02.06.2013 19:50

Լիսկայի թիկնապահ Զարզանդը Գորիսի սպանության գործով ձերբակալվածների թվում է

Լիսկայի թիկնապահ Զարզանդը Գորիսի սպանության գործով ձերբակալվածների թվում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվածների թվում է նաեւ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները:
Մինչդեռ, ոստիկանությունը ձերբակալվածների ու բերման ենթարկվածների անուններ դեռ չի հրապարակում: 
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Առուստամյանի վիճակը` կայուն ծանր:
Զարզանդ Նիկողոսյանը Լիսկայի «պատժիչ ջոկատի» ամենաերեւելի ներկայացուցիչն է: Նրա անունը կապվում է վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք աղմկոտ հանցագործությունների հետ: Մասնավորապես, մի քանի տարի առաջ Գորիս քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով  Զարզանդը ծեծեց Գորիսի դատավոր Ի. Բեգլարյանին ու մնաց անպատիժ, այնուհետեւ իր «անմիջական բոսսի»՝ Լիսկայի հրահանգով՝ ծեծեց վերջինիս որդու դասընկերոջը և դարձյալ մնաց անպատիժ:
2012-ի դեկտեմբերին Քաջարան քաղաքում տեղի ունեցած սպանությանը նրա անմիջական մասնակցության մասին տեղի բնակիչները նույնպես լավ տեղյակ են: Իսկ վերջին անգամ Զարզանդն աչքի է ընկել այս տարվա մարտի 27-ին, երբ նա Կապանում գտնվող գիշերային ակումբներից մեկում ծեծի էր ենթարկել մի քաղաքացու: Ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ այս դեպքում Զարզանդ Նիկողոսյանը քրեական պատասխանատվություն չի կրել: