05.10.2012 03:59

Հրանտ Բագրատյան. Վարչապետին և ԿԲ նախագահին հրավիրում եմ հեռուստաբանավեճի

Հրանտ Բագրատյան. Վարչապետին և ԿԲ նախագահին հրավիրում եմ հեռուստաբանավեճի

Հրանտ Բագրատյանը քիչ առաջ իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որը ներկայացնում են ամբողջությամբ.

Կենտրոնական բանկի և Կառավարության հաշվետվության քննարկման ժամանակ արած իմ հարցադրումները հունից հանել են Կառավարությանը և իշխող վերնախավին: Այսպես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ես վիրավորել եմ իրենց և ուրեմն ինքն էլ մեզ պետք է վիրավորի: Արտակ Զաքարյանն իր հարցազրույցում իմ հարցադրումները համարեց քաղաքական: Սրա հետ կապված ուզում եմ նկատել հետևյալը. 1. նախ, ես Կառավարությանը չեմ վիրավորել: Նախ, Կենտրոնական բանկի (և ոչ թե Կառավարության) հասցեին ասել եմ. Ներկայացված հաշվետվությունը աղբ է: Եվ սա Կառավարության հետ ի՞նչ կապ ունի: Կամ մի՞թե աղբ տերմինը տվյալ դեպքում վիրավորական է: Այն քաղաքական գնահատական է մի մի փաստաթղթի, որը նույնիսկ աղբ էլ չէ, ոչ մի բան է: 2. Այս առիթը Տիգրան Սարգսյանն օգտագործեց բանավեճից խուսափելու համար: Ի վերջո, կատարված են կոնկրետ հարցադրումներ: 3. Իմ ելույթը քաղաքական չի եղել, խորը մասնագիտական: Կենտրոնական բանկի նկատմամբ արվել է 16 շատ կոնկրետ հարցադրում, Կառավարության բյուջեի նկատմամբ` 9: Ոչ մի պատասխան: Ասում եմ ինչու եք վերցրել 4.7% գնաճը 7.7%--ի փոխարեն, ո՞ր օրենքով: Ինչու՞, օրինակ, դեֆլյատորը հաշվելիս այլ մոտեցում եք ցուցաբերել:  Պատասխան չկա: Ասում ենք, եթե գնաճը 7.7% է, իսկ աշխատավարձն աճել է 5.9% (բոլոր թվերը պաշտոնական են), ուրեմն1.8% վա՞տ ենք ապրում: Ինչպե՞ս կարելի է խոսել աճի մասին: Պատասխան չկա: Ասում ենք` մոտ 2 միլիարդ դոլար պահուստներով գնել եք արժեթղթեր, որոնք վնաս են բերել, ո՞վ է պատժվելու: Պատասխան չկա: Ասում ենք` ֆոնդային բորսան ինչու՞ եք տվել ԿԲ-ին ու հիմա այդ բորսան բացակայում է: Պատասխան: Որովհետև 20 տարի առաջ դուք վաուչերային սեփականաշնորհում եք արել ու տնտեսությունը կենտրոնացրել եք: Կներեք, բայց վաուչերային սեփականաշնորհումը (մի կողմ թողնենք ճիշտ է, թե սխալ) միայն կարող է ցրել, ապակենտրոնացնել և ոչ թե հակառակը: Ավելին, 90-ականներին այն ընդունվել էր ԱԺՄ, նույն Տ. Սարգսյանի պնդմամբ: Այն ժամանակ դուք օպոզիցիա էիք: Մենք էլ, ի վերջո, հարգեցինք ձեր մոտեցումը: Եվ ինչպե՞ս կարելի է լուրջ հարցերին նման թեթևամիտ պատասխան տալ: Չէ, այս իշխանությունները կարող են միայն խաբել: Օգտվելով առիթից` և վարչապետին, և ԿԲ նախագահին առաջին դեմքի մակարդակով (ինչպես հարիր է նախկին վարչապետին) նորից հրավիրում եմ հեռուստաբանավեճի: Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ: