10.05.2013 01:49

Լիզա Ճաղարյան. Ներող եղեք, զոհված հերոսներ, ապրող հերոսներ

Լիզա Ճաղարյան. Ներող եղեք, զոհված հերոսներ, ապրող հերոսներ

Շուշիի ազատագրման օ՞րն էր: Ներող եղեք, մոռացել էի:

Երեկ ես եւ ընկերներս անձրեւի տարափի տակ կանգնած էինք Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի առջեւ: Ազատագրված Շուշիի եւ անկախացած Հայաստանի մի խումբ քաղաքացիներս սպասում էինք, թե Բաղրամյան 26-ից հնչած հեռախոսազանգն ինչ դատավճիռ է թելադրելու կամակատար դատավորին` չորս ազատասեր, ազնիվ, անկաշառ եւ հանցանք չգործած Հայաստանի քաղաքացիների համար: Դժվար էր հիշել հաղթանակների մասին, առավել եւս` երեւակայել, որ մենք ապրում ենք հաղթանակած երկրում: Չհիշեցինք եւ չպատկերացրինք. մենք մեզ զգում էինք զավթված երկրի քաղաքացիներ:

Դե, դրանից մի քանի օր առաջ էլ Երեւանում ավագանու ընտրություններ էին, եւ եթե, բացի մեր չորս տղաներից, ինչ-որ բան հիշում էինք դատարանի առջեւ հավաքվածներս, ապա միմիայն ընտրությունների օրվա հանցագործ «հերոսներին»` քուչի տղերքին, թաղի խուլիգաններին, ծախված հանձնաժողովի նախագահներին, «ուկլադկա» արած մազերով կնիկներին, կիսամերկ մարմնավաճառներին, կիսագրագետ, գողական պատգամավորներին ու սրանց` ընտրատեղամասերով մեկ ցփնած իրենց հղփացած տերերին, «ընտրյալ» Տարոնին ու «ազգընտիր» Սերժիկին: Եւ այս հանցախմբին փսլինքախառն ծառայող լրատվամիջոցներին:

Աչքի եմ անցկացնում թերթերը, կայքերը, կարդում եմ Ֆեյսբուքը ողողած շնորհավորանքները: Ինձ ստիպում եմ, ինքս ինձ խնդրում եմ, որ հպարտության զգացումը պարուրի հոգիս (ահագին էլ պարուրվող հոգի ունեմ), բան չի ստացվում:

Էս ինչի՞ չեմ ուրախանում: Ի վերջո, հաղթանակած երկրի քաղաքացի եմ: Հենց այն քաղաքացիներից եմ, որը երբեք չի ասել «մութուցուրտ» տարիներ, ասել է` Հաղթանակի տարիներ: Այն քաղաքացիներից եմ, որ զրկանքներ է կրել, բայց երբեք չի դժգոհել: Եթե նույնիսկ ցանկացել եմ դժգոհել, հիշել եմ խրամատներում կռվող եւ զոհվող մեր տղամարդկանց ու լեզուս կծել եմ: Այն քաղաքացիներից եմ, որ պատերազմի դաշտ է տեսել, վիրավոր զինվորներ, ազատագրված տարածքներ, ուրվական-գյուղեր…

Ներող եղեք, զոհված հերոսներ, ապրող հերոսներ: Ուզում եմ ջերմ խոսք ասել ձեզ, բառեր չեմ գտնում: Ուզում եմ հպարտությունս բաժանել բոլորին… Փնտրում եմ հպարտությունս ու չեմ գտնում: Ուզում եմ հիշել բոլորիդ մեկիկ-մեկիկ, բայց աչքիս առջեւով սարսափ-ֆիլմի կադրերի նման անցնում են մեր երկիրն ասպատակող անհայրենիք սրիկաներն ու նրանց շպրտած լափը որոճող, Հայաստանի ողնաշարը կրծող առնետները:

Լիզա Ճաղարյան