10.06.2013 22:37

Դեսպան. Իրանը դասեր է քաղել 2009 թ. նախագահական ընտրություններից

Դեսպան. Իրանը դասեր է քաղել 2009 թ. նախագահական ընտրություններից

Իրանը դասեր է քաղել 2009 թ. նախագահական ընտրություններից և այս անգամ թույլ չի տա չորսամյա վաղեմության իրադարձությունների և խախտումների կրկնությունը, երկուշաբթի կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին:

 Ըստ դեսպանի՝ 2009 թ. արևմտյան հատուկ ծառայությունները ջանում էին Իրանի ժողովրդին պարտադրել «իրենց» թեկնածուին: «Դա հզոր սցենար էր, որը մշակել էին Իրանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված երկրների հատուկ ծառայությունները»,- ասել է դեսպանը: Նա նշել է նաև, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Իրանը մտադիր չէ փոխելու իր միջուկային քաղաքականությունը, փոխանցում է Trend-ը:

Մահմուդ Ռեզա Սաջաբին նաև հայտարարել է, թե Իրանի իշխանությունները նախագահական ընտրություններում միջազգային դիտորդների ներկայության իմաստը չեն տեսնում: Ըստ նրա՝ շատ հաճախ այնպես է ստացվում, որ դիտորդները «ժամանում են ոչ թե մեր, այլ արտասահմանյան պետությունների շահերը պաշտպանելու նպատակով»: Դեսպանը նշել է, որ Իրանում են գտնվում արտասահմանյան ԶԼՄ-ների 120 ներկայացուցչություններ և գրեթե 200 արտասահմանյան թղթակիցներ: «Կարծում եմ՝ ԶԼՄ-ներն արտասահմանյան պետությունների կողմից շատ լավ դիտորդներ են»,- ըստ Interfax-ի՝ ասել է դիվանագետը: