13.06.2013 14:19

Վլադիմիր Կարապետյան. Ինչ անել, կամ մի քանի նկատառումներ ընտրություններում հաղթելու վերաբերյալ

Վլադիմիր Կարապետյան. Ինչ անել, կամ մի քանի նկատառումներ ընտրություններում հաղթելու վերաբերյալ

Նախորդ հոդվածում փորձեցի ներկայացնել իմ եւ ընտրությունների քարոզարշավին եւ բուն գործընթացին անմիջապես մասնակցած գործընկերներիս դիտարկումները ԱԺ, նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրությունների մի շարք առանձնահատկությունների վերաբերյալ:

Այժմ անդրադառնանք այն անելիքներին, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են հաջողության հասնելու համար.

1. Քաղաքական մթնոլորտի թեժացում

Սա այն է, ինչ արել էր Լ. Տեր-Պետրոսյանը 2007թ. սեպտեմբերից սկսած, և ինչը հրապարակ բերեց տասնյակ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Քաղաքական իրավիճակի լարումը շարունակվեց ընդհուպ մինչեւ 2008 թ. փետրվարը, իսկ ընտրություններում կեղծիքներից հետո այն ավելի մեծ թափ ստացավ: Նման հասարակական վերելք ընդդիմությունը չկարողացավ ապահովել ԱԺ ընտրություններից առաջ: Պատճառները մի քանիսն էին. դրանցից հիմնականները հետեւյալն էին.

- Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած բազմահազարանոց ցույցերի գագաթնակետը տեղի ունեցավ 2011 թ. վաղ գարնանը, եւ այդ բարձրակետը որոշակի վայրէջք ապրեց աշնան շուրջօրյա նստացույցից հետո: Այդ պայմաններում բողոքի նոր ալիք չհաջողվեց բարձրացնել ԱԺ ընտրություններից առաջ,

- Կոնգրեսի որոշ առանցքային դեմքեր ներսից եւ հրապարակավ սկսեցին ընդդիմանալ շարժման որդեգրած քաղաքականությանը:

2. Քաղաքական համախմբում

Քաղաքական հեղինակավոր դերակատարների հետ ընտրություններին համախմբված մասնակցելը ամենահամոզիչ ձեւն է ընտրություններից առաջ ժողովրդին ներկայանալու եւ ընտրողների վստահությունը հայցելու համար: Դա նաեւ ամենաարդյունավետ միջոցն է ժողովրդի  մոբիլիզացիային հասնելու համար: Խոսքն, իհարկե, հիմնական քաղաքական ուժերի մասին է, նրանց, ովքեր ունեն մարդկային, գաղափարական եւ այլ ռեսուրսներ` պայքար մղելու եւ հաղթական ավարտին այն հասցնելու համար: Մեկօրյա կամ նույնիսկ մի քանի ամսվա կյանք ունեցող կուսակցությունների` ընդդիմության միասնաբար հանդես գալու ջանքերին ընդդիմանալը որեւէ նշանակություն չի ունենա: Արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ ընտրություններից առաջ ասպարեզ են դուրս գալու հավակնոտ, բայց ինստիտուցիոնալ առումով թույլ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ոչ այդքան իշխանությանն են քննդատելու, որքան հարվածելու են համախմբված ընդդիմությանը: Սակայն եթե խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական ուժերը կարողանան գալ ընդհանուր հայտարարի, երկրորդական այդ ուժերը չեն կարողանա մեծ վնաս հասցնել: Միեւնույն ժամանակ՝ դրանցից ոմանց հնարավոր միացումը մեծ համախմբանը միայն նոր հույսեր կարթնացնի ընտրողների շրջանում՝ ավելացնելով հաղթելու շանսերը:   

Քաղաքական համախմբան հասնելու ճանապարհին ամենամեծ մարտահրավերները հետեւյալն են.

- իշխանությունների պառակտիչ գործողությունները: Այսօրվանից սկսած՝ իշխանություններն անում են հնարավորը՝ վիժեցնելու համար ցանկացած համախմբման գործընթաց: Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, ՀՀԿ-ի այս տիպի ոչ կառուցողական գործողությունների արդյունավետությունը նվազում է;

- քաղաքական ուժերի/գործիչների ամբիցիաները: Այստեղ կարելի է հիշել ԱԺ, այնուհետեւ՝ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսում նոր թափ առած կենտրոնախույս գործընթացները, երբ Կոնգրեսի առաջատար որոշ գործիչներ, չկարողանալով իրենց դիրքորոշումը անցկացնել Կոնգրեսի ներսում, հրապարակային քննադատության ենթարկեցին Կոնգրեսի որդեգրած քաղաքականությունը` ապակողմնորոշելով եւ հուսահատության մատնելով փոփոխությունների ձգտող մեր համակիրներին: Նման քայլերը հատկապես թուլացրին հիմնական ընդդիմադիր ուժին ճակատագրական` ԱԺ ընտրություններից առաջ:

Իշխանություններն անելու են հնարավորը՝ նույն պատկերին հասնելու համար.  եթե ընդդիմությունը կրկին մասնատված լինի, ապա ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններին իշխանության կիրառված մեթոդները կապահովեն նրանց շարունակական վերընտրությունը:

Մինչեւ երրորդ նախապայմանին անդրադառնալը՝ հարկ եմ համարում հիշեցնել Վրաստանի օրինակը: Դեռեւս 2011 թ. Վրաստանի ընդդիմությունը ավելի քան թույլ էր եւ մասնատված: Քաղաքական դաշտում որոշակի դերակատարություն ունեին ընդդիմության դրոշի ներքո հանդես եկող, իրականում՝ իշխանությանը ծառայող քաղաքական ուժերը: Եւ ահա, նույն թվականի աշնանը քաղաքական ասպարեզ դուրս եկած Բ. Իվանիշվիլին անմիջապես առաջնային խնդիր դրեց ընդդիմության համախմբումը (զուգահեռ`բացահայտելով ընդդիմության ականներին) եւ քաղաքական մթնոլորտի թեժացումը, ինչը գագաթնակետին հասավ ընտրությունների օրը: Բազմահազարանոց, կազմակերպված ցույցերը նաեւ ուղերձ էին իշխանությանը, թե ընտրությունները կեղծելով՝ որեւէ հարց չի լուծվելու, եթե անգամ ինչ-ինչ թվեր նկարվեին: Ապահովելով նշվածս երկու նախապայմանները՝ վրացական ընդդիմությունը ձեռնամուխ էր եղել՝

3. Քարոզիչների բանակի ընդլայնմանը եւ բնակչության հետ երկարատեւ ու համակարգված աշխատանքին

Նախորդ հոդվածում մանրամասնվել էր, թե ինչպիսի աշխատանք է տարել իշխանությունը բնակչության շրջանում: Տեսնելով, որ նախկին ռեսուրսները` ընտրատեղամասում բացահայտ խախտումները, չեն աշխատում, զգալով որ Հայ ազգային կոնգրեսը ապահովել է հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց բանակի աչալուրջ աշխատանքը ընտրատեղամասերում, տեղեկանալով, որ ընտրախախտումները կանխելու նպատակով լինելու է համագործակցություն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, ՀՀԿ-ն կենտրոնացավ ընտրատեղամասից դուրս ընտրակաշառք/ճնշումներ/հորդորներ պայմանական անվանմամբ լայնածավալ գործողությունների վրա:

Քանի որ ընտրությունների քաղաքական բաղադրիչը նվազեցրած էր, եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա ընտրություններին նույնպես շեշտը դրվելու է յուրաքանչյուր ընտրողի «սիրտը շահելու» քաղաքականության վրա, ընդդիմությանը այլ բան չի մնում, քան մանրակրկիտ եւ արդյունավետ աշխատանքով ապահովել քվեների մեծամասնությունը: Դա միանշանակորեն պետք է արվի երկու վերոնշյալ նախապայմաններին` քաղաքական մթնոլորտի թեժացմանը եւ համախմբմանը զուգահեռ: Այդ դեպքում ընդդիմության ցանկացած քարոզչի աշխատանքը մի քանի անգամ ավելի նպատակային եւ արդյունավետ կլինի, իսկ ընտրողը կհասկանա, որ այս թիմի  տրամադրվածությունը շատ լուրջ է, եւ հաղթանակն էլ`անխուսափելի:

Չկա եւ որեւէ կասկած, որ ընդդիմության քարոզիչների արդյունավետությունը լինելու է շատ ավելի բարձր, քան ՀՀԿ-ի, եւ ահա թե ինչու. ամենակարեւոր եւ ամենասպասված ուղերձը, որ պետք է հասցնի յուրաքանչյուր քարոզիչ` փոփոխությունների ուղերձն է: Այսօր դեռ վաղ է խոսել քարոզչական այլ շեշտարումների մասին. վստահությամբ կարելի է պնդել, որ այս ռեժիմը չունի ինտելեկտուալ, գաղափարական բավարար ռեսուրսներ՝ իրավիճակը կտրուկ փոփոխելու համար, հետեւաբար՝ ընդդիմությունը առարկայական ասելիքի պակաս չի ունենա: Այդ քարոզչությունը պետք է մտնի յուրաքանչյուր տուն, ոչ թե դռան շեմին մեկ-երկու րոպեանոց զրույցի տեսքով, այլ հիմնավոր հանդիպումներով, հարկ եղած դեպքում`կրկնվող: Նման լայնածավալ քարոզչություն իրականացնելու համար հարկ է ունենալ յուրաքանչյուր ընտրատարածքի համար առնվազն 2-3 հոգուց բաղկացած թիմ: Սա, թերեւս, ոչ պակաս բարդ խնդիր է, սակայն միանգամայն լուծելի, հատկապես՝ քաղաքական համախմբան պայմաններում: Փոխլրացումը, մարդկային ռեսուրսների/քարոզիչների համաչափ բաշխումը հնարավորություն կընձեռի ծածկել Հայաստանի բոլոր ընտրատարածքները:

Կարծում եմ՝ կարիք չկա հատուկ անդրադառնալ  ընտրությունների այլ առանցքային դերակատարների` ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց անելիքներին՝ հաշվի առնելով, մասնավորապես, Կոնգրեսի հանձնաժողովների անդամների՝

ա. առկա փորձը եւ նրանց համար պարբերաբար կազմակերպվելիք դասընթացները;

բ. նրանց պարտադիր ներգրավվածությունը քարոզչական խմբերի մեջ:

4. Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունները

Այս հարցում Հայ ազգային կոնգրեսը ունի համագործակցության մեծ դաշտ ոչ իշխանական բոլոր ուժերի հետ: Կա նաեւ համագործակցության փորձ` երբ նախագահական ընտրություններից առաջ ոչ իշխանական բոլոր ուժերը պաշտպանեցին Կոնգրեսի նախաձեռնությունը ԸՕ փոփոխությունների վերաբերյալ: Մեծագույն ռեսուրս են նաեւ միջազգային հանրության կոչերը/պահանջները իշխանություններին՝ ԸՕ փոփոխությունները իրականացնելիս հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո հրապարակված Վերջնական զեկույցներում առկա հանձնարարականները: Դրանցից մի քանիսը վերաբերում են ընտրացուցակների խնդրի կարգավորմանը՝ այնպես, որ բավարարեն ընտրություններում մասնակցող բոլոր հիմնական ուժերին: (խմբ.-iLur.am-ը պատրաստում է վերլուծական` նվիրված միջազգային հանրության եւ, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պահանջներին՝ ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ):

Բոլոր այս գործողությունները/նախապայմանները պետք է ուղեկցվեն հզոր քարոզչական աջակցությամբ: Բնակչությունը ընտրություններից մեկ տարի առաջ պետք է սպասելիս լինի քաղաքական փոփոխություններին, յուրաքանչյուրի համար պետք է տեսանելի լինեն թափանցիկ (որքան հնարավոր է) կոնսուլտացիաները քաղաքական ուժերի միջեւ,  ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրողները պետք է տեսնեն տեղերում շտաբների ամրապնդման գործողությունները, ծանոթանան դրանց մասնակցելու հնարավորություններին:

Վերջաբան

Իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ անցկացնել ազատ, արդար, քաղաքական ընտրություններ: Նրանց այլ բան չի մնում, քան կաշառքով, ահաբեկելով, ծանոթ-բարեկամ մեջ բերելով ՝անցկացնել տնավարի ընտրություններ: ՀՀԿ գոյության հիմքում Հայաստանը ավելի թույլ, խոցելի, արեւելյան ավանդույթների գերի դարձնելն է եւ  համատարած կաշառված հասարակություն ունենալը: Այլ կերպ ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ն մնար իշխանության: Նորմալ ընտրությունների արդյունքում ո՞նց կարող է քաղաքացին քվեարկել 20 տարվա պաշտոնավարման ընթացքում գեթ մեկ օտար լեզու չսովորած անձանց, հինգ տարվա պաշտոնավարման ընթացքում գեթ մեկ մամուլի ասուլիս չտված պետական պաշտոնյաներին, տասը մարդկանց սպանությունների գնով իշխանությունը զավթած անձնավորության, կոռուպցիայի դեմ մեղադրանքներին պատասխաններից խուսափող, պետական պաշտոնները զավակներին, եղբայրներին եւ փեսաներին ծառայեցնող ՀՀԿ թեկնածուների օգտին: Վերլուծելով այս ամենը՝ կարելի է վստահ լինել, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում իրականացնել որեւէ արմատական  բարեփոխում, քանզի յուրաքանչյուր ազատականացում, առաջընթաց, եվրոպական արժեհամակարգի ներդրում բերելու է ՀՀԿ դիրքերի թուլացման:

Միեւնույն ժամանակ՝ այս ձեւով ընտրությունները չեն կարող երաշխավորել իշխանության վերարտադրությունը: Հերթական, առավելեւս՝ արտահերթ ընտրությունների շեմին ժողովրդի, մեղմ ասած, հոգնածությունը Հանրապետական կուսակցությունից կհասնի գագաթնակետին: Վերջինս կհաղթի միայն թույլ թեկնածուներին, այն թիմերին, ով չունի 2000 հանձնաժողովի անդամ եւ 2000 վստահված անձ, չունի 5000 հոգի, որ կիրականացնի մանրակրկիտ քարոզչություն մոլոր քաղաքացիների հետ: Հայ ազգային կոնգրեսի առաջնային խնդիրը պետք է լինի մինչեւ ընտրությունները այդ ռեսուրսի հավաքագրումը:

Կարծում եմ՝ որեւ է մեկը չի կասկածում, որ եթե տեղի ունենան հերթական ընտրություններ, միայն մի քանի, նույնիսկ՝ բազմամարդ հանրահավաքով անհնարին է ունենալ եւ գրանցել ընդդիմության օգտին քվեարկած ավելի շատ քվեաթերթիկներ: Խաղի կանոնները ներդրել է իշխանությունը, բայց այս խաղում նրա հաղթելու հավանականությունը գնալով քչանալու է: Ընդդիմությունը պետք է ընդունի մարտահրավերը եւ պատրաստվի ընտրություններին` հաղթելու հավատամքով:

Վլադիմիր Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրես

Հ.Գ. Այս ամենը, անկասկած վերաբերում է հերթական ընտրություններին: Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, իշխանությունների համատարած ձախողումները միանգամայն հավանական են դարձնում, որ ՀՀԿ-ն չի քաշի մինչեւ 2017 թ.: Համախմբված, մշտապես ակտիվ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ստանձնելու պատասխանատվությունը՝ երկրում արտահերթ զարգացումների դեպքում: