16.05.2013 19:59

Լիզա Ճաղարյան. Եւ նորից նույն խնդրի մասին, ինչի շուրջ խոսելու ցանկությունս վերարթնացրեց հարգարժան ընկերներիցս մեկի հետ զրույցը

Լիզա Ճաղարյան. Եւ նորից նույն խնդրի մասին, ինչի շուրջ խոսելու ցանկությունս վերարթնացրեց հարգարժան ընկերներիցս մեկի հետ զրույցը
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Մեր զրույցի «թաքնված» մեխը Հայ ազգային կոնգրեսի մասին համառորեն պնդվող տեսակետն է, ըստ որի` կոնգրեսականները հանդուրժող չեն, քննադատություն չեն ընդունում, ինքնաքննադատություն չկա եւ այլն, եւ այլն:

Քանի որ ակտիվ ֆեյսբուքցի եմ, սկսեմ հենց Ֆեյսբուքից: Այս տարածքում կոնգրեսահամաճարակ է թագավորում` կույրն էլ է տեսնում: Լույսը բացվում եւ օրը մթնում է ջունգլիների օրենքներով Կոնգրեսի քննադատությամբ, շատ հազվադեպ` Կոնգրեսում ծագած իրական կամ թվացյալ խնդիրների քաղաքակիրթ քննարկմամբ: Գաղտնիք չէ, որ Ֆեյսբուքում նույնիսկ ճռճռան անուններով հատուկ խմբեր են ստեղծվել միմիայն Կոնգրեսի դեմ վայրահաչելու համար: Բարեկիրթ ընկերս հաստատ կհակաճառի` ինչո՞ւ «վայրահաչոց»: Պատասխանեմ` ժամանակ առ ժամանակ անուղղակի ճանապարհով ինձ հասնող այդ խմբերի ակտիվ անդամների  փողոցային մակարդակի «քննադատության»  անունը վայրահաչոց է` իմ խորին համոզմամբ: Եթե որեւէ մեկն ավելի խիստ ու կտրուկ բնորոշում կառաջարկի, սիրով կհամաձայնեմ: Այս խմբերում ընդգրկված են նաեւ անասելի նրբագեղ եւ ստեղծագործ մտքի ռահվիրաներ, որոնք կոնգրեսականներիս հաճախ են հանդուրժողականության դասեր տալիս, սրան զուգահեռ` հաշտ ու խաղաղ գոյակցում են նշածս խմբերում եւ հաճույքով կուլ տալիս «անհանդուրժողներիս» հասցեին «քուչի տղեքի» եւ «բազառի կնանիքի» մակարդակի հայհոյանքներն ու հիշոցները: Ավելին, այս խմբերում եթե որեւէ մեկը համարձակվում է հակաճառել սրանց կամ համարժեք պատասխան տալ, անմիջապես հեռացնում են խմբից, եւ մեզ հանդուրժողականության դասեր տվողները ծպտուն անգամ չեն հանում: Իսկ եթե կոնգրեսականներն են որեւէ մեկի հեռացնում խմբից, այս նույն ծպտուն չհանողները տագնապի կոչնակ են հնչեցնում, «իրեք մանեթանոց» լաց լինողներն էլ այնպիսի ողբուկական են բարձրացնում, որ մտքիդ մեջ փառք ես տալիս Աստծուն, որ ստալինյան ժամանակներում չենք ապրում: Թե չէ, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար` Սիբիր քշեցին անհանդուրժողներիս:

Կոնգրեսական ֆեսյբուքցիները քավության նոխազի համակերպվածությամբ լռո՞ւմ են, չե՞ն պաշտպանվում, երբեմն ափերից դուրս չե՞ն գալիս: Ամենեւին. չե՛ն  լռում, ե՛ւ պաշտպանվում են, ե՛ւ արժանի հակահարված են տալիս, երբեմն էլ ափերից դուրս են գալիս: Որեւէ մեկը գոնե կես հիմնավորում կարո՞ղ է ներկայացնել, թե ինչու պետք է լռեն, ինչու չպետք է պաշտպանվեն, ինչու չպետք է արժանի հակահարված տան ու երբեմն էլ ափերից դուրս չգան: Կոնգրեսը քավության նոխազ չէ, ա՛յլ խոտհարքերում փնտրեք ձեր նոխազներին:

Մի քիչ էլ լրատվամիջոցներում տիրող վիճակը վերհիշենք: Կոնգրեսի ակնհայտ համակիր մեկ կայք կա, կիսահամակիր եւս մեկը եւ մեկ թերթ: Մնացած` զանազան ու զարմանազան կայքերը, թերթերը, հեռուստաընկերությունները, եթե ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ Կոնգրեսին դրական լույսի ներքո են ներկայացնում, համարեք, որ դա արտառոց դեպք է: Կարճ ասած՝ լրատվամիջոցներում նույնպես կոնգրեսահամաճարակ է: Եթե նույնիսկ քննադատում են այլ քաղաքական ուժի, միեւնույն է` ենթատեքստում նետն ուղղված է Կոնգրեսին: Այս լրատվամիջոցների բոլոր հակակոնգրեսական հոդվածներով ողողվում է բազմաչարչար Ֆեյսբուքը, եւ հորանջողները կրկին վերածնվում են, եւ սկսվում է «մեծ լվացքը»: Կոնգրեսի ակնհայտ համակիր կայքը եւ թերթը երբեմն-երբեմն հակադարձում են, երբեմն-երբեմն էլ արժանի հակահարված են տալիս` հիշեցնելով, թե այս «դատավորներն» ովքեր են, ինչ ճանապարհ են անցել, ինչ ոտնահետքեր են թողել այդ ճանապարհին: Որեւէ մեկը գոնե կես հիմնավորում կարո՞ղ է ներկայացնել, թե ինչու չպետք է արժանի հակահարված տան, ինչու չպետք է հիշեցնեն, թե ով ով է: Ձեզ դո՞ւր է գալիս  գառների լռությունը, կոնգրեսականներին դուր չի՛ գալիս: Այլ արոտավայրերում փնտրեք ձեր գառներին:

Ասում եք` Կոնգրեսը չի՞ հանդուրժում իրենց զինակիցների քննադատությունը, հենց այդ պատճառով էլ «ըմբոստները» լքեցի՞ն մեր շարքերը: Համաձայն չեմ: Կտրականապե՛ս: Եթե լրատվամիջոցների միակ նպատակը Կոնգրեսին հարվածելը չլիներ, շատ հեշտությամբ կպարզեին, որ հեռացողների ջինջ հոգիների խորքերում ապահով ծվարած են անձնական խնդիրները: Հաճախ նույնիսկ` ճղճիմ: Մեկին դուր չի եկել, որ ինքը ՀՀՇ վարչության անդամ չի դարձել, մյուսի սիրտը խոցվել է, որ Կոնգրեսի համակարգողն ինքը չէ, երրորդը, չորրորդը, տասներորդը, երեսուներորդը ոչ մի կերպ չեն մարսում, որ ԱԺ պատգամավոր չդարձան: Մեկը հույսը կտրեց, որ իշխանափոխություն կլինի, ու տեղավորվեց տաքուկ թեւի տակ, մյուսի երեխան էլ լաց եղավ, նա էլ ձեռքը թափ տվեց ու որոշեց ծառայել հանցագործ իշխանությանը: Մեկի ականջին էլ փերիները շշնջացել են, որ ինքն է ազգի փրկիչը, Կոնգրեսի տարածքը նեղ է իր նման առյուծի համար, ինքն էլ հավատացել է ու ոնց որ թե սկսել է փրկել: Մի քիչ էլ համբերեք` հեսա փրկվելու ենք ազգովի: Հարգարժան ընկերս երեւի կասի` ինչու՞ ես հեգնում: Եթե որեւէ մեկը կասի, թե ինչ են արել Կոնգրեսը լքողներն այս տարիների ընթացքում՝ բացի զանազան լրատվամիջոցների առաջ հարմար կեցվածք ընդունելով՝ Կոնգրեսին հարվածելուց, կասեմ` ներողություն, էլ չեմ հեգնի:

Ինքնաքննադատություն չկա՞ Կոնգրեսում: Մեծ սուտ է: Հայաստանում միակ քաղաքական ուժը, որի անդամները հրապարակավ խոսել են իրենց թերությունների, սայթաքումների մասին` կոնգրեսականներն են: Եթե Հայաստանի քաղաքական դաշտում այլ օրինակ գիտեք, հիշեցրեք: Ինքս չեմ հիշում: Եւ եթե ժամանակին համամիտ էի, որ կոնգրեսականներիս որդեգրած կեցվածքը ճիշտ է, հիմա հակառակ կարծիքին եմ: Ողջ լրատվական դաշտը` Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի հետ թեւ թեւի պայքարում է մեր դեմ, եւ առնվազն խելքի պակասություն է (սա իմ մասնավոր կարծիքն է) մեր ոսկորները կրծելու ավելորդ առիթ տալն այդ ուժերին: Եւ հետո` ինչո՞ւ դրանց հացը կտրենք, հազիվ ապրելու ձեւ են գտել այս դժվարին ժամանակներում:

Ի դեպ, չգիտեմ` իմ կոնգրեսական ընկերներն ինչ կարծիքի են, բայց ես դեմ չեմ, որ Հայաստանում առկա բոլոր ուժերը պայքարեն միմիայն Հայ ազգային կոնգրեսի դեմ: Պայմանով` թող հայտարարեն, որ Հայաստանի միակ իրական ընդդիմադիր ուժը Կոնգրեսն է: Հակառակ դեպքում` մեր ընդդիմախոսների հոգեվիճակը տագնապահարույց է: Մեղմ ասած:            

Լիզա Ճաղարյան