13.06.2013 12:31

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի  հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հայցային վաղեմության հիմքով: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Ըստ հայցվորի, Ռ.Հայրապետյանը օգոստոսի 11-ին Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում «անվայելուչ վիրավորանքներ, զրպարտող, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ և սպառնալիքներ» էր հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, ինչով արատավորել էր իր պատիվն ու արժանապատվությունը:

Ըստ հայցվորի՝ հարցազրույցում Ռ. Հայրապետյանի «այ ճիճու», «մինչև մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու» և այլ արտահայտությունները արատավորել են իր բարի համբավն ու արժանապատվությունը: