10.05.2013 22:41

Լիզա Ճաղարյան. Շտիրլիցը, ԱրմՆյուզի Արտակը, մեկ էլ` «որեւէ մի» փաստաթուղթը

Լիզա Ճաղարյան. Շտիրլիցը, ԱրմՆյուզի Արտակը, մեկ էլ` «որեւէ մի» փաստաթուղթը

Քեֆս բերում է էս արտասահմաններում կրթված երիտասարդ Արտակ Ալեքսանյանը: Շուշիի ազատագրման օրվա առթիվ ԱրմՆյուզ էր հրավիրել Շտիրլիցին:

Ճիշտ է, հռչակավոր հետախույզը կեղծանունով ներկայացավ` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանց, Արտակն էլ, հեռուստադիտողներին ի տես, ձեւացրեց, որ հավատում է, բայց հո տեսնողը տեսա՞վ, լսողն էլ լսե՞ց, որ ոտքից գլուխ Շտիրլից է, դեռ մի բան էլ ավելի: Էնքա~ն բան գիտեր, էնքա~ն բան գիտեր, որ ոչ մեկս չգիտենք: Հենց դրա համար էլ էդ ազիզ օրով արտասահմաններում կրթված երիտասարդը կանչել էր հենց իրեն`մեր նորագույն պատմության «մութ» էջերը բացահայտելու ազգանվեր մղումով:

Ակնհայտ էր, որ իր «անաչառությամբ» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուշադրությանն արժանացած պարոն Արտակ Ալեքսանյանը (ըստ նախնական զեկույցի, որտեղ անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքներին, «Հանրային հեռուստատեսության եթերում ներկայացված պարոն (Սերժիկ-Լ.Ճ.) Սարգսյանի երկու գովազդային հոլովակում օգտագործվել է Արմնյուզի գլխավոր խմբագրի ձայնը») նախապես տեղյակ էր, որ Շտիրլիցը ղարաբաղյան պատերազմի բոլոր ծալքերի մեջ մտել-դուրս է եկել, դե` բանավոր խոսքից էլ երեւում է, որ բնիկ հայաստանցի չէ, մի քանի հերթապահ բառուբանից եւ բուն թեմային անցնելուց առաջ`հարց ուղղեց հայերենի խղճուկ իմացությամբ փայլատակող սույն պարոնին` դուք այդ տարիներին Ստեփանակերտու՞մ էիք: Սայթաքեց փորձառու Արտակը, ա’յ, ա’յ, ա’յ: Պարզվեց` Շտիրլիցը ղարաբաղյան պատերազմի տարիներին Հայաստանում էր բնակվում: Է’, հետո՞ ինչ. ո՞վ կհամարձակվի դրա համար մեղադրել մեծն հետախույզին: Պարզից էլ պարզ է, որ արտասահմանյան իր բազմաթիվ գործակալների հետ շփումներն ավելի հեշտացնելու համար է հաստատվել Հայաստանում: Թե չէ անձամբ ես` հեռուստադիտողս, դույզն-ինչ կասկած չունեմ, որ Շուշին հենց ինքն էր ազատագրելու, եթե այդ սրտառուչ պատճառը չլիներ: Եւ խնդրեմ` իր գործակալների շնորհիվ մարդը, կներեք` Շտիրլիցն ավելի շատ բան գիտի այդ պատերազմի մասին, քան Ղարաբաղն ազատագրողները:

Իր աղբյուրներն էլ հո հասարակ աղբյուրներ չեն` իրանական են ու թուրքական, հանա՞ք եք անում Սերգեյ Շաքարյանց կեղծանունով Շտիրլիցի հետ: Չէ, չէ, Արտակը հանաք չի անում, ինքը շատ լուրջ տղա է, իմացության այս ջրվեժին հենց դրա համար էլ կանչել է, դրա համար էլ աչքերը կլորացնում է, կկոցում է, ուզում է թափանցել էս քաջատեղյակի հայրենատենչ հոգու խավարչտին խորխորատները եւ ամեն գնով հասարակությանը հասցնել իրեն կերակրողների վարկածը` Լեւոն Տեր-Պետրոսյանը չգիտեր, որ Շուշին ազատագրվելու է: Դե, սա նորություն չէ, հո Շտիրլիցն իր ծանր տեղը չի՞ թեթեւացրել, եկել-հասել կակոյ-նիբուձ ԱրմՆյուզ, որ ասի մի բան, ինչն ասում են Սերժիկ Սարգսյանի կերակրատաշտից օգտվող զանազան մանրիկ-մունրիկներ: Գիտե՞ք, ինչեր է պարզել նա: Պարզել է, որ այդ նույն օրը ՀՀ հիմնադիր նախագահը «որեւէ մի» փաստաթուղթ է ստորագրել Իրանում: Բայց Շտիրլիցը մեծագույն պետական մտածող է, հո ամեն ինչ չի՞ ասելու, ինքը կեսն ասում է, մնացածը դուք հասկացեք: Ձայնն էլ տեղ-տեղ ցածրացնում է` շատ մարդ չլսի, էլի, մենք ու մերոնցով իմանանք` հերիք է: Ախր շատ բան կարող է ասել, բայց դեռ չի ուզում: Ինքն Իրանում` Շուշիի ազատագրման օրը ստորագրված գաղտնի փաստաթուղթը չի տեսել, բայց գիտի, թե այնտեղ ինչ է գրված: Էստեղ ձայնն ավելի է իջեցնում, որ աթոռից վեր կենաս` գնաս հպվես հեռուստացույցին, մեկ էլ տեսար` շրթունքների շարժումից ջոկես, թե էդ ինչ է ստորագրել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ միայն ինքը գիտի, մեկ էլ` իր իրանցի անձնական օգտագործման գործակալները: Հետն էլ գլուխն է էն Սողոմոնի պես տմբտմբացնում: «Վա’յ, վա’յ, վա’յ, Շտիրլից ախպեր, էսքան բան գիտես ու ո՞նց ես դիմանում, անձնազոհ ես, անձնազո’հ, հայրենիքը քեզ չի մոռանա»,- կաթում է երիտասարդ Արտակի երախտագետ ու պարզկա աչուկներից:

Երեւի չափն անցած շատ էր հմայվել Շտիրլիցի գլխի տմբտմբոցներով, թե չէ հեռուստաաստղ Արտակը շատ պրոֆեսիոնալ է ու հաստատ կհարցներ` է’ լավ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրման օրը փաստաթղթով-ստորագրությամբ Ղարաբաղը ծախել է, ադրբեջանցինե՞րն ինչու են թաքցնում էդ երջանկահիշատակ փաստաթուղթը, ինչու՞ չեն տանում-դնում Մինսկի խմբի սեղանին: Չհարցրեց: Եթե հարցներ, վստահ եմ` Շտիրլիցը կիսաձայն կբացահայտեր, որ ադրբեջանցիներն էնքան են սիրում Հայաստանի հիմնադիր նախագահին, որ հանուն էդ սիրո պատրաստ են Ղարաբաղը զոհաբերել: Ըստ իր անձնական օգտագործման ադրբեջանցի գործակալների:  

Բա էն թուրք «Գորշ գայլերը»… Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց հետ գաղտնի կապեր ուներ, եսիմ քանի անգամ հանդիպել է հետները: Սա էլ` ըստ իր անձնական օգտագործման թուրք գործակալների: Վա~յ, լու՞րջ ես ասում, Շտիրլից ջան: Բա չէ, բոչկա է գլորում: Դեռ էնքան բաներ գիտի, որ չի ասում, լիքը «որեւէ մի» փաստաթղթեր կան, որոնց մասին դեռ չի խոսում: Այ, եթե արտասահմաններում կրթված երիտասարդ Արտակը, որին դաժանորեն խաբել են, որ օճառը հիգիենայի պահպանման համար է, ոչ թե իր տերերին քծնելու համար,  հաճախ կանչի իրեն, կպատմի նաեւ, որ Արեւմտյան Հայաստանն էլ է Լեւոն Տեր-Պետրոսյանը նվիրել թուրքերին, «Ադանայի ողբն» էլ հենց ինքն է գրել` Սերգեյ Շաքարյանց կեղծանունով Շտիրլիցը:

Լիզա Ճաղարյան