալները։ Ընկերությունը նաեւ փաստում է, որ հանձնաժողովն այն ժամանակ ենթարկվում էր Ազվազյանին, որպես նախարարի։ Ընկերությունը փաստում է նաեւ, որ Հանքավանի ուսումնասիրության աշխատանքների նախնական պետեկան գրանցման համաձայն Ընկերությունը պետք է օգտագործեր բացառապես ԽՍՀՄ տարիների նյութերը (ի դեպ, Ազվազյանի կողմից Գոլդեն Օրեին տված տեղեկանքը նույնպես հիմնված է բացառապես ԽՍՀՄ տարիների տվյալների վրա, ինչը զարմանալիորեն չի խոչընդոնել այդ ընկերությանը ստանալ Հանքավանի շահագործման լիցենզիան)։ Ընկերությունը, սակայն զարմանում է Այվազյանի կողմից օրենքի պարզ դրույթների այս խայտառակ մեկնաբանման վերաբերյալ։ Փաստորեն, Այվազյանը կարծում է, որ օրենքն աշխատում է կազինոյի սկզբունքով. ներդրողը (տվյալ դեպքում Ընկերությունը) խաղադրույք է դնում (ուսումնասիրության աշխատանքների մեջ ներդրումների ձեւով), իսկ Այվազյանը՝ ընդամենը հայտարելով թե խաղադրույքը չանցավ՝ հետ է վերցնում «ապրանքը», եւ այն վաճառում այլ խաղացողի։ Բարեբախտաբար, ՀՀ օրենքը հեռու է այս պարզունակ մեխանիզմից։ Իրականում, հանձնաժողովը հետ է վերադարձնում աշխատանքը բացառապես այն լրամշակել տալու նպատակով, որից հետո աշխատանքները պետք է դարձյալ ներկայացվեն եւ քննվեն՝ լսումների միջոցով (օրենքի համապատասխան հոդվածը կցվում է)։ Միաժամանակ, ակնհայտ է, որ Գոլդեն Օրեին նույնիսկ չի առաջարկվել նման աշխատություն ներկայացնել հանձնաժողովին։ Ուստի, փաստում ենք, որ Այվազյանի վիճարկումներն առնվազն անհիմն են։

11. Վերջում արդրադառնում ենք Ազատության ռադիոկայանի ասուլիսի ժամանակ Այվազյանի արված մեկ այլ հայտարարությանը. լրագրողի հարցին առ այն, թե ինչպես է Այվազյանը վերաբերվում հանքավայրեր ունենալու փաստին այն դեպքում երբ եղել է նույն լիազորված մարմնի ղեկավարը որը տրամադրում էր այդ լիցենզիաները, Այվազյանն իր՝ հանքավայրեր ունենալու իրավունքը համեմատել է շնչելու իրավունքի հետ, ասելով որ նույն տրամաբանությամբ մեզ (Այվազյանին) կարող են շնչելու իրավունքից զրկել։ Կարծում ենք, այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումներով. փաստ է, որ Այվազյանի «շնչառության» արդյունքում Այվազյանի ձեռքով ստորագրված հրամաններով Հայաստանի մի շարք առաջատար հանքավայրեր, ներառյալ, չսահմանափակվելով, (1) Լոռու մարզի Բազումի երկաթի հանքավայրը, (2) Սյունիքի մարզի Կամաքարի հանքավայրը, (3)Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրը, (4)Կոտայքի մարզի Աբովյանի երկաթի հանքավայրը, (5) Սյունիքի մարզի Սվարանցի հանքավայրը, (6) Արարատի մարզի տրավերտինի հանքավայրը, (7)Կոտայքի մարզի Հանքավանի հանքային դաշտի Բացատի Լիճ (ոսկի – պղինձ), (8) Սառնաղբյուր (ոսկի – պղինձ), (9) Ցից Քար (ոսկի – պղինձ), (10) Այա – Պավլե (ոսկի – պղինձ) հանքային տեղամասերը (ի դեպ՝ վերջին չորսը օրենքով նույնպես պատկանել են Ընկերությանը), (11) Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրի Զառ տեղամասը (ոսկի), (12) Արջասար տեղամասը (ոսկի), (13) Նոր տեղամասը (ոսկի), (14) Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկու հանքավայրը, (15) Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու հանքավայրը, (16) Արագածոտնի մարզի Սիսիանի ոսկու հանքավայրը, (17)Սյունիքի մարզի Մազրայի ոսկու հանքավայրը, (18) Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը (նաեւ Հանքավանը) գրանցվել են Այվազյանի մերձավորների եւ մտերիմների անուններով (ի դեպ, առկա են պետռեգիստրի եւ այլ մարմիններից տրված բոլոր տեղեկանքները, որոնք նույնպես ներկայացվել են Դատարանին), այնուհետեւ այս հանքավայրերի նկատմամբ՝ պարզ «շնչառության» պայմաններում, իրականացվել են գործարքներ։ Այդ գործարքներից առնվազն մեկից Այվազյանն անձամբ ստացել է 24 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է։ Բնականաբար, Այվազյանը սովորական մահկանացուներիս լեզուն հասկանալու պատճառ ունի։ Մենք բոլորս սովորական օդ ենք շնչում։

12. Հանքավանի դեպքում՝ ՍՀԱ-ի բաժնետերերից մեկը, ինչպես նշվեց վերեւում, զբաղվում է կոշիկի մանրածախ առեւտրով։ Մասնավորապես, օգնում է քրոջը, ով քաղաքի արվարձաններից մեկում կոշիկի փոքրիկ խանութ ունի։ Մյուս բաժնետերը բուժքույր է. սակայն Այվազյանի հրամանով նա առնվազն երկու առաջատար հանքավայրերի բաժնետեր է։ Բուժքույրը, բնականաբար, հանքարդյունահանմամբ նախկինում չի զբաղվել, եւ հիմա էլ չի զբաղվում, ճիշտ այնպես ինչպես եւ կոշիկի բիզնեսով զբաղվող մյուս բաժնետերը։ Սակայն, նրանցից մեկը ընտանիքի հետ է առանձնապես մտերիմ է երկար տարիներ՝ ընդհանուր ծննդավայր ունենալու առումով, իսկ մյուսը հանդիսանում է ընկերական շրջապատի ներկայացուցչի մտերիմը։ Բնականաբար, այս պարզ իրականությունները ներկայացվել են Դատարանին՝ ՀՀ տարբեր մարմիններից ստացված փաստաթղթային ապացույցներով։ Երկու բաժնետերերն էլ բաժնետեր են դառել Այվազյանի հրամաններով, եւ ստորագրել են փաստաթղթեր երբ անհրաժեշտ է եղել օտարել հանքավայրերի լիցենզիաներն այլ անձանց։ Եթե այս պարզ իրողություններն առաջարկվեին մանկապարտեզի սաներին՝ հանելուկի տեսքով (առանց բազմաթիվ հիմնավորող փաստաթղթերի), եւ հարցնեին թե ով է թաքնված այս ամենի ետեւում, երեխաները կծիծաղեին հանելուկի հեշտ լինելու պատճառով։ Կարծում ենք, որ կռահելն անգամ հեշտ է, որ այս իրողությունների պայմաններում, հատկապես իրողությունները հաստատող փաստաթղթերի պայմաններում, Դատարանը կայացրել է պարզ եւ հասկանալի վճիռ, որը ոչ միայն բողոքարկելը, այլ նաեւ վիճարկելն է անիմաստ։ Փաստում ենք, որ Այվազյանը նույնիսկ չի փորձել այն բողոքարկել, հասկանալի պատճառներով։

Առկա են, իհարկե, Այվազյանի կեղծ այլ պնդումներ, որոնք հերքվում են պարզ փաստաթղթերով եւ իրողություններով (ներառյալ պարզ հանգամանքն առ այն, որ Այվազյանը տեսախցիկների առաջ ցույց է տալիս իր պնդումները բացառող փաստաթղթեր՝ ունկնդրողին մոլորության մեջ գցելու նպատակով), սակայն դրանք սույնում չեն ներկայացվում այս պարզաբանումը ծավալուն չդարձնելու նպատակով։ Տեղեկացնում ենք, նաեւ, որ Այվազյանի վերոնշյալ գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվել են իրավապահներին, եւ Ընկերությունը պատրաստ է աջակցել նրանց աշխատանքին։

«Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ

Հրապարակումն ըստ Hetq.am

Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի