26.05.2013 15:20

«Բավարիան» դարձավ Չեմպիոնների Լիգայի 5-ակի գավաթակիր

«Բավարիան» դարձավ Չեմպիոնների Լիգայի 5-ակի գավաթակիր

Բավական դրամատիկ եւ դիտարժան ստացվեց այս տարվա գլխավոր ֆուտբոլային հանդիպումը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ հանդիպեցին երկու գերմանական ակումբները` «Բավարիան» եւ «Բորուսիան»:

Թեպետ խաղի բացահայտ ֆավորիտը մյունխենյան ակումբն էր, որը մինչ այդ 11:0 հաշվով ջախջախել էր «Բարսելոնային» եւ «Յուվենտուսին», սակայն հանդիպումը մարզասերներին լարվածության մեջ պահեց մինչեւ վերջին պահը:

Սպասվածին հակառակ, մեկնարկը ամբողջովին «Բորուսիայի» կողմն էր, որ մինչեւ 20-25-րդ րոպեն պարզապես պաշարել էր մյունխենցիների տուգանային հրապարակը եւ մի շարք գոլային ռեալ պահեր ստեղծեց, սակայն գերազանց էր ամեն անգամ խաղում Մանուել Նոյերը:  Առաջ անցնելով, նշենք, որ այս խաղում Նոյերը 5 սեյվ էր արել, ինչը չէր եղել այս տարի` անգործ լինելու պատճառով:

Միայն առաջին խաղակեսի վերջնամասում մյունխենցիները ուշքի եկան, հասկացան, որ հակառակը պետք է լինի. այդ իրենք պետք է գրոհեն, իսկ դորտմունդցիները` պաշտպանվեն: Թեպետ առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ բաց, հարձակողական ֆուտբոլ էին ցուցադրում եւ շատ քիչ ուշադրություն դարձնում պաշտպանությանը:

Երկրորդ խաղակեսում արդեն բոլորովին այլ պատկեր էր. «Բավարիան» աստիճանաբար եւ սիստեմատիկ կերպով սկսեց տիրել նախաձեռնությանը, ավելի ու ավելի հաճախ սպառնալ Ռոման Վայդենֆելերին: Գոլային պահերը արդեն միայն «Բորուսիայի» դարպասի մոտ էին ստեղծվում: Ի վերջո «Բավարիան» լիովին տրամաբանական կերպով բացեց հաշիվը. Մանջուկիչը Արիեն Ռոբենի գերազանց փոխանցումից հետո գրավեց դատարկ դարպասը:

Ճիշտ է, դորտմունդցիները արագ ուշքի եկան, մի քանի գրոհ կազմակերպեցին, որոնցից մեկի ժամանակ Դանթեն գնդակի փոխարեն սեփական տուգանային հրապարակում հարվածեց մրցակցին եւ 11 մետրանոց հարված բերեց իր թիմի համար: Այն դիպուկ իրացրեց «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը:

Թերեւս, դրանից հետո դորտմունդցիները այլեւս ոչ մի անգամ խնդիր չեն հարուցել մյունխենցիների համար: Մինչեւ խաղավարտը դաշտում միայն մեկ թիմ կար. «Բավարիան», որի յուրաքանչյուր գրոհ գոլային էր, սակայն փայլուն էին ամեն անգամ խաղում «Բորուսիայի» դարպասապահն ու պաշտպանները: Երեւում էր, որ դորտմունդցիների ուժերը սպառվել են եւ նրանք փորձում էին խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:

Սակայն հանդիպման վերջին րոպեին տեղի ունեցավ հանգուցալուծումը. Ֆրանկ Ռիբերիի խորամանկ փոխանցումից հետո Արեն Ռոբենը մեն-մենակ մնաց Վայդենֆելերի դեմ եւ գրավեց դարպասը: Արեն Ռոբենը, որը երեւի վերջին տարիների ամենաձախողակ ֆուտբոլիտի իմիջ էր ձեռք բերել, որի պատճառով անցած տարի «Բավարիան» չնվաճեց Չեմպիոնների լիգան, վերջապես հաջողակ գտնվեց եւ խորհրդանշական է, որ հենց նրա հարվածը հաղթանակ բերեց «Բավարիային», որը նույնպես ձերբազատվեց «անհաջողակի» պիտակից, երկու պարտված եզրափակիչներից հետո վերջապես հաղթանակ տանելով: Մյունխենցիները արժանի հաղթանակ տարան` 2:1 հաշվով, նրանց մարզիչը` Յուպ Հայնկեսը, այժմ արդեն կարող է գլուխը չափազանց բարձր հեռանալ ակումբից, եւ ճիշտն ասած, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ է անելու այս հզոր ակումբում Խոսեպ Գվարդիոլան:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Բորուսիա» (Դորտմունդ) - «Բավարիա» (Մյունխեն)՝ 1:2

Իլկայ Գյունդոգան, 68 (11մ.) – Մարիո Մանջուկիչ, 60, Արյեն Ռոբեն, 89