07.06.2013 20:34

ՄԻՊ. Ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են

ՄԻՊ. Ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են

Մարդու իրավունքների պաշտան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՄԻՊ գրասենյակի նախաձեռնած «Խտրականության դեմ» օրենքի նախագծի վերաբերյալ որոշ մեկնաբանությունների

«Վերջին օրերին առանձին անհատներ փորձում են հասարակությունում ձևավորել անհանգստություն և մտայնություններ, որ իբր ԱԺ-ում շրջանառվում է մի նախագիծ, որը տարածում է այլասերվածություն, միտված է քայքայել ազգային պատկերացումները և ավանդական ընտանիքի հենասյուները: Օրենքի մշակման աշխատանքների ամենավաղ փուլում ես հանդիպել եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ներկայացրել գաղափարը, նախագծի մշակման նպատակը և նախագծի առաջնային տեքստը», - նշում է Կարեն Անդրեասյանը:

Ըստ Պաշտպանի, Գարեգին 2-րդը որոշ առաջարկներ եւ կարծիքներ է արտահայտել օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ներառվել են օրենքի նախագծման գործընթացում:  

«Վստահեցնում ենք, որ հայ ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են ու անտեղի և որևէ աղերս չունեն սույն օրենքի նախագծի հետ: Ապատեղեկատվություն է նաև այն, որ օրինագիծը գտնվում է ԱԺ- ում: Դրան հասնելու համար դեռ ամիսների, եթե ոչ տարիների աշխատանք կա», - նշում է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքի մշակման նախաձեռնությունն իրականացվում է ներքին աշխատանքային կարգով:

Ըստ Պաշտպանի. օրենքի նախագիծը նախատեսում է կյանքի, աշխատանքի, անվտանգության և առողջության պաշտպանության ապահովումը կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչների, ընչազուրկների և բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում գործատուների կամ պետական մարմինների խտրական և անօրինական գործողությունների պատճառով: