14.05.2013 17:59

Գազի թանկացման որոշման տակ ստորագրել է նաեւ ԿԸՀ-ն

Գազի թանկացման որոշման տակ ստորագրել է նաեւ ԿԸՀ-ն

Ընտրություններն ավարտվեցին: Ապրանքները, բնականաբար, սկսեցին թանկանալ: Հերթը հասնում է գազին: Պատրաստվում են մոտ 70 տոկոսով թանկացնել: Եթե անգամ բավարարվի պահանջի կեսը, կթանկանա ոչ միայն գազը, այլ նաեւ՝ բազում այլ ապրանքներ: Կյանքը էլի կթանկանա: Բայց խնդիրը միայն դա չէ: Ապրանքը թանկանում է, մարդու՝ քաղաքացու գինն իշխանության համար՝ էժանանում:

Քաղաքացին այս իշխանության համար գին ու արժեք չունի: Քաղաքացին բնակիչ է, ընդամենը սպառող, ֆինանսական աղբյուր: Ու քանի նա կարող է վճարել, քանի չի արտագաղթել ընդմիշտ, ուրեմն պետք է քամել ու քամել նրան: Սա է խնդիրը: Քաղաքացին իշխանության համար մե՛կ ընտրող է, որին կարելի է կաշառել՝ 5, իսկ լավագույն դեպքում 10 հազար դրամով, հետո՝ սպառող ու հարկեր վճարող: Երբ ցանկացած ընտրություն կեղծվում է, եւ գտնվում են մարդիկ, ովքեր չնկատելու են տալիս այդ կեղծիքները, ու նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ջանասիրությամբ օժանդակում են այդ կեղծիքներին, ապա նրանք եւ մյուս բոլորը պարտավոր են հասկանալ, որ ոչ միայն ընտրությունների ժամանակաշրջանում, այլեւ՝ հետընտրական ցանկացած ապօրինության մեղավորը եւ հանցակիցը նաեւ իրենք են, քանի որ ակնհայտ էր՝ իշխանությունները սպասում են ընտրությունների ավարտին, որպեսզի հետընտրական փուլում ոչ միայն վերադարձնեն ընտրությունների ժամանակ ծախսված գումարները, այլ նաեւ՝ հենց այդ ժամանակ իրականություն դարձնեն բոլոր հնարավոր եւ անհնար թանկացումները:

Եվ այսօր արդեն փաստ դարձած ու սպասվող թանկացումների հեղինակները միայն իշխանությունները չեն: Եթե վերցնենք միայն գազի սպասվող թանկացումը, ապա հստակ կարելի է պնդել՝ գազի թանկացման տակ ստորագրել են նաեւ այն ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները,  թաղապետարանների եւ համատիրությունների, պետական հիմնարկների այն աշխատակիցները, ովքեր եղել են ընտրական հանձնաժողովներում եւ ընտրակեղծիքներ են իրականացրել, գազի թանկացման տակ ստորագրել են ԿԸՀ անդամները, թաղի այն խուժանները, ովքեր ահաբեկել են ընտրողներին, եւ հազիվ քայլող ծեր մարդկանց զոռով հասցրել են տեղամասեր, գազի թանկացման տակ ստորագրել են այն ոստիկանները, ովքեր ընտրությունների օրը աչք են փակել կատարվող կեղծիքների, բռնությունների, ահաբեկումների եւ այլ օրինախախտումների վրա, գազի թանկացման տակ ստորագրել են մեր բոլոր այն հարեւանները, ովքեր ընտրություններից առաջ եկել են եւ ընտրակաշառք են առաջարկել մեզ, գազի թանկացման տակ ստորագրել են նաեւ այն քաղաքացիները, ովքեր ընտրությունների օրը վերցրել են արդեն իսկ լրացված քվեաթերթիկները եւ հլու-հնազանդ նետել են դրանք քվեատուփերի մեջ:

Գազն, իհարկե, այսքանից հետո հաստատ կթանկանա: Եվ ոչ միայն գազը: Ընդհանրապես, կյանքը է՛լ ավելի կթանկանա: Ամենակարեւորը, սակայն, գիտակցումն է: Այսօր այդ բոլոր մարդիկ, կամ գոնե նրանց մի մասը պետք է հասկանան, որ իշխանությունները թանկացնում եւ դժվարացնում են իրենց, իրենց ընտանիքների, իրենց զավակների եւ թոռների  կյանքը, որովհետեւ երեկ իրենք աջակցել են այս իշխանություններին կեղծիքներ իրականացնելու հարցում: Սա իրականությունն է, եւ սա խնդիրն է: Իսկ ո՞րն է լուծումը: Լուծումը շատ պարզ է, եւ այն՝ հուսահատությունից երկիրը թողնելը չէ: Ընդամենը պետք է անել մեկ հստակ բան՝ իշխանությունները պետք է զրկվեն ընտրությունները կեղծելու ամենափոքր հնարավորությունից: Մարդը չպետք է դառնա ընտրակեղծարարության  թնդանոթի միս: Սա մեր երկիրն է, եւ այստեղ, այս երկրում խաղի կանոնները պետք է թելադրեն այս երկրի քաղաքացիները: Երկրում մնալով եւ պայքարելով: Հիշե՛ք, Տիգրան Սարգսյանն էր ասում արտագաղթողների եւ կրիտիկական զանգվածի մասին՝ «բա ի՞նչ անենք, թողնենք մնան այստեղ, որ հեղափոխությո՞ւն անեն»:  Հետեւաբար, ընտրությունը շատ պարզ է՝ կանգնեցնել ապօրինությունների այս շարանը, չգնալ, մնալ եւ չթողնել, որ ՀՀԿ-ի խուժանը որոշի մեր եւ մեր երկրի ճակատագիրը: Մնալ եւ այնպես անել, որ բացառենք այսօրվա պես առավոտները, երբ մարդը կարող է զարթնել եւ հանկարծակի պարզել, որ գազը կարող է մոտ 70 տոկոսով թանկանալ:

Հ.Գ. 2010 թվականի դեկտեմբերի 17-ին թունիսցի փողոցային մրգավաճառ Մոհամմեդ Մուազիզին հրապարակավ ինքնահրկիզվեց այն բանից հետո, երբ իշխանությունները բռնագրավել էին իր ապրանքը:    

Պարգեւ Ապրեսյան