30.05.2013 15:33

BBC-ի արձագանքը արքայազն Չարլզի երևանյան այցին և բնապահպանների բողոքի ցույցերին

BBC-ի արձագանքը  արքայազն Չարլզի երևանյան այցին և բնապահպանների բողոքի ցույցերին

Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստառադիո ընկերությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է արքայազն Չարլզի երևանյան այցին: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Բնապահպանական շարժման մի խումբ ակտիվիստներ երեքշաբթի օրը պիկետ են արել Մատենադարանի մոտ, որտեղ սպասում էին Ուելսի արքայազնի ժամանմանը:

Բրիտանական գահի թագաժառանգը Հայաստանում է «Երևան՝ իմ սեր» բարեգործական հիմադրամի հրավերով, որն զբաղվում է ճարտարապետական հուշարձանների պահպանմամբ և վերականգնմամբ, Երևանում հաշմանդամ երեխաների և անապահով ընտանիքների կենսապայմանների բարելավմամբ:

Արքայազն Չարլզը, Հայաստանի նախկին վարչապետ  և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հետ միասին, մասնակցում է հիմնադրամի բարեգործական ծրագրերին:

Բնապահպան ակտիվիստները ենթադրում են, որ արքայազնի այցը կարող է կապված լինել բրիտանական Lydian Internacional ընկերության գործունեությունը սատարելու հետ, որի տնօրենների խորհրդի անդամ է արքայազն Չարլզին հյուրընկալող Արմեն Սարգսյանը, ով այժմ բնակվում է Լոնդոնում: Այդ ընկերությունը երկրի իշխանություններից փորձում է ձեռք բերել  իր հանքային ջրով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքը:

Բնապահպանական շարժման ակտիվիստները արքայազն Չարլզին կոչ են անում օգտագործել իր հեղինակությունը՝ կանխելու համար այդ հանքավայրի շահագործումը, ինչը, նրանց կարծիքով, կարող է խախտել բնապահպանական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Մատենադարանի մոտ հավաքված ցուցարարները «Հայաստանը՝ առանց բրիտանական ցիանիդի», «Բնության պահապան Չարլզ, միացիր հայ բնապահպաններին», «Մեր ոսկին մեր բնությունն է» բովանդակությամբ ցուցապաստառներ էին պարզել: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց հանդիպել արքայազն Չարլզին. պատվիրակությունը  հին ձեռագրերի թանգարան մտավ ետնամուտքից: Մատենադարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ետնամուտքից մտնելու որոշումը կայացրել է արքայազնի անվտանգության ծառայությունը:

Մատենադարանի մոտ ցուցարարների հետ հանդիպեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմսը, որը խոստացավ էկոլոգիական շարժման ակտիվիստների բաց նամակը հանձնել Ուելսի արքայազնին: Նամակում բնապահպանները արքայազնին հիշեցնում են իր էկոլոգիական գործունեության և այն մասին, որ նա հանդիսանում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) պատվավոր նախագահներից մեկը: Ապա բնապահպանները բարձրաստիճան հյուրին խնդրում են օգտագործել իր ազդեցությունը՝ դադարեցնելու համար Հայաստանում Lydian Internacional ընկերության գործունեությունը և դրա փոխարեն՝ աշխուժացնել բրիտանական ներդրումները երկրի գյուղատնտեսության բնագավառում:

Lydian Internacional-ը դեռևս հանքավայը շահագործելու թույլտվություն չի ստացել, սակայն բնապահպանները մտավախություն ունեն, թե բրիտանական թագաժառանգի աջակցությունը կարող է վճռորոշ լինել արտոնագրի ձեռքբերման հարցում:

Երկրորդ պիկետը պետք է տեղի ունենա Արամ Խաչատրյան համերգասրահի դիմաց, որտեղ արքայազն Չարլզը ներկա կլինի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին՝ Սերժ  Սարգսյանի հետ միասին, որն արքայազնին ընդունել է չորեքշաբթի օրը: Ընդունելության ժամանակ արքայազնը խոսել է «Երևան՝ իմ սեր»-ի ծրագրի, ինչպես նաև՝ Դիլիջանում միջազգային դպրոց կառուցելու մասին՝ նշելով, որ ինքն արդեն 14 տարի է՝ հանդիսանում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» միավորման նախագահը: Դիլիջանի դպրոցը բացվում է ռուսաստանյան  «Тройка-Диалог» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հովանավորությամբ:

Հայաստանում բնապահպանական շարժումը վերջին տարիներին մի քանի աղմկալի և արդյունավետ ակցիաներ է իրականացրել, մասնավորապես՝ պաշտպանել է Երևանի կենտոնում գտնվող պուրակներից մեկը, որտեղ պետք է «բուտիկների» շինարարություն սկսվեր: Բնապահպանները շարունակում են պայքարել Հայաստանի հյուսիսում գտնվող  Թեղուտ գյուղի մերձակա անտառը պահպանելու համար»: