13.05.2013 23:18

Հրանտ Տեր-Աբրահամյան. Գալուստը ՀՀԿ-ին նույնացնում է չարիքի հետ

Հրանտ Տեր-Աբրահամյան. Գալուստը ՀՀԿ-ին նույնացնում է չարիքի հետ

Գալուստը ասում է, թե ՀՀԿ-ն կհեռացվի իշխանությունից միայն՝ երբ Փոքր Մհերը դուրս գա ժայռից: Բավականին հետաքրքրիր եւ երկիմաստ, ես կասեի՝ բազմաշերտ երկիմաստ հայտարարություն է հանրապետականի եզակի հնաբնակի կողմից, ով իշխանամետ պատգամավոր էր ՀՀԿ-ից դեռ Լեւոնի ժամանակ (այո՛՝ չզարմանաք, իմաստուն Գալուստն այն ժամանակ էլ ամենեւին աչքի չէր ընկնում «հանցավոր» ՀՀՇ-ական ռեժիմի դեմ պայքարում, այլ հանգիստ եւ տաքուկ տեղ էր գտել իրեն՝ ԱԺ-ի աննկատ անկյուններից մեկում): Նախ՝ փաստորեն, Գալուստը ՀՀԿ-ին նույնացնում է չարիքի հետ, քանի որ, ինչպես հայտնի է՝ Փոքր Մհերը դուրս կգա ժայռից աշխարհի վերջում, երբ բարին ու արդարը վերջնականապես պետք է հաղթեն չարին ու անարդարությանը: Իհարկե, Գալուստը նաեւ հեգնում է՝ նկատի ունենալով, որ մինչեւ աշխարհի վերջ իրենք են, իսկ մյուսների հնարավորությունները միայն հեքիաթային կամ առասպելական դաշտում են: Մյուս կողմից, Գալուստը լավ էլ բռնացնում է մեր հասարակության զգալի մասի տրամադրությունը, որի համար քաղաքական պայքարը չի տարբերվում վիպական կամ հեքիաթա-առասպելական չարի ու բարու պայքարից: Այս դեպքում Գալուստն ասում է մեզ, թե քանի դեռ դուք առասպելականի մեջ եք, միակ քաղաքականը՝ առասպելականից դուրս՝ մենք ենք, եւ որքան էլ վատն ենք, բայց կլինենք այնքան, որքան դուք առասպելի մեջ կապրեք եւ չեք ուզենա իրական քաղաքականություն՝ վախճանաբանությունից դուրս լինել: Այսինքն, կներեք անհամեստությունս, Գալուստը ենթատեքստով փոխանցում է մեզ վերջին հոդվածիս հակավախճանաբանական հատվածը: Գալուստի ճանապարհը հակառակն է՝ ակնկալել ոչ թե Փոքր Մհերի գալուստը, որն, այսպես թե այնպես, մեր կամքից դուրս է, այլ՝ քանի դեռ կրոնների մեծ մասի կողմից ավետված աշխարհի վերջը չի եկել, զբաղվել քաղաքականությամբ՝ այսինքն՝ աշխատանքով՝ երկարատեւ կամքի հիման վրա: Այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է շատ ավելի շուտ հեռանալ, քան Փոքր Մհերի գալուստը:

Հ.Գ. Ի դեպ, Գալուստը, որպես ՀՀԿ հնաբնակ՝ ավելի լավ է մտածի այն բանի մասին, որ ՀՀԿ-ն ընդամենը ժամանակավոր գործիք է Սերժ Սարգյանի նեղ շրջապատի քաղաքական մենաշնորհի հաստատման ճանապարհին: Այս պահին Հանրապետականն ընդամենը դատարկ ձեւ է արդեն: Այն դեն է նետվելու այն պահից, երբ այլեւս դրա կարիքը չլինի, եւ մենաշնորհի հարցը վերջնականապես լուծվի: Այսօր էլ քիչ չեն դրա նախանշանները՝ բոլորս էլ, այդ թվում Գալուստը, շատ լավ նկատում են, որ իշխանության «ողջախոհ» հատվածը վաղուց թիրախավորում է նաեւ Հանրապետականին, իհարկե՝ ոչ հանուն երկրի շահի, այլ հանուն վերջնական մենաշնորհման, որպեսզի քաղաքական բազմազանության հետքեր իսկ չմնան Հայաստանում, նույնիսկ ՀՀԿ-ի պես այլասերված եւ վաղուց դատարկ ձեւի վերածված հետքեր: Այնպես որ, Գալուստին եւ մյուսներին հիմիկվանից խորհուրդ եմ տալիս՝ «ողջախոհներից» փրկվելու վերջին հանգրվանը, միեւնույն է՝ այնտեղ է, ուր ծվարել են երկրի վերջին անկաշառները: Ավելի լավ է այսօրվանից թաքուն դիմում պատրաստի մեր շարքեր ընդունվելու մասին: Առանց հեգնանքի: 

 Հրանտ Տեր-Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201158598511315?comment_id=63551994&notif_t=comment_mention