05.10.2012 13:52

Ռուբեն Հակոբյան. Մենք բոլորս կարող ենք լինել հաջորդ «Վարդան Օսկանյանը»

Ռուբեն Հակոբյան. Մենք բոլորս կարող ենք լինել հաջորդ «Վարդան Օսկանյանը»

ԱԺ-ի յուրաքանչյուր քառօրյայից հետո՝ ուրբաթ օրը նախատեսված խմբակցությունների հայտարարությունների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ քառօրյայի ընթացքում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:
«Ցավոք սրտի՝ իշխանությունը շարունակեց տխուր ավանդույթները, որոնք մշտապես կրկնվել են՝ վարկաբեկելով մեր երկիրը և հարված հասցնելով նրա հեղինակությանը: Հատկանշական է , որ արդեն օրինաչափություն է դարձել. անձեռնմխելիությունից զրկում են կամ ընտրություններից առաջ, կամ անմիջապես հետո: Երկրորդ օրինաչափությունն այն է, որ նման գործընթաց իրականացվում է միմիայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Նույնը կատարվեց 1996 թվականի սեպտեմբերին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ անձեռնմխելիությունից զրկեցին 8 պատգամավորի, 2008 թվականին՝ 4, իսկ հիմա էլ հերթը Վարդան Օսկանյանինն էր: Շատ ափսոս, որ Վարդան Օսկանյանը զոհ գնաց քաղաքական գործընթացներին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շեշտելով, որ նման գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի և քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում: Վերջինս այն կարծիքին չէ, որ իրականում այս քայլը ԲՀԿ-ի դեմ է:
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պետք է ներկա գտնվեր Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկմանը, Հակոբյանն ասաց, թե ինքը վերջինիս փոխարեն անպայման ներկա կլիներ, քանի որ սա ոչ միայն քաղաքական հարց էր, այլ նաև բարոյական:
«Իրականում մենք բոլորս կարող ենք լինել հաջորդ «Վարդան Օսկանյանը»»,- պատասխանեց նա՝ մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե ով է հաջորդը լինելու, ում կփորձեն զրկել անձեռնմխելիությունից:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է կատարվում կուսակցության ներսում, պատգամավորն ասաց, որ լուրջ խնդիրներ չկան, սպասում են Խաչատուր Քոքոբելյանի վերադարձին՝ որոշակի հարցերի պատասխաններ ստանալու համար: Ռուբեն Հակոբյանը հաստատեց Քոքոբելյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև պայմանավորվածության փաստը ՝ մանդատները վայր դնելու վերաբերյալ, և չբացառեց, որ Քոքոբելյանը դա կանի: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա մինչև հոկտեմբերի 10-ը նրա փոխարեն մանդատ կստանա Թևան Պողոսյանը:
Ռուբեն Հակոբյանը ցավով նշեց նաև ԱԳՆ-ի շենքի վաճառքի մասին: