10.06.2013 21:13

Լիզա Ճաղարյան. Քնեցի-վեր կացա ու մեկ էլ՝ Ֆիդելին հիշեցի

Լիզա Ճաղարյան. Քնեցի-վեր կացա ու մեկ էլ՝ Ֆիդելին հիշեցի

«Գնացեք Կիեւ եւ հարցրեք», թե 1959 թվականից Կուբայի վարչապետ, 1976-ից մինչեւ 2008-ը երկրի միանձնյա ղեկավար (մինչ օրս կշարունակեր ղեկավարել, եթե ծանր չհիվանդանար) Ֆիդել Կաստրոն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը: «Կիեւում» ձեզ անպայման կասեն, որ նա բոցաշունչ հեղափոխական էր, Էռնեստո Չե Գեւարայի հետ ուս ուսի պայքարում էր Կուբայի նախագահ, բռնապետ Բատիստայի դեմ, 1953-ին ձերբակալվել էր, երկու տարի հետո համաներմամբ ազատ արձակվել եւ շարունակել պայքարը՝ աներեր, անխոնջ եւ անհողդողդ: Ի դեպ, մինչ Կուբայի տերուտիրական դառնալը Կաստրոն «Նյու Յորք թայմս»-ի լրագրողին տված հարցազրույցում ասել էր. «Իշխանությունն ինձ չի հետաքրքրում: Հաղթանակից հետո կվերադառնամ իմ հայրենի գյուղ եւ կզբաղվեմ փաստաբանական գործունեությամբ»:

Ի վերջո, հեղափոխությունը հաղթանակեց Կուբայում, եւ ազատության համար մարտնչող Ֆիդելը, որն անկրկնելի հռետոր էր (իր այդ տաղանդի համար նա հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում), չվերադարձավ իր հայրենի գյուղ, Չե Գեւարայի նման չհրաժարվեց պաշտոնից, այլ ծունկը դրեց Կուբայի կոկորդին «հավիտյանս հավիտենից» եւ սկսեց հավեսով խեղդել բոլորին, ովքեր չէին մոռացել ու չէին ուզում մոռանալ «ազատություն» բառը:

Մինչ հաղթանակը մտածու՞մ էր բոցաշունչ հեղափոխականը, որ կառչելու է իշխանությունից ու չի պոկվելու ոչ մի գնով, նախապես ծրագրե՞լ էր նախկին քաղբանտարկյալը, որ բանտերն է լցնելու իր նման չմտածողներին, որ իր սիրելի հայրենիքը դարձնելու է Սովետական Միության նման աղքատ ու ողորմելի բռնապետություն: Դժվար թե:

Ավելին. վստահ եմ, որ իր իշխանության առաջին օրից մինչեւ վերջին օրը նա համոզված է եղել, որ ինչ անում է՝ ճիշտ է անում, իր ցանկացած քայլ միմիայն իր թանկագին Կուբայի ժողովրդի բարօրության համար է, եւ ինքը ոչ մի գնով չի հրաժարվում իշխանությունից, որովհետեւ կասկած չունի, որ իրենից խելացի ու իմաստուն արարած չկա երկրի վրա ու երկնքում:

Ինչու՞ հիշեցի յոթ սարից այն կողմ, յոթ ձորից այն կողմ գտնվող, արդեն մի քանի տարի մահվան դեմ հեղափոխականի համառությամբ կռիվ տվող զառամյալ Ֆիդելին: Նախ՝ հիշեցի, որովհետեւ այս մարդու անցած ճանապարհն, ըստ իս, ամենաթարմ եւ ամենացայտուն նմուշն է խոսքի եւ գործի տարբերության: Երկրորդ՝ հիշեցի եւ հիշեցրի, որովհետեւ էդ մարդն ախր ծանր հիվանդ է, ժողովրդական լեզվով ասած՝ էսօր-էգուց ա:

Եթե որեւէ Հայաստանի քաղաքացի իր շրջապատում մտովի փնտրեց ու գտավ Ֆիդել Կաստրոյին հիշեցնող քաղաքական գործչի (անշուշտ, անհամեմատ համեստ ունակություններով), իր պրոբլեմն է:

Լիզա Ճաղարյան