05.10.2012 13:13

Հալեպում կրկին հայեր են զոհվել

Հալեպում կրկին հայեր են զոհվել

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում Զավարյան ազգային վարժարանի մոտակայքում հոտկեմբերի 4-ի երեկոյան 22:30-ի սահմաններում ռումբեր են պայթել, որի հետեւանքով երկու հալեպահայեր են զոհվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանցից մեկը Հասմիկ  Տեր Ներսիսյան-Կիրակոսյանն է եւ մյուսը Պարսում Պարսումյանը, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս ճշտված չէ: Վիրավորներն ամիջապես տեղափոխվել են հիվանադանոց: Ռեյիսյանը նշեց, որ շտապ օգնության մարմինը անմիջապես միջոցներ է ձեռնարկել` բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ եւ մինչեւ ուշ գիշեր աշխատանքներ են իրականացվել:

Մամլո խոսնակը նաեւ նշեց, որ պայթյունները մեծ նյութական վնասներ են հասցրել շրջակա շինություններին, բավական մեծ թվով բնակարաններ են ավերվել: Հոկտեմբերի 5-ի գիշերը ռումբ է պայթել նաեւ Սուլեյմանիա թաղամասում` կրկին մեծ նյութական վնասներ պատճառելով:

Ռեյիսյանի խոսքով` րոպեներ առաջ եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Հալեպում, որի պատճառած վնասների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: