14.05.2013 21:11

Հրանտ Տեր-Աբրահամյան. Ծառուկյանը ոչ թե խոսքով, այլ իրական քայլերով է ապացուցել իր դերը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Ծառուկյանը ոչ թե խոսքով, այլ իրական քայլերով է ապացուցել իր դերը

ԲՀԿ-ի եւ հայ կոռումպացված, կեղծ-առաջադեմ հանրության հարաբերությունների մասին դեռ կարծում եմ առիթ կունենամ շատ մանրամասն, հիմնարար ու փաստերով գրելու: Բայց քանի որ թեման տաք է, մի քանի թեզիսային բաներ հենց հիմա կգրեմ:

1. Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հասարակության ընդդիմադիր տրամադրություն ունեցող հատվածի եւ իշխանության միջեւ գոյացել է բուֆեր, որը իշխանական հարվածի մի մասն իրա վրա է վերցնում: Բայց առաջադեմ հասարակությունը փաստորեն դժգոհ է այդ՝ նախեւառաջ ի՛ր համար բարենպաստ վիճակից: Առավել դժգոհ են նրանք, ովքեր իշխանության հարված իրենց վրա կյանքում չեն էլ վերցրել ու չեն էլ պատրաստվում վերցնել: Մի մասն էլ դժգոհ է, որովհետեւ երեւի մազոխիստ է կամ էլ պարզապես ի զորու չէ ձեւակերպել սեփական շահերը:

2. Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանություն-խոշոր բիզնես անքակտելի միության, այսինքն՝ այն պատի մեջ, որին խփվելով ջարդվում էին հասարակական ընդվզումները, իրական ճեղք է առաջացել. միասնությունը խախտվել է, ինչը, բնականաբար, նախեւառաջ ձեռնտու է հասարակությանը, բայց հասարակության մի հատվածն էլի դժգոհ է: Այն ուզում է, որ իշխանությունն ու խոշոր բիզնեսը միշտ միասնական մնան, որոպեսզի ինքը միշտ լինի պարտված, բայց հպարտ: Սեփական շահերն ու ռեսուրսները սթափ հաշվարկելու կարողության պարզ բացակայություն է սա, եթե իհարկե չկան այլ՝ քողարկված շահեր:

3. Բոլոր տեսակի քաղաքական մակաբույծները (իսկ օբյեկտիվորեն, այսինքն անկախ իրենց կամքից, այդպիսիք են բոլորը, ովքեր չունենալով սեփական քաղաքական ծրագիր, ինչպես նաեւ քաղաքական թիմ եւ հետեւորդ՝ խաղում են քաղաքական դաշտում) ստանում են անկրկնելի հնարավորություն գոյատեւել Սերժի եւ ԲՀԿ-ի կոնֆլիկտի արանքում՝ շահելով քաղաքական միավորներ, որոնք, սակայն, հանրությանը ոչ մի օգուտ ի զորու չեն բերել, այլ միայն իրենց մանր հավակնությունների ժամանակավոր բավարարում:

4. Հասկանալի պատճառներով Ծառուկյանն այսօր չի կարող հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին, եւ ի դեպ դա ոչ մեկին պետք էլ չէ, քանի որ բուֆերի իր դերը կատարում է առանց այդ հայտարարության էլ եւ իր քաղաքական իրական քայլերով (առանց վարանելու եմ ասում) մի քանի անգամ ավելի մեծ օգուտ է բերել հասարակության քաղաքական պայքարին, քան Րաֆֆին իր բոլոր ընդդիմադիր խոսքերով, էլ չասած մյուս շատ սկզբունքային, բայց փաստացի միայն անվանապես ընդդիմադիրների մասին: Չմտնել կոալիցիա ի հեճուկս բոլոր անկախ ԶԼՄ-ների խիստ հավաստի աղբյուրների տեղեկությունների եւ վերլուծականների, չշնորհավորել Սերժին, չմասնակցել երդմնակալությանը. սրանով Ծառուկյանը ոչ թե խոսքով, այլ իրական քայլերով է ապացուցել իր դերը:

Ես չեմ վախենում բաց ասել սա՝ ի հեճուկս մի կողմից՝ մանկամտության եւ մյուս կողմից՝ կոռումպացված ցինիզմի, ինչպիսի դիմակ էլ այն հագած լինի: Իսկ եթե ոմանք չափն անցնեն, կարող եմ ասել նաեւ ավելին, որովհետեւ ԲՀԿ-ի դեմ խոսող շատ-շատերը հենց նույն ԲՀԿ-ի հետ ունեցել են ստվերային բազմաթիվ հարաբերություններ: Բնականաբար Ծառուկյանն իմ իդեալի քաղաքական գործիչը չէ: Նա առհասարակ քաղաքական գործիչ չէ դասական իմաստով, ոչ էլ քաղաքական խոսքի կրող, բայց ինչպես ասում են՝ ականջ ունեցողը կլսի: Նորից եմ կրկնում որոշների համար՝ զգույշ արձագանքեք, թե չէ բացահայտումներին կարող եք չդիմանալ... միայն կոռեկտ ու փաստարկված: