06.06.2013 17:11

Կրիշտիանու Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել «Ռեալին»

Կրիշտիանու Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել ակումբին` պահանջելով իր աշխատավարձը բարձրացնել մինչեւ տարեկան 18 միլիոն եվրո: Բացի այդ, ֆուտբոլիստը ցանկանում է իր անվան հետ կապված կոմերցիոն գործարքներից ստանալ եկամտի 60-100 տոկոսը:

Այդ պահանջները չկատարելու դեպքում Ռոնալդուն սպառնում է չերկարաձգել պայմանագիրը, որը գործում է մինչեւ 2015թ.:

Այս տեղեկություններից հետո եվրոպական առաջատար մարզական լրատվամիջոցները այսօր տեղեկացնում են, որ միանգամից մի քանի ակումբ` լսելով Ռոնալդուի դեմարշի մասին, նրա հետ բանակցություններ են սկսել: Մասնավորապես. «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Մոնակոն» պատրաստ են Ռոնալդուի հետ պայմանագիր կնքել եւ միայն դրա համար անձամբ ֆուտբոլիստին վճարել 60 միլիոն եվրոյի չափով պարգեւավճար:

Եթե Ռոնալդուն տեղափոխվի նոր ակումբ, ապա նրա աշխատավարձը կկազմի 23 միլիոն եվրո, ինչպես նաեւ նա իր անվան հետ կապված բոլոր գործարքների եկամուտները միանձնյա տնօրինելու իրավունք կստանա («Ռեալում» նա ունի ընդամենը 40 տոկոս):

Նշենք, որ մադրիդյան ակումբը Ռոնալդուին առաջարկում է մինչեւ 2018թ. գործող պայմանագիր, որտեղ նշված են այն պարգեւավճարները, որոնք ֆուտբոլիստը կստանա ոչ միայն գոլերի կամ տիտղոսների համար, այլ նաեւ` «Ոսկե Գնդակի»: