25.05.2013 12:43

Գերմանական եզրափակչին ընդառաջ. ինչպե՞ս այն հնարավոր դարձավ

Գերմանական եզրափակչին ընդառաջ. ինչպե՞ս այն հնարավոր դարձավ

Ապրիլին, երբ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը, երկրպագուների մեծ մասը կարծում էր, որ գոնե այս անգամ եզրափակիչում «սուպերկլասիկո» կտեսնեն: Շատերը, բայց ո՛չ այն երկրպագուները, ովքեր լավատեղյակ են գերմանական ֆուտբոլում վերջին 10 տարիների իրադարձություններին:

Փորձենք հասկանալ, թե ինչը նպաստեց նրան, որպեսզի այսօր «Ուեմբլի» մարզադաշտում, առաջին անգամ՝ պատմության ընթացքում, եզրափակչումհանդիպեն երկու «Բունդեսլիգայի» ներկայացուցիչներ:

Ե՞րբ գերմանացիները գիտակցեցին, որ պետք են փոփոխություններ

Ֆրանսիայում 1998-ի աշխարհի առաջնությանը Գերմանիայի ազգային հավաքականի ելույթները երկրում որակեցին որպես «խայտառակ վատ»: Գերմանացիները մրցաշարից դուրս մնացին 1/4-րդ եզրափակչում՝ 3-0 հաշվով զիջելով ԱԱ-ների նորեկ Խորվաթիայի հավաքականին: Եվրո 2000-ին նրանք առաջնության խմբային փուլում վաստակեցին ընդամենը 1միավոր, որից հետո հոլանդական մամուլի հրապարակումները «Գերմանիա՝ մահացող ֆուտբոլային երկիր» վերնագիրն ունեին: Եվ իրոք,Եվրո 2000-ին, 1990-ի աշխարհի առաջնությունում և 1996-ի Եվրոպայի առաջնությունում հաղթած երկիրը շատ վատ տեսք ուներ: Երբեմնի առաջատարներն արդեն վաղուց 30-ն անց էին, իսկ երիտասարդ տաղանդներից կային միայն Բալակն ու Դայսլերը:

Գերմանական «Kicker-ի»  թղթակից Հարալդ Կայզերը պատմում է. «2002-ին համեմատելով մեր երկրի ֆուտբոլային տաղանդների քանակը այլ առաջատար երկրների հետ՝ մենք հասկացանք, որ փոփոխությունների կարիք ունենք, և ձեռնարկեցինք «Երիտասարդ տաղանդների խթանում» ծրագիրը, որտեղ ներգրավված էին երկրում ֆուտբոլային ամենաազդեցիկ անձիք»: 2002-ին Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցող ԱԱ-ը գերմանացիներից լուրջ հաջողություններ չէր սպասվում ոչ ոք: Բայց նրանք կարողացան նախ հեշտությամբ հաղթահարել խմբային փուլը, որից հետո էլ դեպի եզրափակիչ ճանապարհը բավականին հեշտ ստացվեց: Հաղթահարելով Պարագվայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի արգելքները՝ նրանք եզրափակչումթեևհավասար խաղ անցկացրին բրազիլացիների դեմ, բայց զիջեցին Սկոլարիի թիմին 2-0 հաշվով:Հարալդ Կայզերի խոսքերով՝ 2002-ին հավաքականի անակնկալ լավ ելույթներից հետո երկրում իսկական ֆուտբոլային բում էր, և դա միայն նպաստեց նրանց ծրագրի հաջողությանը:

Ի՞նչ արեցին

Ըստ «Kicker-ի» թղթակցի՝ ծրագրի ղեկավարները չէին կաշկանդվում սովորել այլ ֆուտբոլային երկրներից, մասնավորապես՝ հոլանդացիներից: Գերմանացիները, ուսումնասիրելով վերջին տարիների երիտասարդ տաղանդների ուղին՝ Բիրհոֆի, Յենս Լեմանի և Բալակի օրինակներով հասկացան, որ միայն գրանդ ակումբները ունակ չեն երկրին բավարար տաղանդներ մատակարարել: Այդ իսկ պատճառով 2002-ի ԱԱ-ից հետո ամբողջ  երկրում բացվեցին շուրջ 390 ֆուտբոլային բազաներ: Ամբողջ երկրով մեկ դրանց տարածումը միայն պետք է նպաստեր տաղանդների ի հայտ գալուն: 390 բազաներում ընդունվեցին 11-ից 17 տարեկան 22.000 երեխաներ և պատանիներ: Նրանցով այժմ զբաղվում են 1200 տեղացի մարզիչներ, իսկ ամբողջ գործընթացը համակարգում են ֆուտբոլային միության 30 ներկայացուցիչներ: 14 տարեկանից նրանց ծանոթացում են տակտիկական խնդիրներին, և արդեն 17 տարեկանում նրանք պատրաստ են մուտք գործել մեծ ֆուտբոլ:

Ակումբներին ֆուտբոլային միության կողմից «խորհուրդ» տրվեց ձերբազատվել անիմաստ թանկ վարձկաններից և ավելի շատ վստահել գերմանացի երիտասարդներին: Ծրագրի արդյունավետությունը շատ արագ երևաց, երբ Հիլդեբրանդի, Կուրանյիի և Հինկելի «Շտուտգարտը» 2002-2003 թթ. մրցաշրջանում դարձավ «Բունդեսլիգայի» փոխչեմպիոն:Նրանց հաջողությունը շտապեցին կրկնել այլ միջակ ակումբները ևս:

10 տարիների ընթացքում կարելի է զգալ որակական տարբերություն: Եթե 2003-ին տաղանդները Կուրանյին և Հիլդեբրանդն էին, ապա հիմա նրանց անուններն են Մյուլլեր, Օզիլ, Գյոթցե, Գյունդոգան, Բադշտուբեր, Հյումելս, Ռոյս և Կրոս: Այս ֆուտբոլիստներն արդեն հիմա հանդիսանում են ազգային հավաքականի առաջատարներ, այնինչ նրանցից ամենամեծը 25-ամյա Օզիլն է, իսկ, օրինակ, Մյուլլերն ու Գյոթցեն ընդամենը 22 տարեկան են:

Համեմատե՛ք այս ֆուտբոլիստներին նույն իսպանական տաղանդների հետ՝ Տյագո Ալկանտարա, Իսկո, Տելյո, Կարվախալ: Տեսե՛ք, թե ինչ դեր ունեն իրենց թիմերում և հավաքականներում գերմանացիները, և ինչ դեր՝ իսպանացիները:

Գերմանիայի ֆուտբոլային միությունը այս ծրագրի վրա տարեկան ծախսում է 10 մլն €, որը հովանավորվում է մարզական և մեքենաշինական ընկերությունների կողմից: Երիտասարդների ներգրավումը տարեցտարի մեծանում է: Երկրի մինչև 19 տարեկանների հավաքականի մեծ մասն արդեն այս տարիքում համարվում է առաջին և երկրորդ «Բունդեսլիագաներում» հանդես եկող թիմերի հիմնական կազմի խաղացող:

Այլ հանգամանքներ, որոնք նպաստում են երկրում ֆուտբոլի զարգացմանը

«Բունդեսլիգայում», ի տարբերություն այլ եվրոպական թոփ առաջնությունների, թիմերի եկամուտների միայն 31 % է խաղերի հեռարձակման իրավունքներից, և այն բավականաչափ հավասար է բաշխված ակումբների միջև, այնինչ նույն իսպանական «Լա լիգայում» միայն «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» խաղերի հեռարձակումների եկամուտը չորս անգամ գերազանցում է մնացած բոլոր թիմերի եկամուտները՝ միասին վերցրած: Այստեղ նաև երկրպագուների խաղադաշտ հաճախականության ամենաբարձր ցուցանիշն է ՝ միջինը 42.116, երկրորդ տեղում անգլիական «Պրեմիեր լիգան» է՝ 35.687:

Որքան էլ «Բավարիան» տարբերվում է մնացած թիմերից իր ֆինանսական հնարավորություններով, «Բունդեսլիգան» մեկ կամ երկու թիմի առաջնություն չէ: Վերջին տասնամյակում երկրի չեմպիոն են դարձել «Վերդերը», «Վոլսֆսբուրգը» և «Շտուտգարտը»: Սա գրեթե նույնն է, ինչ Իսպանիայում և Իտալիայում չեմպիոն դառնան «Սևիլյան» կամ «Ուդինեզեն»:

Թիմերին ամբողջ մրցաշրջանի ընթացքումլավ մարզավիճակը պահպանել օգնում է նաև ներքին առաջնության խաղացանկը: Նախ, «Բունդեսլիգայում» հանդես է գալիս 18 թիմ, ինչի շնորհիվ, ի տարբերություն այլ թոփ առաջնությունների, այստեղ թիմերն անցկացնում են 34 հանդիպում՝ 38-ի փոխարեն: Բացի դրանից՝ «Բունդեսլիգան» երկարատև դադար է վերցնում տոներից հետո, այն դեպքում, երբ «Լա Լիգայում», «Սերիա Ա-ում» և առավել ևս «Պրեմիեր լիգայում», հատկապես՝գրանդները, այդ շրջանում ծանրագույն շաբաթներ են անցկացնում գավաթի և առաջնության շրջանակներում:

Շատ կարևոր է նաև այն, որ Գերմանական ֆուտբոլը հարուստ չէ սկանդալներով և այլ խանգարող երևույթներով: Այստեղ նույնիսկ «Բավարիայի» և «Բորուսիայի» միջև թշնամանք չկա. «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը անցած տարի հաստատեց այն, որ 2005-ին իրենք «Բորուսիային» տրամադրել են 2 մլն €, որպեսզի օգնեն Դորտմունդցիներին պահպանել իրենց տեղը առաջին «Բունդեսլիգայում»: Եվ կրկին պատկերացրեք նույնպիսի իրավիճակ, օրինակ՝ Իտալիայում. «Յուվենտուսը» օգնում է «Միլանին»...

Նմանօրինակ մասշտաբային և հետևողական աշխատանքի արդյունքն է, որ երկրի ազգային հավաքականը, 2006-ից սկսած,  հասնում է Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ Եվրո 2008-ին՝ նաև եզրափակիչ:

Ազգային հավաքականը 1996-ից հետո դեռևս չի կարողանում հաղթել խոշոր միջազգային մրցաշարերում, բայց ավելի ու ավելի է մոտենում դրան: Ակումբային մակարդակով էլ՝ «Ուեբլիում» իտալացի մրցավար Նիկոլա Ռիցորիի եզրափակիչ սուլիչը կնշանակի, որ գերմանացիները տասներկու տարի ընդմիջումից հետո վերջապես հաղթեցին ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Մյուլերի, Գյոթցեյի, Ռոյսի և այլոց առկայությունը թույլ է տալիս հավատալ, որ շուտով կավարտվեն նաև հավաքականների մակարդակով անհաջողությունները, և գերմանացիները վերջնականապես «մահացող ֆուտբոլային երկրից» կփոխակերպվեն որպես «ֆուտբոլային վերածննդրի երկիր»:

Նյությում օգտագործված են «Советский спорт» օրաթերթի և «BBC» հեռուստաընկերության կողմից հրապարակված վիճակագրական տվյալներ: