26.05.2013 21:06

«Սպարտակը» եւ «Կուբանը» նվաճեցին Եվրոպայի Լիգայի ուղեգիր, իսկ Մովսիսյանը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու

«Սպարտակը» եւ «Կուբանը» նվաճեցին Եվրոպայի Լիգայի ուղեգիր, իսկ Մովսիսյանը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու

Ռուսաստանի 2012/2013թթ. առաջնության վերջին տուրում Մոսկվայի «Սպարտակը» այնուամենայնիվ կարողացավ նվաճել Եվրոպայի Լիգայի ուղեգիր՝ 2:0  հաշվով հաղթեց մրցաշարի հետնապահ «Ալանիային», որը արդեն 5-րդ րոպեից 10 հոգով էր մնացել:  «Սպարտակը» զբաղեցրեց 4-րդ տեղը, ինչը, բոլոր դեպքերում, այս թիմի համար պետք է անհաջողություն համարել: Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն այդպես էլ չկարողացավ գեթ մեկ անգամ աչքի ընկնել եւ դառնալ առաջնության միանձնյա լավագույն ռմբարկու. 13 գոլով այդ կոչումը Մովսիսյանը կիսեց «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնի հետ:

Փոխարենը աննախադեպ կարելի է համարել Կրասնոդարի «Կուբանի» հաջողությունը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց «Անժիին» եւ գրավեց 5-րդ տեղը՝առաջ անցնելով «Ռուբինից» եւ «Դինամոյից»: «Կուբանի» կազմում մինչեւ 65-րդ րոպեն խաղաց Արազ Օզբիլիզը, իսկ Պիցելին թեպետ հայտավորված էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը:

Այսպիսով, ավարտվեց Ռուսաստանի առաջնությունը, որի արդյունքներով ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրեր, իսկ «Անժին», «Սպարտակը», «Կուբանը» եւ «Ռուբինը»՝ Եվրոպայի լիգայի: Առաջնությունը լքեցին «Ալանիան» եւ «Մորդովիան»:

«Սպարտակ» - «Ալանիա»՝ 2:0 Սերգեյ Բրիզգալով, 38, Ժանո Անանիձե, 79 «Կուբան» - «Անժի»՝ 1:0 Իվելին Պոպով, 23