04.06.2013 19:09

Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը (աղյուսակ)

Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը (աղյուսակ)

Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում են Դեղերի փորձագիտական կենտրոնի՝ դեղերի գների ուսումնասիրությունների արդյունքները: Հաղորդագրությունում մի քանի դեղերի անուններ են նշված, իսկ որպես ամփոփում՝ կարդում ենք. «Փորձագետների տվյալներով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել»:

Նախարարության հաղորդագրության մեջ նշված են հետևյալ դեղերի անունները. «Պրեստարիում 5մգ և 10մգ», «Պրեստարիում կոմբի արգինին», «Պրեստանս», «Նոլիպրել ֆորտե արգինին», «Դետրալեքս», «Պրեդուկտալ MR». «Էսենցյալե ֆորտե Ն», «Տաֆլոտան»: iLur.am-ը զրուցել է դեղատային ցանցերից մեկի տնօրենի հետ (անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում) ու պատահականության սկզբունքով տվել նախարարության հաղորդագրության մեջ նշված դեղերից 3-ը՝ խնդրելով տրամադրել այդ դեղերի՝ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում մեծածախ գները: Եվ այսպես, ներկայացնում ենք դեղատներում ընտրված դեղամիջոցների գների դինամիկան՝ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում: Մարտ և ապրիլի ամիսների տվյալներն ընգդծված են՝ ցույց տալու համար, թե որքանով են արժանահավատ ԱՆ ներկայացրած տվյալները՝ գների «անփոփոխ» մնալու մասով:

Դեղի անվանումը

Գինը (դրամ)

  Հունվար

  Փետրվար

   Մարտ

   Ապրիլ

   Մայիս

Աճը՝ մարտ-մայիսին %

Դետրալեքս  (60 հաբ)

5465

5738

5738

6142

7370

22,1

Նոլիպրել ֆորտե 

(30 հաբ)

5950

6250

6250

6250

6830

8,5

Պրեստանս  (30 հաբ)

7526

7526

7526

7526

8322

9,5

 

Նկատենք, որ ներկայացված գներով վերոհիշյալ դեղորայքն առաջարկում է մոտ 10 ներկրող ընկերություն: Սա, ըստ մեր աղբյուրի, եւս ունի իր բացատրությունը. նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են դեղեր ներկրող ընկերությունների տնօրենների հետ ու նրանց առջև պահանջ դրել՝ այսուհետ ներկրված դեղերը վաճառել այն գնով, որը սահմանում է «Նատալի Ֆարմը»: Հենց սա է պատճառը, որ դեղեր ներկրող բոլոր ընկերությունները դեղերի գները փոփոխության են ենթարկվում հավասար չափով՝ ոչ մի դրամ ավելի կամ պակաս:

Առողջապահության նախարարության հիշյալ հաղորդագրությունում նշվում է նաև, որ ուսումնասիրությունների  արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ):

Վերջինս այսօր «Կուրացիո» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար։ «Ա1+»-ի փոխանցմամբ, գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ընկերությունը կհայտնվի «սև ցուցակում» և 3 տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին։  Ավելի վաղ ՏՄՊՊՀ էր դիմել դեղորայքով զբաղվող «Բեյդի Սիմ» ընկերությունը, պնդելով, որ մրցակից «Կուրացիո» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների։

ՏՄՊՊՀ-ի՝  նման մասնավոր դեպքերում իրականացրած պատժիչ գործողութունները գուցե կարելի կլիներ բավարար համարել, եթե հանձնաժողովը մինչ այդ պատասխանած լիներ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ  դեղորայքի «մրցակցային» շուկայում բոլոր ընկերությունները միեւնույն գներն են սահմանում, եւ ո՞վ է ուղղորդում այդ գործընթացը: Ինչպես նաեւ հետաքրքրվեր այն հարցով՝ թե ինչու՞ է առողջապահական գերատեսչությունը դեղերի գների վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածում: