27.05.2013 18:52

1990 թվականի այս օրը խորհրդային բանակը մտավ Երևան

1990 թվականի այս օրը խորհրդային բանակը մտավ Երևան

Այսօր լրանում է 1990 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցած հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների  ընդհարման  23 տարին: Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի   ունեցած մարտերում զոհվել էր  27 մարդ: Այս առիթով ներկայացնում ենք հատված ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հարցազրույցից: Այն վարել է Նիկոլ Փաշինյանը:

- Պարոն Արարքցյան, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը: Կարո՞ղ էր արդյոք այնպես պատահել, որ սկզբնավորված գործընթացը չհասներ իր տրամաբանական ավարտին: Սա ասում եմ, որովհետեւ երբեմն հնչում են գնահատականներ, որ անկախությունը Հայաստանը ձեռք բերեց մի տեսակ ինքնըստինքյան:

- Չնայած Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 23-ին, 1990 թվականի մայիսին ընտրված Գերագույն խորհուրդը առաջին իսկ նիստերում ընդունեց որոշումներ, որ նախանշում էին անկախ պետականության ստեղծման գործընթացը: Հուլիսի 20-ին տեղի ունեցավ նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նիստը, եւ ընդունվեց որոշում, որով Խորհրդային բանակի եւ ներքին գործերի ստորաբաժանումներին արգելվում էր Հայաստանի տարածքում իրականացնել որեւէ պատժիչ գործողություն` առանց Հայաստանի Գերագույն խորհրդի թույլտվության:  1990 թվականի հուլիսի 25-ին ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց` ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրինական զենքը առգրավելու մասին: Հենց այդ ժամանակ Ղարաբաղում ստեղծվում էին կամավորական ջոկատներ, որոնք պայքարում էին ոչ միայն ադրբեջանական պատժիչ մեքենայի, այլեւ սովետական բանակի դեմ, որոնք ահաբեկում էին Ղարաբաղի ժողովրդին: Ընդամենը հինգ օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունված որոշմամբ կասեցրեց Գորբաչովի հրամանագրի կիրառումը Հայաստանում եւ, ուշադրություն դարձրեք` Լեռնային Ղարաբաղում: Սրանք արդեն սուվերենության կոնկրետ գործողություններ էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց ընդունումն ինքնին մեծ ռիսկերի հետ էր կապված:

- Իսկ Մոսկվան էդ բոլոր որոշումներին ինչպե՞ս էր արձագանքում:

- Գորբաչովը  եւ Ռուսաստանի քաղաքական իշխանությունը, փաստորեն, որդեգրել էր «Գլասնոտսի»-ի, վերակառուցման ժողովրդավարական գիծը, եւ նրանց համար քաղաքական առումով շատ դժվար էր կոպիտ կայսերական քայլեր անել: Բայց Ռուսաստանում գործում էին հատուկ ծառայություններ` ԿԳԲ, ԳՌՈՒ, որոնք քաղաքական իշխանությունների վերահսկողությունից էականորեն դուրս էին (ինչը ապացուցվեց 1991 թվականի «Պուտչի» ժամանակ, որի պարագլուխները ԿԳԲ-ի եւ ուժային կառույցների ղեկավարներն էին) եւ մեր քայլերին շատ կոնկրետ հակազդեցություն էին ցուցաբերում:

1990 թվականին երկու անգամ Հայաստանում հեղաշրջում կատարելու փորձ արվեց: Առաջինը 1990 թվականի մայիսի 27-ին էր: Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվեց Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը, եւ ակնհայտ դարձավ, որ Համազգային շարժումը հաղթում է այդ ընտրություններում: Մոսկվան սրան փորձեց հակազդել Կայարանի դեպքերով. 1990 թվականի մայիսի 27-ին Շարժման ներկայացուցիչների եւ Սովետական բանակի պարեկի միջեւ Երեւանի երկաթուղային կայարանում փոխհրաձգություն սարքվեց, եւ Նուբարաշենում տեղակայված սովետական զորքերը այդ առիթն օգտագործելով` «մարշ-բրասոկ» արեցին դեպի Երեւան: Զրահատեխնիկան մտավ մայրաքաղաք: Սակայն մեզ հաջողվեց բանակցությունների միջոցով սովետական զինվորականներին համոզել, բացատրել, որ եթե նրանք շարունակեն իրագործել Երեւանի օկուպացիայի ծրագիրը, հակազդեցությունը կլինի մեծ, կոշտ եւ կունենա անկանխատեսելի հետեւանքներ, եւ մի քանի օրում իրավիճակը հաջողվեց հաղթահարել, չնայած սովետական բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Ազատության հրապարակը: Եթե իրադարձությունները զարգանային ԿԳԲ-ԳՌՈՒ-ի սցենարով, դա կարող էր բերել ընտրությունների երկրորդ փուլի վիժեցմանը եւ հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ:

Հեղաշրջման երկրորդ փորձը եղավ 1990 թվականի օգոստոսի 25-ին, երբ անկախության Հռչակագրի ընդունումից ընդամենը երկու օր հետո ՀԱԲ կոչվող խմբավորումը, որ ԿԳԲ-ԳՌՈՒ-ի շարասյունն էր, ապստամբեց նորընտիր օրինական իշխանության դեմ, որը գործում էր ընդամենը մեկ ամիս: Իրավիճակը բարդ էր նրանով, որ չնայած ընտրվել էր ԳԽ ղեկավարություն, կառավարություն դեռեւս ձեւավորված չէր: Հին, կոմունիստական կառավարությունը հրաժարական էր տվել, բայց այդ կառավարության նախարարները շարունակում էին պաշտոնավարել: Եւ, փաստորեն, Գերագույն խորհուրդը իշխանություն էր առանց գործադիր լծակների: Իսկ Սովետական, ռուսական թերթերը գրում էին, որ Հայաստանում չկա իրավիճակին տիրապետող իշխանություն, քանի որ, ահա, կա այսպիսի մի կազմակերպություն` «Հայոց ազգային բանակ», որը հարյուր հազար զինվոր ունի եւ չի ճանաչում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Այս համատեքստում իրավիճակն այնքան լրջացավ, որ ՀԱԲ-ի ապստամբները մահացու հրազենային վնասվածքներ հասցրին ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանին եւ ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանին` Չավուշին:

ԳԽ-ն Հայաստանի տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարեց, եւ ՀԱԲ կոչվածը զինաթափվեց, չնայած խորհրդային հատուկ ծառայությունները, այդ թվում եւ` Հայաստանի, որոշակի աջակցություն էին ցուցաբերում ՀԱԲ-ին: Եւ վերջինիս զինաթափման գործընթացը փաստորեն ոչ թե իրավապահ մարմինները իրականացրին, որ ղեկավարվում էին դեռ սովետական չինովնիկների կողմից, այլ Հայոց համազգային շարժման ուժերը: Այս ամենը ասում եմ` ընդգծելու համար, որ Անկախության հռչակագրի ընդունմանը նախորդած եւ հաջորդած շրջանը լի է եղել լրջագույն բարդություններով եւ պրոցեսներով, որոնք պահանջում էին շրջահայացություն եւ ճշգրիտ որոշումներ: