11.05.2013 18:43

Սերժ Սարգսյանն անցողիկ է, իսկ քրեական օրենսգիրքը՝ մնայուն (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն անցողիկ է, իսկ քրեական օրենսգիրքը՝ մնայուն (տեսանյութ)

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինական է գնահատում այն, որ ընտրությունների օրը մարդկանց լցնում էին երթուղայինները և դատարկում ընտրատեղամասերում։ Նա իրեն համարում է գողականների ու հարիֆների ոստիկանապետը և երազում այն մասին, որ ամեն մի քաղաքացու կողքին մի ոստիկան լինի (տես տեսանյութը)։

Վազգեն Սարգսյանից «ֆիքստուլ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանից «զորավար» մականունը ստացած Վովային ակնհայտորեն դուր է գալիս իր նոր՝ տոկոս «խփողի» և քաղաքական գործընթացներին խառնվողի դերակատարումը։ Նա ձգտում է դառնալ քաղաքական դաշտի թիվ մեկ շոումենը։

Իր արտիստիկ պահվածքով և «ֆիքստուլ» վարքագծով Գասպարյանը փորձում է Վանո Սիրադեղյան խաղալ, բայց մոռանում է մեկ կարևոր բան. Վանոն 88–ի շարժման դեմքերից էր և քաղաքական դաշտից տեղափոխվեց ոստիկանական համակարգ։ Ասել է թե՝ Վանոն ուզեր թե չուզեր՝ քաղաքական ոստիկանապետ էր լինելու։ Իսկ ահա շոումեն Վովան ուզում է ոստիկանապետի ֆունկցիան ծառայեցնել քաղաքական դաշտում իր կշիռը բարձրացնելուն։

Պարզապես Վլադիմիր Գասպարյանը միշտ պետք է հիշի, որ Սերժ Սարգսյանն անցողիկ է, իսկ ահա քրեական օրենսգիրքը՝ մնայուն։

Սևակ Մինասյան

7or.am