08.10.2012 20:31

Ջուլիան Ասանժի երաշխավորները ստիպված կլինեն վճարել գրավը

Ջուլիան Ասանժի երաշխավորները ստիպված կլինեն վճարել գրավը

Ջուլիան Ասանժի ինը կողմնակիցներին, որոնք գրավի դիմաց նրան ազատ արձակելիս հանդես են եկել որպես երաշխավորներ, պարտավորեցրել են վճարել իրենց երաշխավորած գումարը՝ 93 500 ֆունտ սթեռլինգը, հաղորդում է  BBC News-ը: Բրիտանացի դատավոր Հովարդ Ռիդլն այդ վճիռը հրապարակելիս պարզաբանել է, որ Wikileaks-ի հիմնադիրը չի կատարել գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները և արդարադատությունից թաքնվել է Էկվադորի դեսպանատանը, ուստի երաշխավորները պարտավոր են պետությանը վճարել գրավը:  Երաշխավորների փաստարկներն այն մասին, թե իրենք չեն իմացել Ասանժի փախչելու ծրագրերի մասին, դատավորը չի ընդունել: Ըստ վերջինիս՝ եթե երաշխավորներն ուզում են պահպանել իրենց գումարները, ապա պետք է Ասանժին համոզեն հանձնվել ոստիկանությանը: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, նա Wikileaks –ի հիմնադրի կողմնակիցներին պարտավորեցրել է վճարել 3500-ից մինչև 15 հազար ֆունտ՝  ըստ երաշխավորության գումարի: Երաշխավորների անունները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց թվում կան հայտնի դեմքեր: Այնուամենայնիվ, 240 հազար ֆունտ սթեռլինգ գրավից ընդամենը 100 հազարն է վճարվել անմիջապես, իսկ մնացած գումարի համար որպես երաշխավորներ հանդես են եկել Ասանժի ինը կողմնակիցները: Դատարանի որոշման համաձայն՝ գումարը պետք է մուծվի 2012 թ. նոյեմբերի 6-ից ոչ ուշ: