06.10.2012 00:12

Իվանիշվիլի. «Ես ասել եմ, թե հիացած եմ հայերի ու հրեաների տաղանդով»

Իվանիշվիլի. «Ես ասել եմ, թե հիացած եմ հայերի ու հրեաների տաղանդով»

Վրաստանում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում պարզաբանում է տվել՝ կապված ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցի այն հատվածի հետ, որտեղ նա իբր իր զարմանքն է արտահայտում, թե ինչպես են «հայերն ապրում Վրաստանում, այն դեպքում, երբ իրենց հայրենիքը հարեւանությամբ է»: «Ես դա չեմ կարող հասկանալ», - ըստ թերթի, ասել էր Իվանիշվիլին:

«Ցավոք սրտի, «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացի հետ ունեցած իմ հարցազրույցում պատասխաններից մեկը որոշակի թյուրիմացություն է առաջացրել, ինչի հետ կապված անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ եւս կրկնել այն:

Լրագրողի հարցին, որը վերաբերում էր իմ եւ իմ ընտանիքի՝ Վրաստան վերադառնալուն, ես հանգամանալից պատասխան եմ տվել, բայց թերթում հայտնվել է միայն դրա մի մասը, ինչը ամբողջովին փոխել եւ խեղաթյուրել է ենթատեքստը:

Դուրս է եկել, թե ես զարմացած եմ նրանով, որ հայերն ապրում են այստեղ՝ հարեւանությամբ ունենալով իրենց հայրենիքը:

Ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի ցանկացած քաղաքացի հավասար է օրենքի առաջ՝ անկախ իր ազգային պատկանելությունից: Դա երաշխավորված է Վրաստանի սահմանադրությամբ, եւ դրանով մեկտեղ՝ դա իմ համոզմունքն է:  

Ինչ վերաբերում է հարցազրույցին՝ ես լրագրողի հարցին ի պատասխան ընդգծված ձեւով ասել եմ, թե հիացած եմ հայերի եւ հրեաների առանձնահատուկ տաղանդով՝ նրանք կարող են աշխարհի քաղաքացի լինել, նրանք ամեն տեղ հաջողակ են, ամենուր, որտեղ ապրում են, եւ ունեն ուժեղ սփյուռք: Իսկ մենք՝ վրացիներս, այնպիսի զարմանալի ժողովուրդ ենք, որ ցավոք, չկարողացանք ոչ մի տեղ հիմնավորվել եւ ստեղծել ուժեղ սփյուռք: Այդպիսին էր իմ պատասխանի հիմնական ենթատեքստը:

Ուզում եմ նորից նշել, որ Վրաստանը բազմազգ երկիր է եւ հանդիսանում է այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքը», - ասված է Իվանիշվիլու հայտարարության մեջ:

Ուշագրավ է, որ հայտարարության ռուսերեն տեքստն աչքի է ընկնում ակնհայտ քերականական եւ ոճական սխալներով: