12.06.2013 03:54

Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Դանիայում

Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Դանիայում

Հայաստանի հավաքականը խոշորագույն սենսացիայի հեղինակ դարձավ՝ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում 4:0 հաշվով հաղթելով Դանիայի հավաքականին:

Թեկուզ 10 անգամ էլ կրկնենք հաշիվը, միեւնույն է, 4:0 է: Պարզապես անհավատալի է, որ ընդամենը չորս օր առաջ այս նույն հավաքականը սեփական հարկի տակ պարտվել էր 0:1 հաշվով Մալթային եւ համազգային անարգանքի սյունին գամվել: Անհավատալի է, որ խմբային մրցաշարի նախորդ 5 խաղերում մեր հավաքականը ընդամենը 2 գոլ էր խփել, իսկ այժմ միանգամից չորս:

Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում մեր հավաքականի այս երկու խաղերը: Մալթայի հետ հանդիպման ժամանակ մեր տղաները 82 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալիները, իսկ դանիացիների դարպասը արդեն 20-րդ վայրկյանին արդեն Մովսիսյանը գնդակ ուղարկեց: Իսկ հետո գնաց...

Բոլորովին այլ հավաքական տեսանք այսօր: Իհարկե, սա դեռ այն հավաքականը չէ, որ հիացնում էր երկու տարի առաջ, բայց սա հաստատ այն հավաքականն էր, որը Սլովակիային հաղթեց 4:0 հաշվով եւ զարմացրեց ամբողջ Եվրոպային: Այս անգամ այլ տրամադրվածությամբ էր խաղում մեր հավաքականը: Կարելի է առաձնացնել մի քանիսին. Վարազդատ Հարոյանին, որը առաջին քայլերն է կատարում հավաքականում, սակայն գերազանց եւ սառնասիրտ կատարեց իր աշխատանքը:  Եդիգարյանը կենտրոնում հսկայական ծավալի աշխատանք կատարեց, Մովսիսյանը ցույց տվեց, թե ինչու է դարձել Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու, Մխիթարյանը իր ֆանտաստիկ գոլով ցույց տվեց, թե ինչու է Եվրոպայի հալալ կեսը ցանկանում նրան իր գրանդ ակումբներում տեսնել եւ որին «Պարկեն» մարզադաշտում ծափահարեցին դանիացիները: Օզբիլիզը... խոսք չկա, խաղաց այնպես, ինչպես պիտի խաղար. որոշ դրվագներում Օզբիլիզը թիմի առաջատարի դեր էր կատարում եւ պետք է ասել, որ բավական հաջող:

Չէինք ցանկանա այս մի խաղի հիման վրա մեծ հետեւություններ անել: Դեռ թարմ են Մալթայից կրած պարտության վերքերը: Ակնհայտորեն, դանիացիներն էլ այդ խաղի հաշվի հիման վրա թերագնահատել էին մեր հավաքականին, որոշել մի կես ոտքով խաղալ եւ դաժանորեն պատժվեցին: Ի դեպ, եթե հավատանք վիճակագրութւանը, սա սեփական հարկի տակ դանիացիների կրած ամենախոշոր պարտությունն էր վերջին 100 տարում: Բոլոր դեպքերում, սա պատմական հաղթանակ էր եւ այն դեռ երկար կհիշվի:

Այս հաղթանակից հետո B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հավաքեց 6 միավոր՝ հավասարվելով դանիացիներին: Իտալիան ունի 14 միավոր, Բուլղարիան՝ 10, Չեխիան՝ 9, իսկ Մալթան՝ 3: B խմբի բոլոր թիմերն անցկացրել են 6-ական հանդիպում:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Չեխիայում: Դանիացիներին հաղթելուց հետո չեխերի հետ խաղը բոլորովին այլ կարգավիճակ է ստանում: Զինվենք համբերությամբ եւ սպասենք:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

B խումբ Դանիա – Հայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արաս Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

Հայաստան . Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):