06.06.2013 20:15

Red Eagles ֆան շարժումը երթի կոչ է անում

Red Eagles ֆան շարժումը երթի կոչ է անում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Red Eagles ֆան շարժումը կոչով դիմել է ֆուտբոլասերներին.

«Հունիսի 7-ին, Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ուժերը չափելու է Մալթայի հավաքականի հետ: Չնայած նախորդ մի քանի փոքր-ինչ անհաջող ելույթների, մեր սիրելի հավաքականին սատարելը, մեր տղաների կողքին լինելը, հաղթական ոգին բարձացնելը պարտադիր է յուրաքանչյուր հայ ֆուտբոլասերի համար:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Red Eagles ֆան շարժումը կոչ է անում բոլոր ֆուտբոլասերներին հունիսի 7-ին՝ ժամը 17.00 միանալ Հանրապետության հրապարակից դիպի մարզադաշտ կազմակերպվող երթին: Երթը կուղեկցվի ֆուտբոլային երգերով, վանկարկումներով ու կոչերով, կայրվեն ճայթրուկներ՝ դեռևս մարզադաշտից դուրս ապահովելով ֆուտբոլային տրամադրություն: Երթի ընթացքում և մարզադաշտում ֆուտբոլասերներին սպասվում են անակնկալներ: Ֆան ակումբը կոչ է անում մասնակիցներին հագնվել կարմիր, իրենց հետ ունենալ եռագույն դրոշներ և ֆուտբոլային ատրիբուտիկա: Հունիսի 7-ին բոլորս դեպի Հանրապետական մարզադաշտ՝ որպես տասներկուերորդ խաղացող ոգևորելու մեր տղաներին և նրանց հետ միասին կերտելու մեր ֆուտբոլի համար կարևոր ևս մեկ հաղթանակ», նշված է ֆան շարժման տարածած հայտարարության մեջ: