10.05.2013 19:27

Մարդիկ Մուկուչյանին վերադարձրեցին ճիտին պարտքը

Մարդիկ Մուկուչյանին վերադարձրեցին ճիտին պարտքը
Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կապված ամենաթարմ պատմությունը, երբ նա վերջին պահին հրաժարվեց մասնակցել «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին, դեռ շարունակում է քննարկման թեմա լինել: Այն պահից սկսված, երբ հայտարարվեց, թե մարդիկ կարող են իրենց հարցերը գրել Մուկուչյանի ասուլիսի ժամանակ հնչեցնելու համար, սկսվեց մի բավականին ուշագրավ հարցատարափ: Ընդ որում, ավանդական «լուրջ» հարցերի, քննադատության եւ ամոթանքի փոխարեն, մարդիկ ուղղակի հումորային հարցեր էին գրում Մուկուչյանին: Ժողովրդական լեզվով ասած` «ղժժում էին»: Շատերը, սակայն, զարմացան, թե ինչո՞ւ պարոն Մուկուչյանին լուրջ հարցեր տալու փոխարեն, մարդիկ նախընտրեցին «ղժժալ»: Ու քանի որ հարցի պատասխանը կարող էր զգալի ապտակ հասցնել իշխանական կայուն գաղջ մթնոլորտին, աուլիսից հրաժարվելու ԿԸՀ պաշտոնական պարզաբանման մեջ փորձ արվեց խնդրին քաղաքական աստառ տալ:

Սակայն, եթե փորձենք կատարվածին նայել իշխանական գաղջի աշտարակի դիտակետից անդին, ապա կտեսնենք, որ հասարակությունը հումորի լեզվով արեց այն, ինչ արդեն քանի տարի անում է նույն իշխանությունը, եւ մասնավորապես, ԿԸՀ-ն եւ նրա նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հասարակությունը ուղղակի վերադարձրեց Մուկուչյանին ճիտին պարտքը: Երբ մարդը, ով մասնակցում է քվեարկությանը, կամ որպես դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ ականատես է լինում ընտրակեղծիքների, երբ թաղի խուժանը` ոստիկանների հետ ձեռք ձեռքի տված ընտրվցնում են իրենց թեկնածուներին, եւ դրանից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասուլիսներ կամ հարցազրույցներ է տալիս եւ ասում, թե կեղծիքներ չեն եղել, կամ թե, ընտրությունները արդար եւ ազատ են եղել, ապա դա նույն բանն է, ինչ արեցին ընթերցողները` ֆեյսբուքյան ասուլիսի հարցեր գրելու ժամանակ: Երբ Մուկուչյանը դեմքի լուրջ արտահայտությամբ արդարացնում է կեղծքիները, դա նույնն  է, թե մեզ նայի լուրջ դեմքով եւ ասի` «մատե, մատե, քանի՞ մատե»: (Քաղաքացիներից մեկը նման հարց էր ուղղել Մուկուչյանին): Երբ քաղաքացին Մուկուչյանին լուրջ հարց տալու փոխարեն, հարցնում է`«2 անգամ 2, որքա՞ն կլինի ըստ ԿԸՀ-ի», պատահականորեն չի հարցնում: Որովհետեւ, մեր բոլորիս կողմից իմացած մաթեմատիկան եւ հաշվարկի կանոնները որեւէ կերպ կապ չունեն ԿԸՀ-ի մաթեմատիկայի հետ: Երբ քաղաքացին հարցնում է, «տանը ի՞նչ եք վառում, յուղ վառո՞ւմ եք», դա նույն Մուկուչյանի` արդար ընտրությունների մասին հայտարարությունների ոճի մեջ հարց է: Եթե Տիգրան Մուկուչյանը կարող է բացահայտ ծաղրել հասարակությանը, ուրեմն, նույն հասարակությունը կարող է ծաղրել Մուկուչյանին: Այո, ոչ թե «լրջի մեջ» քննադատել Մուկուչյանին, այլ բացահայտ ծաղրի առարկա դարձնել, իսկ ծաղրին ու հումորին, ԿԸՀ-ն, փաստորեն, չդիմացավ, որովհետեւ հասկացավ, որ քաղաքացիները չունեն իրենց պաշտոնական եւ լուրջ լոլոների կարիքը, քաղաքացիները ամեն ինչ իրենց աչքով են տեսել, եւ նրանց հայտնի կենդանու տեղ դնելու կարիք չկա: Իսկ եթե փորձում են, ահա թե ինչ արդյունք է լինում: Ծաղրն այս պարագայում այն միակ լեզուն էր, որը կարող էր ընկալելի լինել Մուկուչյանի համար: Մուկուչյանը շատ լավ հասկանում է, թերեւս, որ հենց նրան սկսել են ծաղրել, ուրեմն, ամեն ինչ կորած է իր համար: Ի վերջո, ինքն ամբողջ կյանքը ԿԸՀ նախագահ չի աշխատելու, ժամանակը կգա եւ նա, իր համար լավագույն դեպքում, կանցնի վաստակած թոշակի, ու այդ ժամանակ հիշվելու է միայն այն ծաղրը, որին նա արժանացավ` իր գործունեության համար: Ծաղրն ուժեղ զենք է: Երբ քննադատությունը անտեսում են, երբ քեզ փորձում են ծաղրել, համընդհանուր ծաղրը դառնում է միակ եւ լավագույն զենքը: Այնպես որ, Տիգրան Մուկուչյանը լավ կանի հանրությունից նեղանալու եւ կատարվածը քաղաքական ուժերի վրա բարդելու փոխարեն` փոքր ինչ մտածի հասարակության մոտ սեփական հեղինակությունը այս աստիճան չպղտորելու մասին: Ի վերջո, տեսանք, հասարակության ծաղրը զորավոր է:

Քրիստինե Խանումյան