05.10.2012 01:12

ԵԽԽՎ բանաձեւը նաեւ Համաժողովրդական շարժման վաստակն է

ԵԽԽՎ բանաձեւը նաեւ Համաժողովրդական շարժման վաստակն է

Երեկ ԵԽԽՎ-ն սահմանեց «քաղբանտարկյալ» հասկացությունը: Ինչպես որ մինչ այժմ «քաղբանտարկյալ» տերմինը չկար սահմանված, այդպես էլ դեռ կարող էր չսահմանվել երկար ժամանակ։ Եւ դա այն դեպքում, երբ այդ որակումը տեւական պատմություն ունի, լայնորեն օգտագործվում է ողջ աշխարհի քաղաքական լեքսիկոնում։ Այն դեպքում, երբ այն համարվում է ժողովրդավարության լինել-չլինելը, մարդու իրավունքների պահպանվել-չպահպանվելը գնահատելու կարեւոր չափորոշիչներից մեկը։ Ու առ այսօր չկար դրա սահմանումը: Բոլորն են հիշում, որ այս խնդրին ԵԽԽՎ-ն ամենից սուր բախվեց 2008 թվականի հայաստանյան հետընտրական զարգացումներից, Մարտի 1-ից, քաղաքական հետապնդումներից ու բանտարկություններից հետո։ Հայկական երկրորդ ժողովրդավարական շարժում Հայ Ազգային Կոնգրեսը ԵԽԽՎ-ում եւ այլ կառույցներում այս հարցը բարձրացնում ու հետապնդում էր անընդհատ։ Բայց ոչ մի կերպ այդ որակումը հայաստանյան քաղբանտարկյալների համար չօգտագործվեց` նույն այդ ճնշումների արդյունքում ընդունված Հայաստանին վերաբերող չորս բանաձեւերում։ Ոչ թե ասում էին՝ համաձայն չենք, այլ պատասխանում էին՝որովհետեւ չունենք «քաղբանտարկյալ» տերմինի սահմանումը:

Այժմ, քաղբանտարկյալների ազատության համար եռամյա պայքարի մասնակիցները լիարժեք կարող են համարել, որ ԵԽԽՎ-ի ընդունած սույն որոշումը նաեւ իրենց պայքարի արդյունքն է:
Այսպիսի փաստեր արձանագրվում էին նաեւ առաջին հայկական ժողովրդավարական շարժման («Ղարաբաղյան շարժման») տարիներին։ Նրա ճնշմամբ ու նրա պայքարի շնորհիվ տասնյակ օրենքներ է ընդունել ոչ միայն Հայաստանի, այլեւ` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը։ Այդ օրենքներից օգտվում էին (օգուտ էին քաղում), բնականաբար, ոչ միայն Հայաստանը, այլեւ` ԽՍՀՄ մյուս հանրապետությունները։ Այդպես էլ հիմա. ԵԽԽՎ ընդունած օրինագիծը միաժամանակ անդամ բոլոր պետությունների իրավասու մարմիններին առաջարկում է «վերը նշված չափանիշների կիրառմամբ վերանայել բոլոր այն գործերը, որտեղ, հնարավոր է»: Խոսքը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, և «կախված արդյունքներից՝ կամ ազատ արձակել նման կալանավորներին, կամ էլ կրկնակի դատաքննություն անցկացնել»:
Այսինքն, մեր պայքարի պտուղներից օգտվելու են նաեւ ուրիշները։ Եւ դա հպարտանալու, պարծենալու բան է:

Մուսա Բադալյան